Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայոց լեզվի և պատմություն առարկաների՝ ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչից հանելու վերաբերյալ ԵՊՀ դասախոսների հետ նոյեմբերի 18-ի քննարկման ժամանակ նշել էր, որ այս տարի ընդունելության միասնական քննությունները խստացվել էին։
«Դուք ինքներդ տեսել եք, որ հայերենի վերջին քննությունների ժամանակ, վերջին տարվա ընդունելության քննությունների ժամանակ մենք բավականին խստացում էինք արել, և շատերը կտրվել էին այդ քննություններից»,- հայտնել էր նախարարը։
Հարությունյանը հանդիպել էր ԵՊՀ դասախոսների հետ այն բանից հետո, երբ վերջիններս իրենց բողոքն էին հայտնել հայոց լեզվի և պատմություն առարկաների՝ բուհերի ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչից հանելու նախարարության առաջարկության դեմ։ Պատասխանելով դասախոսներից մեկի դիտարկմանը, թե դպրոցներից հայերենի վատ գիտելիքներով են գալիս բուհեր, Հարությունյանը հակադարձել էր, որ հայերենից վատ գիտելիքով աշակերտները չեն ընդունվում բուհեր։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունների արդյունքները՝ պարզելու, թե ինչպիսի՞ դինամիկա է արձանագրվել վերջին տարիներին, և արդյո՞ք Արայիկ Հարությունյանի պնդումը ճիշտ է։
Ի՞նչ խստացումների մասին է խոսքը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշում է, որ ընդունելության քննություններին խստացումներ էին արվել, այդ իսկ պատճառով շատերը անբավարար էին ստացել։
Այսպես, դեռևս հունիսին միասնական քննության արդյունքների մասին խոսելիս Հարությունյանը նշել էր, որ անգիր անելու ինստիտուտի վերացման համար բովանդակային փոփոխություններ են արվել քննական թեստերում, օրինակ՝ բեռնատար բառի փոխարեն գրվել է մարդատար։ «Մեր աշակերտներին սովորեցրել են անգիր, և սրա արդյունքում մենք ունեցել ենք կտրված դիմորդների թվի աճ, բայց եթե նախորդ տարի դա 16.5% էր, այս տարի 19.5% է, սա ցույց է տալիս, որ ամբողջ համակարգը հիմնված է եղել անգիրի վրա, և թեստերում փոփոխությունները միտված են եղել նրան, որ մենք իրականում բացահայտենք մտածող և ստեղծագործով աշակերտներին, և լավագույնները կարողանանային անցնել բուհեր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նախարարը։ Իսկ Գիտության թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Կարո Նասիբյանը պարզաբանել էր, որ շտեմարաններում առաջադրանքների պատասխանների տեղերը փոխվել են, և անգիրներն այս անգամ չեն աշխատել։
Ի՞նչ արդյունքներ են գրանցվել նախկինում
ԳԹԿ-ի կայքում հրապարակված 2017 և 2018 թթ. վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեցտարի հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունների արդյունքներով ավելի շատ դիմորդներ են հավաքել անցողիկ շեմից ցածր գնահատական։
Այսպես, 2017-ին արդյունքներով քննության 5307 մասնակիցներից 620 դիմորդ՝ ավելի քան 11.7 տոկոսը, հավաքել է անցողիկ շեմից ցածր գնահատական։
Իսկ ահա 2018 թվականի արդյունքներով 2715-ից 435 դիմորդ չի հավաքել անհրաժեշտ անցողիկ համարվող բալերը։ Այս թիվը կազմում է ամբողջի 16.0 տոկոսը։ Հարկ է նշել, որ այդ տարվա դիմորդների ընդհանուր թվի կտրուկ նվազումը պայմանավորված է 2006 թվականին 12-ամյա կրթության ներդրմամբ:
Ի՞նչ իրավիճակ է նոր իշխանության ժամանակ
Ինչ վերաբերում է 2019-ին, ապա ԳԹԿ-ից Fip.am-ին հայտնեցին, որ 2019-ին հայոց լեզու և հայ գրականություն առարկայից անցողիկ շեմը 4540 դիմորդից չի հաղթահարել 1161 ուսանող՝ 25 տոկոսը, այսինքն՝ ավելի շատ ուսանող, քան նախորդ երկու տարիներին էին։
Հավելենք նաև, ըստ ԳԹԿ-ի տրամադրած պատասխանի՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկայի համար երեք տարիների համար էլ անցողիկ շեմը 20 առավելագույն միավորից եղել է 7.5-ը։ Իսկ ներկայացված տվյալները ներառում են ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի Հանրապետության միասնական քննություններ հանձնողների տվյալները։
Այսպիսով, Արայիկ Հարությունյանի պնդումը, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննության արդյունքներով մեծ թվով դիմորդներ անբավարար ցուցանիշներ են գրանցել, համապատասխանում է իրականությանը։
Կարինե Կիրակոսյան