Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին հայտարարություն էր տարածել՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա» այցելել պատրաստվող իր քաղաքացիներին։
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր. «Ուկրաինան հետևողականորեն պաշտպանել է Ադրբեջանի և Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս, որ Ուկրաինայի քաղաքացիները Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվեն Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։ Այս օրենքների խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն»։ (արխիվացված)
Սակայն այս հայտարարությունը մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել։ Այսպես, օրինակ, «Առաջին ալիքի» լրատվական կայքում (1lurer.am) լուրը հետևյալ գլխագրով էր հրապարակվել. «Ուկրաինայի քաղաքացիները ԼՂՀ այցելելու դեպքում կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության. Ուրկաինայի ԱԳՆ»։
Նյութում նաև նշվում էր, թե «Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ «օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»։ Սա չի համապատասխանում Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությանը, որտեղ հստակ հղում է կատարվում Ադրբեջանի օրենսդրությանը։
Այժմ 1lurer.am-ում տեղադրված է ճշգրտված տարբերակը, որում նշվում է, որ «Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ «այդ երկրների օրենսդրության խախտումը կհանգեցնի Ադրբեջանում կամ Վրաստանում վարչական կամ քրեական պատասխանատվության»։ (արխիվացված)
Հատկանշական է, որ 1lurer.am-ում սկզբնապես սխալ ձևակերպված նյութը վերատպվել է lurer.com, hayeli.am և shamshyan.com կայքերում։
Ավելին, Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը, առնվազն գլխագրերի մասով, սխալ է ներկայացվել aravot.am, shantnews.am և azatutyun.am կայքերում։ «Ազատություն» ռադիոկայանի կայքում, օրինակ, հրապարակումը կրում է հետևյալ վերնագիրը՝ «Կիևը Արցախ այցելելու համար քրեական պատասխանատվությամբ է սպառնում»։
Ընթերցողը, սա կարդալով, կարող է հասկանալ, թե Ուկրաինան է պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել իր քաղաքացիներին։ Նյութում նշվում է, որ խոսքը Ադրբեջանի օրենսդրության մասին է, սակայն ձևակերպումը այդքան էլ պարզ չէ։