Հուլիսի 6-ին Երևանում կայացած ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկմանը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հայտարարել էր, որ «Հայաստանի անդամակցությունը դրական ազդակ է հաղորդել Հայաստանի և Բելառուսի երկկողմանի հարաբերություններին, որոնք առանց այդ էլ դրական բնույթ ունեին»: Որպես օրինակ նա բերել էր վերջին տարիներին Հայաստան-Բելառուս առևտրի աճը:
Այդուհանդերձ, Հայաստանի և Բելառուսի միջև առևտրի աճի մասին այս պնդումը բազմաթիվ կասկածներ է հարուցում: Ըստ ՀԵՏՔ-ում վերջերս հրապարակված հետազոտության՝ Հայաստանից Բելառուս այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արտահանվել է 1.7 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25.5%-ով ավելի քիչ։ Ավելին, 2015 թվականին Հայաստանից դեպի Բելառուս արտահանումն արդեն իսկ կրճատվել էր 39․6%-ով:
Ուշագրավ է նաև, որ Բելառուսի մասնաբաժինը 2016 ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառության մեջ չնչին է՝ ընդամենը 3․6%, իսկ Հայաստանի մասնաբաժինը Բելառուսի համար 0.2% է:
Բացի այդ, Հայաստան-Բելառուս դիվանագիտական հարաբերությունները վերջին երկու տարիներին երկու դիվանագիտական սկանդալի են բախվել: Առաջինը 2016թ․ ապրիլյան պատերազմի ընթացքում Բելառուսի ադրբեջանամետ հայտարարությունն էր, որի համար Բելառուսի դեսպանին անգամ ԱԳՆ էին հրավիրել բացատրություններ տալու համար: Երկրորդն արդեն այս տարի էր, երբ Արցախի ինքնիշխանությունը ճանաչելու կոչեր արած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից Բաքու արտահանձնեցին: Այս ընթացքում բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկան իշխանության ներկայացուցիչները, իսկ ընդդիմությունը նույնիսկ բողոքի ակցիա կազմակերպեց Բելառուսի դեսպանատան առջև։
Հետևաբար, Հայաստանում Բելառուսի դեսպանի՝ հայ-բելառուսական դրական հարաբերությունների մասին հայտարարությունը, մեղմ ասած, իրականությունից կտրված է: