Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների խոշոր, գաղտնի գործարք։
Կայքի աղբյուրի համաձայն, որը Մերձավոր Արևելքի բարձրաստիճան զինվորական է, Թեհրանի և Երևանի միջև զենքի մատակարարման համաձայնագիրը, որը ստորագրվել է երկու կողմերի միջև վերջին մի քանի ամիսներին, բաղկացած է մի քանի պայմանագրերից։
Iran International-ը պնդում է, որ ձեռք է բերել բացառիկ ցուցակ, որտեղ նշվում է, թե վերջին համաձայնագրի հիման վրա ինչ զինտեխնիկա է մատակարարվելու Իրանից Հայաստան։ Այն ներառում է անօդաչու սարքեր, ինչպիսիք են՝ «Շահեդ 136», «Շահեդ 129», «Շահեդ 197» ու «Մոհաջեր», և հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, ինչպիսիք են՝ «Խորդադը», «Մաջիդը» և «Արմանը»։
Iran International-ի աղբյուրը նաև հայտնել է, որ համաձայնագիրը չի սահմանափակվում միայն անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարմամբ։ Պայմանագիրը ներառում է նաև հետախուզական համագործակցությունը, սերտ ռազմական կապերը, վերապատրաստումը և հայկական տարածքում բազաների կառուցումը։
Աղբյուրը նաև նշում է, որ վերջին ամիսներին Իրանից բարձրաստիճան պատվիրակությունների և տեխնիկական թիմերի այցերի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ զենքի գործարքները։
Տեղեկությունը տարածվել է նաև հայկական մեդիադաշտում (1,2), ռուսական տելեգրամ-ալիքներում։
Հուլիսի 24-ին տարածված այս տեղեկությունը հուլիսի 25-ին հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը մտացածին և հորինված է որակել տարածվող լուրերը, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
«Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։
Iran International-ը պարսկալեզու լրատվական հեռուստաալիք է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, որի թիրախը իրանցի հեռուստադիտողներն են։ Այն հեռարձակվում է անվճար արբանյակով։ Iran International-ը հիմնադրվել է 2017 թվականի մայիսին և իր հաղորդումները հեռարձակում է ինչպես Լոնդոնից, այնպես էլ Վաշինգտոնից: Հեռուստաալիքը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ կապեր ունեցող ընկերության կողմից։
Ըստ Middle East Eye-ի, Iran International-ը մեդիա հարթակ է իրանական ընդդիմության համար։
Iran International-ը պնդում է, որ ունի 20 միլիոն դիտող, չնայած իրանական կառավարության կողմից օգտագործվող արբանյակային խլացուցիչներին: Ցանցը հիմնականում կենտրոնանում է նորությունների հաղորդման վրա, բայց նաև հեռարձակում է գիտության, արվեստի, տեխնիկայի, սպորտի և մշակույթի վերաբերյալ հաղորդումներ և վավերագրական ֆիլմեր:
Այսպիսով, Iran International-ի տարածած տեղեկությունը, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների խոշոր գործարք, ըստ Հայաստանի ՊՆ-ի, չի համապատասխանում իրականությանը։
Սյուզաննա Համբարձումյան