«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:
Այս անգամ դիտարկել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանի ու նրա կնոջ՝ Մարգարիտա Եսոյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով Հայկ Մամիջանյանին են պատկանում 2021 թվականին գնված բնակարան և ավտոկայանատեղի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Տրանսպորտային միջոց պատգամավորը չի հայտարարագրել։
2022 թվականի հայտարարագրի մեջ հաշվետու տարվա եկամուտներ բաժնում Մամիջանյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացված աշխատավարձը՝ 6 մլն 384,726 դրամ և «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամից ստացված աշխատավարձը՝ 8 մլն 981,014 դրամ, ընդհանուր՝ 15 մլն 365,740 դրամ։
2023 թվականի հայտարարագրի մեջ, որպես եկամտի տեսակ, պատգամավորը ներկայացրել է ԱԺ-ից ստացված աշխատավարձը՝ 9 մլն 362,027 դրամ, «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամից ստացված աշխատավարձը՝ 8 մլն 548,334 դրամ, Եվրոպայի Խորհրդից ստացված աշխատավարձը՝ 1200 եվրո և «Արարատ» բանկից ստացված փոխառություններ՝ 15 մլն 724,000 դրամ, ընդհանուր՝ 34 մլն 133,813 դրամ։
2022-ի տարեվերջի դրությամբ Մամիջանյանի բանկային հաշիվներին եղել է 4000 դոլար և 1 մլն 200,000 դրամ։ 2023-ի տարեվերջի դրությամբ բանկային հաշիվներին եղել է 2500 եվրո և 1 մլն դրամ։
Պատգամավորի կանխիկ գումարը և՛ 2022 թվականին և՛ 2023 թվականին եղել է 4 մլն 500,000 դրամ։
2022 թվականի հայտարարագրի մեջ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 23 մլն 800,000 դրամ, իսկ 2023-ին՝ 23 մլն 300,000 դրամ։
Վարկի մարմանն ուղղված վճարումները 2022-ին կազմել են 3 մլն 600,000 դրամ, իսկ 2023-ի հայտարարագրի մեջ տվյալներ չկան։
Հայկ Մամիջանյանի կնոջ՝ Մարգարիտա Եսոյանի 2022 թվականի հայտարարագրի համաձայն, նրա բանկային հաշիվներին եղել է 1.5 դոլար և 7600 դրամ, իսկ 2023-ին՝ 39.91 դոլար և 205,980 դրամ։ Մարգարիտա Եսոյանը, որպես կանխիկ գումար, և՛ 2022 թվականին և՛ 2023 թվականին հայտարարագրել է 0 դոլար և 0 դրամ։
2022-ին պատգամավորի կինը ստացել է 6 մլն 193,266 դրամ եկամուտ, իսկ 2023 թվականին՝ 6 մլն 067,341 դրամ։
2022 թվականի հայտարարագրի մեջ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 5 մլն 532,844 դրամ, իսկ 2023-ին զգալի նվազել է՝ կազմելով 1 մլն 480,853 դրամ։
Մարգարիտա Եսոյանի վարկի մարմանն ուղված վճարումները 2022-ին կազմել են 6 մլն 049,540 դրամ, իսկ 2023-ին՝ 3 մլն 811,000։
2023-ին պատգամավորի կինը գնել է բնակարան, որի գտնվելու վայրը չի հրապարակվել հայտարարագրում։ Իսկ մինչ այդ՝ 2022-ի հոկտեմբերին, Մարգարիտա Եսոյանը վաճառել է 2021-ին գնված MINI մակնիշի մեքենան անհավանական ցածր գնով՝ 250,000 դրամով։ 2022-ի և 2023-ի տարեվերջում պատգամավորի կինը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Այսպիսով, Հայկ Մամիջանյանի և նրա կնոջ 2022 և 2023 թվականների հայտարարագրերում անշարժ և շարժական գույքի ու կանխիկ գումարների վերաբերյալ տարվա վերջում առկա տվյալները նույնն են։ Պատգամավորի եկամուտները, ի տարբերություն կնոջ, 2023-ին աճել են։
Սյուզաննա Համբարձումյան