«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը հունվարի 21-ին հրապարակել է հարցազրույց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ՝ հայազգի գերիների իրավունքների պաշտպանության և նրանց մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունների թեմայով։
Հարցազրույցի նախաբանում թերթը հղում է անում ԱՄՆ 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքին՝ պնդելով, որ Ջո Բայդենի ստորագրած այս օրենքում ասվում է, թե «Ադրբեջանը և Թուրքիան օտարերկրյա ջոկատների աջակցությամբ ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա»։
«Իրավական ակտում ընդգծված է, որ չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերի, պատանդ և ձերբակալված անձանց»,- ասվում է նյութում։
«Հայաստանի Հանրապետության» պնդումները, սակայն, մանիպուլյատիվ են։ Օրենքը, որին հղում է անում օրաթերթը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իսկապես ստորագրել է դեկտեմբերի 27-ին։ Այն պահանջում է (մաս 1302), որ օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո երկրի պաշտպանության նախարարը, «խորհրդակցելով դաշնային այլ գերատեսչությունների և ղեկավարների հետ», Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի հաշվետվություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի հակամարտության մասին։ Օրենքը պահանջում է տեղեկություններ նոյեմբերի 9-ի պայմանագրի խախտման դեպքերի՝ ներառյալ ռազմագերիների կամ գերեվարված քաղաքացիական անձանց մասին, պատերազմում օտարերկրյա դերակատարների, նրանց ռազմական և դիվանագիտական ներգրավվածության մասին և այլ մանրամասներ։
Ստորագրված օրենքում պատերազմը սկսողների կամ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայազգի գերիների մասին որևէ հստակ պնդում չկա․ կողմերին միայն կոչ է արվում «անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»։
Իրականում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի և շուրջ 200 հայ գերիների մասին մեջբերումը վերցրել է մեկ այլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 2021-ի սեպտեմբերի 23-ին ընդունված H.R.4350 փաստաթղթից, որը դեռևս չունի օրենքի կարգավիճակ և նախագահին ներկայացվելուց առաջ պետք է քննարկվի և ընդունվի նաև Սենատում։
Այս նախագծի 1326-րդ մասում ներառված է զեկույց՝ հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ, որից էլ օրաթերթը կատարել էր մեջբերումներ։ «2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, որը հայտնի է նաև Արցախ անունով, ինչի արդյունքում տեղահանվել են տասնյակ հազարավոր հայազգի բնակիչներ»։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ գերիների։
Այսպիսով, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը մանիպուլացնում է՝ դեռևս ամբողջապես չընդունված և քննարկման փուլում գտնվող օրինագիծը ներկայացնելով որպես ԱՄՆ նախագահի ստորագրած օրենք։
Անի Ավետիսյան