Չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և դրա նախկին նախագահների հետ են կապվում բազմաթիվ չարաշահումների և շահերի բախման դեպքեր, իսկ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, այնուամենայնիվ, պարզվում է, որ վերջին տասնամյակում Պետական եկամուտների կոմիտեն այս կառույցում համալիր հարկային ստուգումներ չի իրականացրել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1992 թվականին։ Այն անկյունաքարային դեր ունի Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու տարածման գործում։ Այս նպատակով ֆեդերացիան միլիոնավոր դոլարներ է ստացել ՈՒԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից և այլ կառույցներից։
2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, հայտնվեց տարբեր կոռուպցիոն սկանդալների և բացահայտումների կենտրոնում։ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ն ղեկավարել է 16 տարի՝ 2002-2018 թվականներին։ Բացահայտումները մեծամասամբ վերաբերում էին հենց նրա կողմից կատարված չարաշահումներին։
Այս տարվա մայիսի 29-ին ոստիկանությունը հայտնեց Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում կատարած ապօրինությունների բացահայտման մասին։ Հայրապետյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների «հանցակցությամբ» ձևական աճուրդներով կազմակերպել էր ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթացը։
Բացի այդ, «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին հետաքննություն էր հրապարակել, որում պարզել էինք, որ 2007 թվականից Հայաստանում կառուցված ֆուտբոլային ակադեմիաների շինարար կազմակերպությունը միայն մեկն էր ու կրկին պատկանում էր Հայրապետյանին։ Հրապարակումից հետո ոստիկանությունը նյութեր էր նախապատրաստել Հայրապետյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով և հարուցվել էր քրեական գործ։
Ծաղկի շուկայում հայտնաբերված չարաշահումները
2019-ի հոկտեմբերին ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն՝ հայտնելով, որ Հանրապետական մարզադաշտի տնօրինությունը, առանց Ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, զբաղվել էր ձեռնարկատիրությամբ, ինչի հետևանքով թաքցվել էր 700 մլն դրամի շրջանառություն։ Խոսքը Հանրապետական մարզադաշտին պատկանող տարածքում գործող ծաղկի շուկայի մասին էր։
«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս տարեսկզբին գրել էր ծաղկի շուկայի գործունեության մասին և պարզել, որ ՀՖՖ-ին պատկանող այդ տարածքի վարձակալը Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանցից մեկն է՝ Գևորգ Սաֆարյանը։
Ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում բերման էին ենթարկվել նաև մի քանի անձ, որոնց թվում էին Արման ու Կարեն Ղազարյանները։ Արման Ղազարյանը ժամանակին եղել էր Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանին պատկանող «Էյ բի էքսպորտ» ընկերության տնօրենը։
ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից ամեն տարի տրամադրվող գումարները
Ինչպես վերևում նշեցինք, ամեն տարի ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն բավական մեծ գումարներ են տրամադրում ՀՖՖ-ին՝ ծրագրեր իրականացնելու, միջազգային առաջնություններին ազգային հավաքականների մասնակցության, ֆուտբոլային ակումբների գործունեության պատշաճ կազմակերպման և միջազգային ասպարեզում հաջողությունների համար։
2017-ին ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ից ստացել է 2.7 մլն դոլար, 2018-ին՝ 3․4 մլն դոլար։ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի տրամադրված միջոցներով էր ՀՖՖ-ն հիմնել ֆուտբոլային ակադեմիաները, որոնք, ինչպես նշեցինք վերևում, կառուցվել էին Ռուբեն Հայրապետյանի ընկերության կողմից։
Ու չնայած ֆինանսական մեծ հոսքերին և կառուպցիոն հնարավոր չարաշահումներին՝ պարզվում է, որ ՊԵԿ-ը ՀՖՖ-ն չի դիտարկում ռիսկային կառույց այնտեղ ստուգումներ իրականացնելու համար։
Ինչո՞ւ ՊԵԿ-ը չի ստուգում ՀՖՖ-ն
«Փաստերի ստուգման հարթակը» ՊԵԿ-ից տեղեկացավ, որ ՀՖՖ-ում վերջին անգամ համալիր ստուգումներ են իրականացվել 11 տարի առաջ՝ 2009 թվականին։
Հարկային ստուգումների հաճախականությունը կախված է հարկ վճարողի ռիսկայնության աստիճանից և կարգավորվում է Հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածով, ըստ որի՝ համալիր հարկային ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.
1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ.
2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:
Հարցին, թե ո՞րն է եղել վերջին տարիներին ՀՖՖ-ում ստուգումներ չիրականացնելու պատճառը՝ ՊԵԿ-ից մեզ պատասխանեցին, որ ցածր ռիսկայնություն ունեցող հարկ վճարողի համար օրենքով սահմանված նվազագույն 5 տարին դեռ չի նշանակում, որ ՊԵԿ-ը 5 տարի անց պարտավոր է սկսել ստուգումները։ Եվ հենց սա է պատճառը, որ սկսած 2009 թվականից ՀՖՖ-ում ստուգումներ չեն իրականացվել։
Այսպիսով՝ փաստենք, որ չնայած ՊԵԿ-ՀՖՖ հարաբերություններում ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, սակայն հաշվի առնելով վերջին տարիներին ՀՖՖ-ի և նրա ղեկավարների անունների հետ կապվող խոսակցությունները, 700 մլն դրամի շրջանառությունը թաքցնելու մասին ոստիկանության հայտարարությունը, միջազգային ֆուտբոլային կազմակերպությունների կողմից միլիոնավոր դոլարների հասնող փոխանցումներն ու դրանց միջոցով Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերության կողմից ֆուտբոլի ակադեմիաների կառուցումը, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ 11 տարի շարունակ ՊԵԿ-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում համալիր հարկային ստուգումներ չեն իրականացվել։
Սևադա Ղազարյան