ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջերս տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում պնդել են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Արցախում սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից։
«Էրդողանն ասում է՝ Փաշինյանը տեղեկացված էր, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնելու։ Սա ամեն ինչ ասում է»,- 168 TV-ի տաղավարում ասել է խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նույն պնդումը «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» եթերում արել է նաև խորհրդարանական ընդդիմությունից մեկ այլ պատգամավոր՝ Գառնիկ Դանիելյանը․ նա, մասնավորապես, ասել է, թե իբր թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Փաշինյանն Էրդողանին առաջարկել է Արցախի վրա հարձակումն իրականացնել սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններից հետո։
Ի՞նչ է ասել Էրդողանը
FIP.am-ը սեպտեմբերի 21-ին ստուգել էր հայաստանյան լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության մասին»․ ԶԼՄ-ները հղում էին արել Տելեգրամում TRT թուրքական պետական լրատվական գործակալության ռուսալեզու ալիքին, որը նման տեղեկություն էր հայտնել։
Թուրքական լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում, սակայն, պարզվել էր, որ Էրդողանը Նյու Յորքում «Թուրքական տանը», պատասխանելով լրագրողների հարցերին, իրոք անդրադարձել էր Արցախում ադրբեջանական հարձակմանը, սակայն նման հայտարարություն չէր արել։
FIP․am-ն Էրդողանին վերագրվող խոսքերը, թե իբր Փաշինյանը տեղյակ է եղել հարձակումից, չէր հայտնաբերել թուրքական որևէ այլ լրատվամիջոցում (1, 2) և, մասնավորապես, TRT-ի անգլալեզու տարբերակում․ ավելին, TRT-ի ռուսալեզու տելեգրամյան ալիքից, որն այդ տեղեկության աղբյուրն էր, ավելի ուշ հրապարակումը հեռացվել է։
Կեղծ է նաև Դանիելյանի պնդումը, թե իբր թուրքական ԶԼՄ-ները գրել են՝ Փաշինյանը առաջարկել է Էրդողանին Արցախի վրա հարձակումն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններից հետո․ որևէ թուրքական կամ այլ աղբյուր նման տեղեկություն չի հրապարակել։
Այսպիսով, պատգամավորները շարունակում են տարածել Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցի բովանդակությանը վերագրվող հերքված ու կեղծ պնդումներ։
Նանե Մանասյան