Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է «հայկական ընկերության»՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցի ենթարկվելու մասին տեղեկությունը։ Սոցցանցերի օգտատերերից ոմանք ներկայացնում են այդ լուրը որպես Հայաստանի կողմից Ռուսաստանին սանկցիաներից խուսափելու աջակցության հետևանք։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ խոսքը «Տակո» ՍՊԸ մասին է, որը գրանցված է Երևանում՝ Գարեգին Նժդեհ 1-հասցեում։
Տեղեկատվությունը հրապարակվել է որպես թարմացում՝ Ռուսաստանի հետ փոխկապակցված անձանց և ընկերությունների ցուցակում և ներկայացված է որպես ռուսական «Ռադիոավտոմատիկա» ընկերության հետ փոխկապակցված ընկերություն։
Նույն ընկերության հետ փոխկապակցված լինելու հիմքով պատժամիջոց է կիրառվել Չինական SINNO Electronic Co. ՓԲԸ-ի, չորս անհատների և մեկ ռուսական ընկերության նկատմամբ։
«Ռադիոավտոմատիկա» ռուսաստանյան «պաշտպանական գնումների» ցանց է, որը արտասահմանյան սարքավորումներ է ներկրել Ռուսաստան՝ ռուսական արտադրության ռազմական սարքավորումների համար
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ««Ռադիոավտոմատիկան» վճարում է «Տակոյին» մասերի ներմուծման և Հայաստանի տարածքում գնումների գործընթացն իրականացնելու համար: Ավելին, և՛ «Սիննոն», և՛ «Տակոն» կապ են պահպանել իրար հետ՝ կապված «Ռադիոավտոմատիկայի» հետ իրենց աշխատանքի հետ»։
Հայաստանյան «Տակո» ՍՊԸ-ի նկատմամբ պատժամիջոցի մասին լուրը արագ շահարակվեց սոցիալական ցանցերում, ընդհուպ մինչև հայտնի ադրբեջանական լոբբիստներ Լյուք Քոֆիի և Մայք Դորանի կողմից, որոնք պնդում են, թե Հայաստանը Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա սկսած հարձակումից հետո օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։
Ըստ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքի՝ «Տակո» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է այս տարվա ապրիլի 5-ին՝ ոմն Վադիմ Սերգեյի Վերխովցևի կողմից։ Վերխովցևը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ ընկերությունը գրանցված է Երևանի «Հայրենիք» բիզնես կենտրոնի տարածքում։
Ընկերության կամ ընկերության սեփականատիրոջ մասին այլ տեղեկություններ գտնել «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց։
Անի Ավետիսյան