Ամեն տարի հոկտեմբեր ամսվա ընթացքում խաղարկվում է ԱՄՆ Բազմազանության վիզաների խաղարկային ծրագիրը (Diversity Visa Program), որն ավելի հայտնի է «գրին քարտ» անունով։ Ծրագրի միջոցով աշխարհի գրեթե բոլոր երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ստանալ և հետագայում սահուն և օրինական կերպով դառնալ ԱՄՆ քաղաքացի։
Հայաստանից ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ դիմում են ծրագրին՝ հույս ունենալով արտագաղթել երկրից և բնակություն հաստատել Ամերիկայում։ 2017-ի հոկտեմբերին «Կովկասյան բարոմետրի» հարցման արդյունքներով հարցվածների 35 տոկոսը Հայաստանից մշտապես արտագաղթելու մտադրություն էր հայտնել, իսկ 2020-ի փետրվար-մարտին նույն կազմակերպության կողմից իրականացված հարցման արդյունքներով այդ տոկոսը իջել էր՝ հասնելով 24-ի։
Հայաստանից «գրին քարտի» դիմողների քանակը
ԱՄՆ պետական դեպարտամենտի կայքում հասանելի է 2007-2021 թթ. «գրին քարտի» ծրագրին դիմողների թիվը՝ ըստ երկրների։
Կարևոր է նշել, որ այստեղ նշված տարիները հաշվարկվում են ԱՄՆ դաշնային կառավարության ֆիսկալ տարիներով, որոնք սկսվում են նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին և ավարտվում այդ ֆիսկալ տարվա սեպտեմբերի 30-ին։ Այսինքն, 2021-ը 2020-ի հոկտեմբերի 1-ից մինչ 2021-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածն է։
Սովորաբար խաղարկությանը մասնակցելու դիմումների ընդունումը սկսվում է հոկտեմբերին և տևում շուրջ մեկ ամիս։ Օրինակ՝ 2020 թվականին խաղարկությանը դիմելու ժամկետն էր հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 10-ը։
2007-2021 թթ․ խաղարկություններին, ընդհանուր առմամբ, Հայաստանից ստացվել է 2 միլիոնից ավելի դիմում։ 2007-2011 թվականներին Հայաստանից դիմողների թվի մեջ մեծ փոփոխություններ չեն եղել, սակայն 2012-ից սկսած էական աճ է գրանցվել։ Այսպես, 2012-ին դիմողների թիվը մոտ 92 հազար էր, իսկ 2015-ին՝ 131 հազար։
Հայաստանից ամենաշատ դիմում ստացվել է 2018-ին՝ մոտ 267 հազար մարդ։
Դրանից հետո դիմողների թիվը սկսել է տարեցտարի նվազել։ 2021-ի խաղարկությանը արդեն դիմել է մոտ 161 հազար քաղաքացի։
2021 թվականի խաղարկությանը մասնակցած 202 երկրների ցանկում Հայաստանը երրորդն է՝ դիմողների տոկոսային հարաբերակցությամբ։ Առաջին տեղում է Ալբանիան, երկրորդ՝ Մոլդովան, որոնց բնակչության 8 տոկոսից ավելն է դիմել 2021-ի խաղարկությանը։ Նույն տարում Հայաստանի բնակչության մոտ 5.4 տոկոսն է դիմել «գրին քարտի»։
Հատկանշական է, որ ցուցակի առաջին տասնյակի վեց երկրները նախկին Խորհրդային Միության կազմից են՝ Հայաստան, Վրաստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Բելառուս և Տաջիկստան։
Իսկ ընդհանրապես՝ դիմողների բացարձակ թվով աշխարհում առաջատարներն են Եգիպտոսը (872,000), Ուզբեկստանը (833,000), Իրանը (760,000), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (748,000), Նեպալը (688,000), Եթովպիան (547,000) և Ռուսաստանը (533,000)։
Դիմողների երկրները հաշվարկվում են ըստ լրացված դիմումներում նշված տեղեկությունների։ Դրանք հիմնականում համընկնում եմ դիմողների ծննդավայրերի հետ, բայց որոշ դեպքերում դիմողները կարող են ընտրել այն երկրները, որոնցում ծնվել են իրենց ամուսինները կամ ծնողները։
Հովհաննես Նազարեթյան