Վերջին օրերին հայկական մամուլը ողողված է հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ մեկնաբանություններով եւ վերլուծություններով։
Այս միտման տեղեկատվական առիթը ՌԴ կառավարության ընդունած որոշումն էր, որով ՌԴ նախագահին առաջարկում է հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը» (ինչը հավանության արժանացավ նախագահ Պուտինի կողմից):
Հայաստանում այս տեղեկատվությունն ընկալվեց որոշակի ապակողմնորոշմամբ։ Տեղեկություններ տարածվեցին, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի ցամաքային բաղադրիչն իր մեջ ներառում է ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսը։
Այս տեղեկատվությունը հայկական վերլուծական-փորձագիտական շրջանակում ստեղծեց իրականում կեղծ խառնաշփոթ։ Բանն այն է, որ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայող Ձորում, իրականացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի պահպանությունը Նախիջեւանի հատվածում։ Այս կորպուսի եւ ռուսական ռազմաբազայի միացումը կարող էր նշանակել, որ ռուս զինծառայողները կհայտնվեն հայ-ադրբեջանական սահմանին, ինչը լրջագույնս կփոփոխեր աշխարհաքաղաքական դասավորվածությունը տարածաշրջանում։
Այնինչ, տեղեկատվությունը, թե հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմում ներառված է 4-րդ կորպուսը, ընդամենը թյուրըմբռնման արդյունք է։ Իսկ իրականում հայ-ռուսական միացյալ զորախմբում ներառվելու է 5-րդ բանակային կորպուսը, որի ուղղությունը արեւմտյանն է (Թուրքիայի հետ սահմանը):
Բանն այն է, որ 2016 թ. հուլիսից միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հենց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի նշանակումն էր միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնում, որ առաջացրել էր թյուր տեղեկատվությունը, թե 4-րդ կորպուսն է ներառված միացյալ զորախմբում։