Սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում տարածվել են «Հայոց պատմության ավարտական քննության հարցաշարի պատասխաններ IX-րդ դասարան» հարցարան-ձեռնարկից հատվածներ։ Գիրքը ներկայացվում է որպես ներկա իշխանության պատվերով գրված հարցաշար։
Ձեռնարկում նշվում է, որ այն համառոտ և սպառիչ ներկայացնում է հայոց պատմություն առարկայից 9-րդ դասարանի ավարտական քննության հարցաշարի պատասխանները՝ ըստ հանրակրթական դպրոցի պետական ծրագրերի և դասագրքերի։
Հարցաշարի հեղինակը Գայանե Օհանյանն է: Գրքում, որի շարադրանքը տեղ-տեղ անհասկանալի է, մասնավորապես, գրված է. «1998-2008 թթ. ընտրակեղծիքներով 2 ժամկետով ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2008-ից հետո 2 անգամ նախագահական ընտրություններում դարձյալ ընտրակեղծիքներով հաղթել է Սերժ Սարգսյանը։ Ժողովրդական ընդվզումները դաժանորեն (հավանաբար «ճնշվեցին»- խմբ.) իշխանությունները բռնազավթած նախագահների կողմից, ինչպես դա տեղի ունեցավ 2008 թ. մարտի մեկին»։
Նիկոլ Փաշինյանին հեղինակը ներկայացնում է որպես համաժողովրդական թեկնածու՝ մասնավորապես գրելով. «Դա անզեն հեղափոխություն էր, ժողովրդավարության և հայոց պատմության աստեղային ժամը»։
168.am կայքն այս կապակցությամբ գրել է. «Վերջին շրջանում Նոր Հայաստանի «դասագրքային հեղափոխության» ակտիվացում է նկատվում, այսինքն՝ ամեն օր հնչող քաղաքական հռետորաբանությունը նույնությամբ տեղափոխվել է դպրոցական դասագրքեր և հարցաշարեր»։ Սոցցանցերում էլ այս հարցաշարի քննարկումներում հարց է բարձրացվում, թե արդյո՞ք հարցաշարը հաստատված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, թե՞ տպագրվել է զուտ հեղինակի նախաձեռնությամբ։
ԿԳՄՍ նախարարության արձագանքը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ Գայանե Օհանյանի կողմից հրատարակված «Հայոց պատմության հարցաշար պատասխաններով» հարցարան-ձեռնարկը հաստատված չէ ԿԳՄՍ նախարարության կողմից։
Անժելա Կժդրյանը նաև ներկայացրեց հաստատված շտեմարանների ցանկը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի ցանկը։ Երկու ցանկերում էլ վերը նշված գիրքը չկա։
Իմ անձնական տեսակետն է, չե՞ք կարծում, որ ճշմարտությանը համապատասխանում է. հարցարան-ձեռնարկի հեղինակ
«Փաստերի ստուգման հարթակը» խոսեց նաև «Հայոց պատմության ավարտական քննության հարցաշարի պատասխաններ IX-րդ դասարան» գրքի հեղինակ Գայանե Օհանյանի հետ, որը հաստատեց, որ հարցաշարը նախարարության կողմից երաշխավորված չէ։
«Սեփական նախաձեռնությամբ եմ ձեռնարկը գրել, 30 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, մանկագիր եմ, 100 գրքերի հեղինակ և այս հարցաշարը նույնպես ընթերցողների խնդրանքով եմ կազմել, նրանց՝ քննությանը նախապատրաստվելը հեշտացնելու համար։ Ես բազմաթիվ երաշխավորված գրքեր ունեմ, բայց չեմ կարծել, որ սա պետք է երաշխավորման ներկայացնել։ Երբ փակվեց Կրթության ազգային ինստիտուտը, ես չգիտեի ում դիմել, բայց դասագրքերից եմ օգտվել, այնտեղ շատ քիչ տարբերություններ կան»,- պնդեց նա։
Գայանե Օհանյանը նշեց, որ ինքը հարցաշարը կազմել է՝ օգտվելով դասագրքերից։ «Ես սովորելը դյուրացնելու համար 4 դասագրքերից հարցաշարին համապատասխան նյութերը ավելի մատչելի շարադրել եմ մի ուղեցույցով, որ երեխան ավելի հեշտ նախապատրաստվի քննություններին»,- ասաց նա։
Հարցին, իսկ թե ո՞ր դասագրքում է գրված, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ընտրակեղծիքներով են դարձել նախագահ, Օհանյանը պատասխանեց. «Դա իմ անձնական տեսակետն է, և չե՞ք կարծում, որ ճշմարտությանը համապատասխանում է, կամ դպրոցականը չի՞ մասնակցել վերջին հեղափոխությանը։ Այդ երեք նախադասությունն այսքան ուշագրա՞վ էին ձեզ համար։ Հիմա ես անգիր չեմ կարող ասել այն դասագիրքը, որից օգտվել եմ, բայց գաղտնի՞ք է դա, դա հանրահայտ ճշմարտություն է, որը բոլորն էլ գիտեն։ Եթե անգամ ես եմ ավելացրել, չեմ կարծում, որ հանցագործություն է։ Կարող է ուղղակի ձևակերպումը գունավոր եմ դարձրել»,- ասաց նա։
Ի դեպ, նշենք, որ 9 դասարանի Հայոց պատմության նորագույն շրջանի դասագիրքը վերահրատարակվել է 2019-ին։ Նոր դասագրքում 2003 և 2008 թվականների ընտրությունները և դրանց հաջորդած իրադարձությունները ներկայացվում են այլ կերպ և անդրադարձ կա նաև Թավշյա հեղափոխությանը, սակայն վերը նշված հարցաշարում տեղ գտած որևէ ձևակերպում չկա այս դասագրքում։
Այսպիսով, աղմուկ բարձրացված «Հայոց պատմության ավարտական քննության հարցաշարի պատասխաններ IX-րդ դասարան» գիրքը չի երաշխավորվել ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ձեռնարկում առկա ձևակերպումները հեղինակի նախաձեռնությամբ են և վերցված չեն Հայոց պատմության դասագրքերից, ուստի այն շահարկումները, թե քաղաքական հռետորաբանությունը տեղափոխվում է դասագրքեր, տեղին չեն։
Նելլի Լազարյան