Հոկտեմբերի 9-ին ամերիկյան «Washington Times» օրաթերթը հրապարակել էր Ադամ Էրելիի հոդվածը` հայաստանյան քաղաքական կյանքի մասին։ Այն կրում է «Անարխիա Հայաստանում» (“Anarchy in Armenia”) վերնագիրը։ Հոդվածը լուսաբանվել է հայկական մամուլում՝ «Առավոտ»-ի, «Հրապարակ»-ի, և Tert.am-ի կողմից, նաև ադրբեջանական կայքերում՝ day.az և axar.az:
Այն խիստ բացասական պատկեր է ստեղծում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ հոդվածի հեղինակի, «սիստեմատիկորեն վնասում և քանդում է Հայաստանի կառավարման հաստատությունները» և «դիմում է այն քրեական մարտավարություններին, որ նա այդպես հետևողականորեն դատապարտել է»։ Հեղինակը Փաշինյանին համեմատում է Արևելյան Եվրոպայի մի քանի ավտորիտար ղեկավարների հետ, ինչպիսիք են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հոդվածի բովանդակությանը ծանոթանալով՝ կարելի է վստահաբար ասել, որ այն պատվիրված է։ Նախ անդրադառնանք «Washington Times» օրաթերթին։ ԱՄՆ-ում այս աջակողմյան (պահպանողական) օրաթերթը հայտնի է դավադրության տեսությունների հրապարակմամբ, ինչպիսին են օրինակ Բարաք Օբամայի ծննդավայրի և նրա՝ իբր թե մահմեդական լինելու վերաբերյալ կեղծիքները:
Ինչ վերաբերում է հեղինակին՝ Էրելին եղել է ԱՄՆ դեսպանը Բահրեյնում (2007-11), իսկ այժմ Mercury/Clark & Weinstock լոբբիստական և խորհրդատվական կենտրոնի փոխնախագահն է։ Նա հայտնի է հատկապես որպես Քաթարի շահերը պաշտպանող և հակաիրանական լոբբիստ։
Էրելին վերջին մի քանի տարվա մեջ հրապարակել է ընդամենը մի հոդված Հայաստանի մասին։ 2016 թվականի փետրվարին ամերիկյան «Forbes» հանդեսում հրապարակվել է նրա հոդվածը՝ «Պուտինի ամենանոր արբանյակ պետությունը» (Putin’s Newest Satellite State), որում ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է որպես վտանգ՝ ԱՄՆ շահերի և ՆԱՏՕ-ի համար։ «Forbes»-ը հոդվածի վերջում բացահայտում է, որ Էրելիի հաճախորդների թվում է Turkish Institute for Progress-ը՝ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի շահերը խթանող մի կազմակերպություն։ Ըստ ամերկահայ խմբագիր Դանիել Գուշագճյանի՝ այն հայտնի է իր հակահայ քարոզչությամբ։
Ամերիկահայ «Ասպարէզի» սյունակագիր Կարեն Եգբարյանը (Garen Yegparian) կարծում է, որ «Washington Times»-ում հրապարակված Էրելիի հոդվածը կարող է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերը լինել։ Հիշեցնենք, որ հետախուզող լրագրող Գրիգոր Աթանեսյանը սեպտեմբերին բացահայտել էր այն փաստը, որ Քոչարյանը դիմել է բրիտանական լոբբիստական ծառայությունների օգնությանը։
Հովհաննես Նազարեթյան