Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում (E-draft.am) հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հայաստանյան լրատվամիջոցներում հատկապես թեժ քննարկումների առիթ է դարձել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածը, ըստ որի՝ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։
Այս թեմային էր անդրադարձել նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն իր «Հայլուր» լրատվական հաղորդման օգոստոսի 10-ի և 12-ի թողարկումների ժամանակ: Լրատվականը նույնիսկ հաշվել էր, թե որքանով լրացուցիչ բեռ կլինի պետական բյուջեի վրա նախագծի ընդունումը: Հեղինակը պնդում էր, որ ըստ այդ «նվազագույն» հաշվարկների, առանց սոցիալական ապահովագրությունը և հավելավճար պարգևատրումները հաշվելու՝ հարկատուների հավաքած բյուջեից պետք կլինի մոտ 1 միլիարդ օրինական կաշառք հանել» (խմբ. ներկայացվում է կոնկրետ հաշվարկ և նշվում է թիվ, այն է՝ 995 472 000 դրամ):
Վերոնշյալ թիվը լրատվական հաղորդման մեջ ստացել էին՝ բազմապատկելով Սահմանադրական դատարանի նախագահի (16 տարի) և մյուս անդամների պաշտոնավարելուն մնացած տարիների (Գյուլումյան Ալվինա՝ 7 տարի, Դիլանյան Արման՝ 20, Թունյան Արաիկ՝ 12, Նազարյան Հրանտ՝ 5, Թոխյան Ֆելիքս՝ 7, Խաչատրյան Աշոտ՝ 8 և Պետրոսյան Արևիկ՝ 18) միջին թվաբանականը (93/8) նրանց տարեկան աշխատավարձով՝ 85 632 000 դրամ:
Փաստերի ստուգման հարթակը որոշեց ստուգել «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից ներկայացված թվերի ճշգրտությունը և պարզել, թե «Սահմանադրական դատարանի մասին» նախագծի ընդունումն իրականում որքան կարող է արժենալ ՀՀ պետբյուջեի վրա, եթե առաջնորդվենք այդ գաղափարով, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի բոլոր անդամ-դատավորները, բացի Վահե Գրիգորյանից (խմբ. ինչպես ներկայացրել էր հեռուստաընկերությունը), հրաժարական տան:
Պաշտոնավարման տարիների մասին
Այսպես, սկսենք «Հայլուր» լրատվականի կողմից ներկայացրած ՍԴ անդամ-դատավորների պաշտոնավարելուն մնացած ժամկետների հաշվարկից: Ահա, թե ինչպես է հաշվել այն «5-րդ ալիքը».
Մինչդեռ, նախ և առաջ, հարկ է հստակեցնել, որ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամ-դատավորները պաշտոնավարելու են ըստ այն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների, որը գործել է իրենց՝ ՍԴ անդամ-դատավոր դառնալիս։
Այսպես, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը նշանակվել են ՍԴ անդամի պաշտոնում մինչև 2005-ի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ուստի 1995 թ. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչև 70 տարին լրանալը: Այսպիսով`
- Ֆելիքս Թոխյանը պաշտոնավարելու է մինչև 2026 թ. հունիսի 20-ը (մոտ 7 տարի)
- Հրանտ Նազարյանը պաշտոնավարելու է մինչև 2026 թ. հունվարի 26-ը (մոտ 7 տարի)
Ալվինա Գյուլումյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը ստանձնել են ՀՀ ՍԴ անդամի պաշտոնը մինչև 2015 թ. Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, և համաձայն 2005 թ. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: Ուստի՝
- Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարելու է մինչև 2021 թ. հունվարի 20-ը (մոտ 2 տարի)
- Արաիկ Թունյան պաշտոնավարելու է մինչ 2031 թ. հունվարի 6-ը (մոտ 12 տարի)
- Աշոտ Խաչատրյան պաշտոնավարելու է մինչ 2027 թ. սեպտեմբերի 10-ը (ավելի քան 8 տարի)
- Արևիկ Պետրոսյան պաշտոնավարելու է մինչ 2037 թ. դեկտեմբերի 6-ը (ավելի քան 18 տարի)
- ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան պաշտոնավարելու է մինչ 2035 թ. հուլիսի 8-ը (մոտ 16 տարի)
Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Արման Դիլանյանին, ապա նա համալրել է Սահմանադրական դատարանի դատավորների կազմը 2015 թ.-ի Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն և պաշտոնավարելու է ևս 11 տարի, քանի որ ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերին` 12 տարի ժամկետով։
Ինչպես նշեցինք, «5-րդ ալիքը» չէր անդրադարձել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին՝ որպես քննարկման ներկայացված նախագծի պոտենցիալ շահառու։
ՍԴ անդամների տարեկան աշխատավարձը
Փաստերի ստուգման հարթակը որոշեց նաև ստուգել, թե արդյո՞ք ճիշտ են ներկայացված ՍԴ նախագահի և մյուս անդամների աշխատավարձերի ընդհանուր տարեկան համագումարը։
Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի՝ պաշտոնյայի դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի («2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 դրամ) և օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով (ՍԴ նախագահի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 16.00 է, իսկ ՍԴ անդամ-դատավորներինը՝ 12.00): Այսպիսով, ՍԴ նախագահը ստանում է ամսական 1 058 240 դրամ, իսկ ՍԴ անդամներից յուրաքանչյուրը՝ 793 680:
ՍԴ դատավորներին տրամադրվող տարեկան աշխատավարձը հաշվելու համար հարկավոր էր ՍԴ նախագահի և 7 անդամ-դատավորների (խմբ. չենք հաշվել Վահե Գրիգորյանին, ինչպես և արել է հեռուստաընկերությունը) աշխատավարձերի գումարը բազմապատկել մեկ տարվա ամիսների քանակով (12):
Պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում ստացվում է՝
12 x (7×793 680 + 1 058 240) = 79 368 000
Վերոնշյալը շուրջ 16 միլիոնով պակաս է «5-րդ ալիքի» ներկայացրած թվից: Պարզ երևում է, որ հեռուստաընկերության հաշվարկներում կա ոչ միայն տարիների սխալ հաշվարկ, այլև զուտ դրույքաչափային աշխատավարձի թվերի ուռճացում:
Ի դեպ, եթե անգամ լրատվականն իր հաշվարկը կատարելիս ներառեր նաև Վահե Գրիգորյանի տարեկան զուտ դրույքային աշխատավարձը, ապա ընդհանուրը թիվ կստացվեր՝ 88 892 160 դրամ։
Այսպիսով՝ որքա՞ն գումար կծախսվի, եթե նախագիծը ընդունվի և գործարկվի այնպես, ինչպես տրամաբանում է «5-րդ ալիքը»։ Եթե հաշվարկը կատարենք «5-րդ ալիք» հեռուստաընկերության ներկայացրած մեթոդով, այն է` ՍԴ անդամ-դատավորներին մնացած պաշտոնավարելու տարիների միջին թվաբանականը բազմապատկենք նրանց տարեկան զուտ դրույքաչափային աշխատավարձով, ապա կստանանք `
81/8 x 79 368 000 = 803 601 000
Այսպիսով, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ոչ միայն ուռճացրել էր ՍԴ անդամ-դատավորներին տրվող տարեկան դրույքաչափային աշխատավարձը մոտ 16 մլն դրամով, այլև խեղաթյուրել է նրանց պաշտոնավարելուն մնացած ժամկետները և հանրությանը ներկայացրած վերջնական թիվը ուռճացրել է շուրջ 192 մլն դրամով։
Եթե հաշվարկը կատարենք անհատապես, սակայն շարժվենք օրենքի ընդունման դեպքում «5-րդ ալիքի» տրամաբանությունից ելնելով պայմանավորված գործողություններով, այն է՝ բոլոր ՍԴ անդամ-դատավորները, բացի Վահե Գրիգորյանից, հրաժարական կտան, մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը, պետք է վճարվեն հետևյալ գումարները՝
- Ֆելիքս Թոխյան (7 տարի)՝ 66 669 120 ՀՀ դրամ
- Հրանտ Նազարյան (7 տարի)՝ 66 669 120 ՀՀ դրամ
- Ալվինա Գյուլումյան (2 տարի)՝ 19 048 320 ՀՀ դրամ
- Արայիկ Թունյան (12 տարի)՝ 114 289 920 ՀՀ դրամ
- Աշոտ Խաչատրյան (8 տարի)՝ 76 193 280 ՀՀ դրամ
- Արևիկ Պետրոսյան (18 տարի)՝ 171 434 880 ՀՀ դրամ
- Արման Դիլանյան (11 տարի)՝ 104 765 760 ՀՀ դրամ
- Հրայր Թովմասյան (16 տարի)՝ 203 182 080 ՀՀ դրամ
Ընդհանուր գումարն այս դեպքում կկազմի 822 252 480 ՀՀ դրամ։
Գայանե Գասոյան