Տավուշի մարզի Բերդի (նախկին Շամշադինի) շրջանում հուլիսից 12-ից սկսված հայ-ադրբեջանական բախումների առաջին օրերին լուրեր տարածվեցին, որ հայկական կողմը գրավել է ադրբեջանական դիրք(եր)։ Այս լուրն այդպես էլ պաշտոնապես ո՛չ հաստատվեց, ո՛չ էլ հերքվեց։ Խոսակցություններ տարածվեցին նաև, որ հայկական կողմը բարձունք է գրավել։ Հուլիսի 17-ին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական զինված ուժերը բարձունք չեն գրավել։ Նա որևէ հստակ բան չասաց դիրք գրավելու մասին։
Nagorno Karabakh Observer անկախ հետազոտական կայքը դեռ հուլիսի 14-ին տեղորոշել էր այն դիրքը, որից հայկական կողմը նկարահանել էր ադրբեջանական ՈւԱԶ-ի հայտնի տեսանյութը։ Ըստ կայքի՝ այդ դիրքը գտնվում է ադրբեջանական Աղդամ և հայկական Մովսես գյուղերի միջակայքում։
Իսկ արդեն հուլիսի 16-ին, երբ Պաշտպանության նախարարությունը հրապարակեց ադրբեջանական զինվորների դիերի հեռացման տեսանյութը և լուսանկարները, Nagorno Karabakh Observer-ը նշեց, որ այդ տարածքում գտնվող դիրքն է գրավել հայկական կողմը։ Դիրքը գտնվում է Ղարադաշ կամ Սև(ա)քար անունով հայտնի բարձունքի վրա։ Պաշտպանության նախարարության կողմից այն ստացել է «Անվախ» անվանումը և գտնվում է հետևյալ աշխարհագրական կոորդինատներում՝ 40.904468, 45.527870։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում է գտնվում այդ նոր («Անվախ») դիրքը: Ընդհանրապես, Տավուշի մարզում հայ-ադրբեջանական դե ֆակտո սահմանը որոշ հատվածներում էապես տարբերվում է դե յուրե ճանաչված սահմաններից։ Ըստ 1932 թվականին Խաչատուր Ավդալբեգյանի կողմից կազմված Խորհրդային Հայաստանի քարտեզի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանը Մովսես գյուղի հատվածում անցնում է Քարաբաշ կամ Քարաբաղ գագաթով, որը նույն Ղարադաշ բարձունքն է։
Google Earth և Google Maps ծրագրերում հայ-ադրբեջանական պետական սահմանը մոտավոր է նշված (բայց հիմնականում շատ մոտ է նշված քարտեզին) և հիմնականում անցնում է բարձունքների վրայով։ Այստեղ հստակ երևում է, որ հայկական կողմի գրաված «Անվախ» դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում։
Դիրքը գտնվում է լեռնաշղթայի հարավ-արևմտյան կողմում և, այդպիսով, նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում է, որի սահմաններն էլ համարվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններ։
Ընդ որում, ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի տարածքում կահավորված այդ դիրքը նաև էական վտանգներ էր ստեղծում հայկական Մովսես գյուղի խաղաղ բնակչության համար, ինչը, ենթադրաբար, լրացուցիչ մոտիվացիա էր հայկական բանակի համար այդ դիրքը վերցնելու համար:
Իսկ Ղարադաշ բարձունքի վրա ադրբեջանական վերահսկողության տակ մնացած դիրքը գտնվում է հենց սահմանի վրա։ Նոր դիրքի գրավմամբ հայկական կողմը զգալիորեն դժվարացրել է Ադրբեջանի կողմից Ղարադաշի դիրքի արդյունավետ օգտագործումը, քանի որ դեպի այն տանող ճանապարհն ամբողջությամբ հայտնվել է հայկական զինուժի վերահսկողության տակ։
Ադրբեջանական այդ բավականին մեծ դիրքը պատկերված է լուսանկարում: Պետական սահմանը անցնում է ուղիղ այդ դիրքի մեջտեղով: Այլ կերպ ասած՝ նույնիսկ այդ դիրքը կիսով չափ Հայաստանում է:
Ինչո՞վ է սա կարևոր
Նոր դիրքի՝ Հայաստանի տարածում գտնվելը կարևոր է հատկապես երրորդ երկրների դիրքորոշումների համատեքստում։
Այսպես, Տավուշում բախումների ժամանակ Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ էին տարածել, որոնցում աջակցություն էին հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այնինչ, մարտերը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Բերդի շրջանում հենց Ադրբեջանն է, որ դիրքեր է կառուցել Հայաստանի տարածում։ Սա ակնհայտ երևում է նաև PAN.am-ի կողմից պատրաստված հետևյալ քարտեզում։
Հովհաննես Նազարեթյան