Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության», այսպես կոչված, Մշակույթի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, համաձայն որի Երևանի «Արարատ» երգի համույթը ելույթ է ունեցել Դոնեցկում:
«Հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արարատ» երգի անսամբլը Դոնեցկում տվել է իր առաջին մենահամերգը մարտական գործողությունների մեկնարկից ի վեր», — ասվում է հաղորդագրության մեջ:
Սակայն, թեև անջատողականների հսկողության տակ գտնվող Դոնեցկում համերգ տված «Արարատ» համույթը հայկական է, այն Երևանը չի ներկայացնում: Մշակույթի նախարարությունում տեղյակ չեն ո՛չ համերգի, ո՛չ էլ անգամ վերոհիշյալ համույթի մասին: Խումբը, որի կազմում են մեկ մեներգչուհի և երեք երաժիշտներ, ըստ գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի` կարող է «մասնավոր բիզնես» լինել: Այս խումբը նախկինում ևս հաճախ է համերգներով հանդես եկել Դոնեցկում, իսկ դրա մեներգչուհին 2002 թվականին արժանացել է դոնեցկյան «Ոսկե սկիֆ» մրցանակին և Դոնեցկը համարում է իր «հայրենիքի մի մասը»: Համաձայն մամուլի հրապարակումների՝ բարեգործական համերգը կազմակերպել է Դոնեցկի հայկական համայնքը: Համերգին ներկա է եղել մոտ երկու տասնյակ հանդիսատես:
Համույթի՝ Երևանը ներկայացնելու մասին ապատեղեկատվությունը հրապարակել են ինքնահռչակ հանրապետության տարածքում գործող մի շարք այլ լրատվամիջոցներ ևս, այդ թվում «Նովորոսիա» տեղեկատվական գործակալությունը, Դոնեցկի նորությունների գործակալությունը: Լուրը տեղ է գտել նաև «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պաշտոնական կայքէջում:
Տեղական որոշ լրատվամիջոցները, ինչպես օրինակ «Գորլովսկայա պրավդան», ելույթը ներկայացրել են որպես «Հայաստանի ժողովրդի նվերը Դոնեցկի բնակիչներին», սակայն պաշտոնապես Հայաստանը որևէ առնչություն չունի այս համերգի հետ:
Լուրը հրապարակել են նաև ռուսական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը: Հայկական լրատվամիջոցներից ապատեղեկատվություն պարունակող լուրը հրապարակել է vesti.am լրատվականը:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» անջատողական շարժում է, որը ձևավորվել է 2014 թվականի ապրիլին Ուկրաինայի արևելքում և պաշտոնապես ճանաչված չէ որևէ պետության կողմից: