Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` անդրադառնալով շվեյցարական Berner Zeitung («Բեռներ Ցայտունգ») օրաթերթի՝ Հայաստանի մասին հրապարակմանը:
Նույն օրը politik.am կայքը հրապարակել էր հոդված, որում, հղում անելով կառավարության իրենց աղբյուրներին, պնդում էր, թե հոդվածը պատվիրված է։ Politik.am-ի նյութում նաև նշվում էր, թե «շվեյցարական Berner Zeitung թերթը հիմնականում հենց պատվիրված հոդվածներ է հրապարակում»։ Որպես ապացույց՝ բերվում էր prnews.io կայքում առկա «գնացուցակը»։ Pnews.io-ն փիառ ընկերություն է, որը, ըստ կայքի «Մեր մասին» բաժնի, զբաղվում է ընկերությունների մասին տեղեկությունների տարածմամբ ԶԼՄ-ներում, մասնագիտացված կայքերում և այլուր։
Politik.am-ի հոդվածագիրը նշում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարությանը գովաբանող հոդվածի դեպքում պատվիրատուն օգտվել է նաև հավելյալ ծառայություններից։ Հոդվածի հեղինակը հայտնի լրագրող FRANK NIENHUYSEN է, ով գրում է քաղաքական և տնտեսական թեմաներով։ Եթե հաշվի առնենք նաև այս հանգամանքը, ապա կառավարությանը գովաբանող հոդվածը պատվիրատուի վրա նստել է ավելի քան 6 մլն 900 հազար դրամ»։
Politik.am-ի նյութը վերահրապարակվել է news.am, tert.am և այլ կայքերում։
Ի պատասխան, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» (infocheck.am) հրապարակեց հերքում՝ նշելով, որ կառավարությունը գումար չի հատկացրել և որ թերթը ևս հերքում է դա։
«Հայտնում ենք, որ հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի»,- ըստ infocheck.am-ի` հայտնել են թերթի խմբագրությունից։Հատկանշական է, որ այս հերքումը Politik.am-ը չի հրապարակել։
Fip.am-ը փորձեց գնալ հրապարակման հետքերով՝ ստուգելով նաև «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հերքումը։
Berner Zeitung-ում հոդվածը վերահրապարակվել է գերմանական թերթից
Berner Zeitung-ում հրապարակված հոդվածի հեղինակն իսկապես Ֆրանկ Նինհույսենն (Frank Nienhuysen) է։
Fip.am-ը պարզեց, որ նույն հոդվածը Berner Zeitung-ից մեկ շաբաթ առաջ՝ դեռ հունվարի 1-ին, հրապարակվել է գերմանական Süddeutsche Zeitung օրաթերթի կայքում՝ sueddeutsche.de։ Այն գրեթե ամբողջովին նույն հոդվածն է՝ բացառությամբ մի քանի աննշան տարբերությունների։ Օրինակ, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքին, պետությանը պատճառած վնասի չափը գերմանական թերթում արտահայտված է եվրոյով, իսկ շվեյցարականում՝ տեղական արժույթով՝ ֆրանկով։
Süddeutsche Zeitung թերթը, որը լույս է տեսնում Գերմանիայի Մյունխեն քաղաքում, ավելի մեծ ճանաչում և տպաքանակ ունի, քան Berner Zeitung-ը։ Գերմանական թերթն ունի մոտ 380,000 տպաքանակ և համարվում է Գերմանիայի ամենամեծ թերթը՝ բաժանորդագրությունների քանակով։ Իսկ Բեռնում հրատարակվող թերթը Շվեյցարիայի յոթերորդ ամենամեծ տպաքանակ (137,600) ունեցող թերթն է։
Հոդվածի հեղինակը հերքում է
Fip.am-ը կապվեց գերմանական Süddeutsche Zeitung օրաթերթի խմբագրության հետ։ Թերթի արտասահմանյան լուրերի բաժնի ներկայացուցիչը վրդովվեց մեր հարցից՝ զայրույթ հայտնելով, թե ինչպես կարող է թերթը վճարված հոդված հրապարակել։ «Մենք անկախ թերթ ենք»,- նշեց նա։
«Փաստերի ստուգման հարթակը» նաև կապվեց հոդվածի հեղինակ Ֆրանկ Նինհույսենի հետ՝ փորձելով պարզել իրականությունը։ Նինհույսենը բացառեց հոդվածի կոմերցիոն լինելը։
«Հոդվածը հրապարակվել էր Süddeutsche Zeitung-ում և հետո վերահրապարակվել է Berner Zeitung-ում։ Süddeutsche Zeitung-ը երբեք չի հրապարակում վճարված հոդվածներ, այն քաղաքականապես և ֆինանսապես անկախ թերթ է»,- ասաց նա։
Լրագրողը նաև նշեց, որ իր հոդվածը Berner Zeitung-ում հրապարակվել է երկու թերթերի համագործակցության արդյունքում։
Այսպիսով, և՛ Süddeutsche Zeitung թերթը, որտեղ սկզբնապես հրապարակվել է հոդվածը, և՛ հոդվածի հեղինակը հերքում են, որ այն եղել է պատվիրված։
Հովհաննես Նազարեթյան