Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ մարզում 983 ընտանիք զրկվել է «Փարոս» համակարգի նպաստներից։
«Մարզում վերականգնվել է արդարությունը, ջիպեր և դղյակներ ունեցող մարդիկ զրկվել են «Փարոս» ստանալուց»,- նշել էր նա և հավելել, որ մարզն ունի 12 հազար նպաստառու ընտանիք։
Այնուհետև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր հայտարարել, որ խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս չի ստանա սոցիալական նպաստ։ «2017-ից հետո՝ 2018 և 2019 թվականներին, Արարատի մարզում սոցիալական նպաստ ստացող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից»,- ասել էր նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշում են, որ նպաստառու ընտանիքների թվի կրճատման հիմք են հանդիսանում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում խնդիրների բացահայտումը, ինչպես նաև համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացումը։
Fip.am-ը փորձեց պարզել, թե ընդհանուր առմամբ՝ որքա՞նով է հանրապետությունում կրճատվել սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 2018 թ․-ի համեմատ։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2018 թվականին Հայաստանում սոցիալական նպաստ է ստացել միջինում 95,516 ընտանիք։ Արդեն 2019-ին սոցիալական նպաստ ստացող ընտանիքների միջին թիվն իջել է մինչև 86 հազար 757-ի, իսկ 2020 թվականի դրությամբ Հայաստանում ապրում է սոցիալական նպաստ ստացող 86 հազար 726 ընտանիք։
Այսինքն, Հայաստանում 2018 թվականից հետո, ընդհանուր առմամբ, շուրջ 8 հազար 800 ընտանիք զրկվել է սոցիալական նպաստից։
Ի դեպ, սոցիալական նպաստ ստացող ընտանիքների քանակն այս ընթացքում նվազել է բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի մարզի, որտեղ նպաստառու ընտանիքնների թիվը 2018-ից հետո ավելացել է 209-ով։
Նշենք, որ 2020 թվականի պետական բյուջեով «Փարոս» համակարգով սոցիալական նպաստների համար հատկացվել է 37 մլրդ 227 մլն դրամ, իսկ ամսական միջին նպաստի չափը կազմում է 31,350 դրամ:
Նելլի Լազարյան