Yerevanpost.am անունով ֆեյսբուքյան էջը մայիսի 9-ին լուսանկար էր հրապարակել՝ «Պատմական լուսանկար. Հայերի բերդ պարը՝ Ռեյխսթագի պատերի տակ, 1945 թվական» խորագրով:
Գրառումը հավանել է մոտ 2 հազար, իսկ տարածել է 330 օգտատեր։ Հատկանշական է, որ լուսանկարն առաջին անգամ չէ շրջանառվում։ Այսպես, 2015 թ․-ին նույն նկարագրությամբ լուսանկարը տարածել էր Blognews-ը։
Իրականում, սակայն, նկարի տարեթիվը և վայրը կասկածելի են:
Թեև համացանցում նկարի մեր որոնումները դրա ճշգրիտ աղբյուրը չհայտնաբերեցին, սակայն ակնհայտ է, որ նկարը ներկայացնում է ոչ թե նացիստական Գերմանիայի դեմ կռվող հայ զինվորներին, այլ գերմանական բանակի կազմում դաշնակիցների դեմ պայքարողներին: Մասնավորապես, նկարում ներկա մարդկանց հագուստը հատուկ է հենց նացիստական Գերմանիայի զինվորականներին:
Գերմանական ղեկավարությունը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, պարբերաբար, հիմնականում գերեվարված զինվորներից կամ օկուպացված տարածքների բնակիչներից հավաքագրում էր մարդկանց և նրանցից ազգային կամ խառը ազգային կազմով ստորաբաժանումներ էր կազմավորում: Մասնավորապես, կազմավորվել էին նման «ազգային» միավորումներ ռուսներից, ուկրաինացիներից, Հարավային և Հյուսիսային Կովկասի ժողովուրդներից, թաթարներից և ԽՍՀՄ կազմում գտնվող այլ ժողովուրդներից:
Գերմանացի զինվորը Փարիզում, 1942 թ., աղբյուրը՝ այստեղ:
Մի քանի աղբյուրներ (այստեղ, այստեղ, այստեղ) հայտնում են, որ տարածվող նկարում Բերգման գումարտակի հայ զինվորներն են: Բերգման գումարտակը ստեղծվել է 1941 թ.-ին: Դրա կազմում ընդգրկված էին ԽՍՀՄ բանակի ռազմագերիները Կովկասից՝ չեչեններ, ադրբեջանցիներ, վրացիներ և հայեր:
Հայտնի է, որ 1945 թ.-ին ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո հայկական դիվիզիան իսկապես պարել է քոչարի Բեռլինում, սակայն դա կապ չունի տարածված նկարի հետ:
Այսպիսով, որևէ աղբյուր չի հաստատում, որ տարածված լուսանկարում ֆաշիզմի դեմ պայքարող հայ զինվորականներ են: Ավելին, ամենայն հավանականությամբ, դրանում նացիստական Գերմանիայի կողմից պատերազմող հայ զինվորներ են:
Հայերը Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ հաղթանակի գործում զգալի ներդրում են ունեցել: Տարբեր տվյալներով, մինչև 600 հազար հայ է մասնակցել պատերազմին՝ մեծամասամբ ԽՍՀՄ բանակում, բայց նաև դաշնակիցների՝ հիմնականում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակների կազմում:
Լուսինե Ոսկանյան