Wargonzo տելեգրամյան ալիքը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին հայտարարությանը և մի շարք կեղծ պնդումներ արել։
Փաշինյանը, հիշեցնենք, ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր, որ «ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներկայության մեջ առավելություններ չի տեսնում»։
Wargonzo-ն էլ պնդել է, թե 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահները կանգնած են Ադրբեջանի հետ նոր սահմանին՝ «բաժանելով հայկական և ադրբեջանական դիրքերը»։
«Հայաստանն իր ուժերով վերահսկում է միայն Վրաստանի հետ սահմանը և Նախիջևանի ադրբեջանական էքսկլավը»,— գրված է տելեգրամյան ալիքում։
2020 թվականի պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում հայտնվել են ռուսաստանյան զինվորականների մի քանի հենակետեր, սակայն դրանցից ոչ մեկը չի գտնվում հայկական ու ադրբեջանական միջդիրքային հատվածում։
Այսպես, արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ սահմանագծի արևելյան հատվածում՝ Տավուշում, ռուսական սահմանապահների հենակետը գտնվում է ոչ թե հայկական ու ադրբեջանական դիրքերի մեջտեղում, այլ հայկական դիրքերից դեպի խորք՝ արևմուտք (այսինքն՝ հայկական կողմի թիկունքում են)։
Սահմանի հարավ-արևելյան հատվածում՝ Սյունիքում, նույնպես կա ռուսական սահմանապահ զորքերի հենակետ, սակայն այն ևս միջդիրքային տարածքում չէ և գտնվում է Ներքին Հանդ բնակավայրից մոտ 5 կմ խորքում՝ դեպի արևմուտք (այսինքն, կրկին, հայկական կողմի թիկունքում)։
Ներքին Հանդի մոտակայքում ռուսական անցակետի մասին 2022 թվականի մարտին ԱԺ-ում հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այն տեղակայված է մի շարք բնակավայրեր տանող ճանապարհների խաչմերուկում։
Հատկանշական է, որ հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողներն իրենց ճանապարհին հանդիպել են ոչ թե ռուսաստանյան զինվորականների, այլ հայկական բանակի զինծառայողների․ ադրբեջանցիների դեմ մարտերում ներգրավված են եղել բացառապես ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները՝ առանց երրորդ երկրի՝ այս դեպքում ռուսական ուժերի ներգրավման։
Այսպիսով, Wargonzo-ն կեղծում է՝ հայկական ու ադրբեջանական դիրքերի միջև ռուսական զորախմբերի հենակետեր չկան, իսկ ՀՀ սահմանների հանդեպ ադրբեջանական սադրանքներին դիմադրում են բացառապես հայկական ստորաբաժանումները․ հետևաբար, Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանում են ոչ թե ռուսաստանյան զինվորականները, այլ բացառապես ՀՀ ԶՈՒ-ն։
Նանե Մանասյան