Հայկական և միջազգային լրատվամիջոցները մարտի 24-ին հայտնեցին Չինաստանում «նոր» վիրուսով՝ հանտավիրուսով վարակման դեպքի մասին:
Մասնավորապես, 168.am-ը, Aysor.am-ը, shantnews.am-ը, Politik.am-ը և մի շարք այլ լրատվականներ հայտնեցին, որ այդ վիրուսից արդեն մարդ է մահացել:
«Չինական Յունան նահանգում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը։ Կենդանական ծագման վիրուսի բուժման համար դեղորայք չկա։ Բժիշկները խնդրում են խուճապի չմատնվել։ Նշվում է, որ բնակիչը մահացել է հանրային տրանսպորտում, որն ուղևորվում էր Շանդուն։ Այժմ բուժաշխատողները ստուգում են նույն ավտոբուսում գտնված մյուս ուղևորների առողջական վիճակը։ Նրանց շրջանում վարակվածների մասին դեռևս տեղեկություններ չկան»,- գրել է shantnews.am-ը։
Հատկանշական է, որ գրեթե բոլոր կայքերը հղում են արել Global Times-ի թվիթերյան գրառմանը, որում նշված չեն դեպքի հետ կապված այլ մանրամասներ:
«Երկուշաբթի Յունան նահանգից Շանդուն նահանգ գնալու ճանապարհին ավտոբուսում մի մարդ է մահացել։ Թեստով նրա մոտ հանտավիրուս է հաստատվել։ Թեստավորվել է ևս 32 մարդ, որոնք մահացածի հետ նույն ավտոբուսում են գտնվել»,- նշած է գրառման մեջ։
Բրիտանական Daily Mail-ը, իր հերթին, գրել է, որ սա նոր վիրուս չէ և ի տարբերություն համավարակի պատճառ դարձած նոր տեսակի կորոնավիրուսի՝ կարող է փոխանցվել մարդկանց շատ հազվագյուտ հանգամանքներում։
Այնուամենայնիվ, աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տասնյակ հազարավոր մահերը և վարակի տարածման արագությունը, պատճառ է դարձել, որ հանտավիրուսի մասին լուրը ևս տագնապի առիթ հանդիսանա։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել հանտավիրուսի մասին հայտնի պաշտոնական զեկույցները՝ հասկանալու, թե ինչ տեսակի վարակ է այն և արդյո՞ք նույնքան վտանգավոր է, որքան Covid-19-ը:
Պատմություն
Հանտավիրուսը (կամ օրթոհանտավիրուս) նոր վարակ չէ: Համանման հիվանդության մասին չինական աղբյուրներում հիշատակումներ կան 960 թվականից ի վեր: Մյուս հայտնի դեպքերը գրանցվել են 1913 թվականին Ռուսաստանում: Սակայն արևմտյան գիտնականների ուշադրության կենտրոնում հիվանդությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Կորեական պատերազմի ժամանակ (1950-1953 թթ.) վիրուսի 3200 դեպք գրանցվեց ամերիկյան և կորեական զորքերում: Համաճարակը բռնկվել էր Հարավային Կորեայի Հանտան գետի ափին, ինչի պատճառով էլ ստացել է այդ անունը:
Ամեն տարի հիվանդացության 150-200 հազար դեպք է գրանցվում ամբողջ աշխարհում, որի կեսը բաժին է հասնում Չինաստանին:
ԱՄՆ-ում այս վարակի գրանցման ամենահին դեպքը տեղի է ունեցել 1959 թվականին Յուտայում:
Ի՞նչ է հանտավիրուսը
Հանտավիրուսը կրծողների միջոցով տարածվող հիվանդություն է: Այս վիրուսի համար ռիսկային խմբում են գտնվում գյուղացիները, անտառապահները և բոլոր այն մարդիկ, որոնք իրենց գործունեության ընթացքում կարող են հանդիպել հանտավիրուսը կրող կրծողների:
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի՝ կա հանտավիրուսի մի քանի տեսակ: Դրանց բնույթը հիմնականում կախված է ծագման երկրի աշխարհագրական դիրքից և կրծողների տեսակից:
Հանտավիրուսի 3 համախտանիշ կա՝ հեմոռագիկ տենդ երիկամային սինդրոմ (հանդիպում է Եվրոպայում և Ասիայում), երիկամային անբավարարվածության հիվանդություն (տարածված է Եվրոպայում) և հանտավիրուսի թոքային համախտանիշ (հանդիպում է Ամերիկա աշխարհամասում):
Ըստ ԱՀԿ-ի՝ հանտավիրուսային թոքային համախտանիշը (հիվանդության այս տեսակը հատուկ է միայն Ամերիկա աշխարհամասին) հազվադեպ, բայց ծանր հիվանդություն է, որի պատճառ հանդիսացող վիրուսը կարող է փոխանցվել մարդուն վարակված կրծողների թքի, մեզի կամ արտաթորանքի միջոցով։ Այն, սակայն, չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:
Հանտավիրուսի առաջին ախտանիշներն են տենդը, մկանային և/կամ ստամոքս-աղիքային ցավերը: Այդ ախտանիշները կարող են շատ արագ վերածվել կյանքի համար վտանգավոր հիվանդության:
Հանտավիրուսի ախտանիշերը ի հայտ են գալիս 2-4 շաբաթվա ընթացքում:
Պատվաստանյութ կամ հատուկ բուժում այս վիրուսի դեպքում չկա, սակայն հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է դանդաղեցնել դրա զարգացումը:
Հիվանդությունների կանխարգելման եվրոպական և ամերիկյան կենտրոններն ընդգծում են՝ մարդուց մարդ հանտավիրուսի տարածումը քիչ հավանական է: Սա նշանակում է, որ այս վիրուսը նույնքան արագ չի կարող տարածվել, որքան նոր տեսակի կորոնավիրուսը: Այն միայն հնարավոր է կրծողների հետ անուղղակի շփման դեպքում:
Չինաստանում հանտավիրուսից մահացած անձի հետ ավտոբուսում գտնվող ուղևորների թեստերի արդյունքների մասին միջազգային մամուլը դեռևս չի հայտնել:
Այսպիսով, Չինաստանում «նոր» վիրուս չի տարածվել, բացի այդ՝ հանտավիրուսից մահացության դեպքը նոր համավարակի հիմք չի կարող լինել՝ հաշվի առնելով դրա տարածման յուրահատկությունները:
Լուսինե Ոսկանյան