Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտառոց հայտարարություն էր արել. նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին մեղադրել էր Հայաստան զենք մատակարարելու մեջ՝ հայտարարելով, որ այդ երեք երկրները Հայաստանին ամեն տեսակի զենք են տրամադրում։
«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, ուսումնասիրել է, թե ինչքանով է իրականում Էրդողանի պնդումը համապատասխանում իրականությանը։
Ռուսաստան
Ռուսաստանը բազմապիսի զինատեսակներ է մատակարարում արցախյան հակամարտության երկու կողմերին էլ։ Հենց Ռուսաստանն է մատակարարել Հայաստանի և Ադրբեջանի զինանոցի մեծ մասը։ Հայաստանի դեպքում Ռուսաստանից ներկրված զենքերի կշիռը, իհարկե, ավելի մեծ է։ Այսպես, ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI)՝ 2007-11 թթ. Հայաստան ներմուծված զենքերի 96 տոկոսը եկել է Ռուսաստանից, իսկ 2015-19 թթ.՝ 94 տոկոսը։ Դեռ 1993-94 թթ. Ռուսաստանը Հայաստան է մատակարարել զգալի չափով զենք, այդ թվում՝ մի քանի տասնյակ տանկ, հարյուրավոր հակատանկային և զենիթահրթիռային համալիրներ։
Ադրբեջանի զինանոցում ևս ռուսական զենքի կշիռը բավական մեծ է։ Դեռ 2013 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանից գնել են 4 մլդ դոլարի զենք։ Ըստ SIPRI-ի՝ 2009-13 թթ. Ադրբեջանի ներկրած զենքի 80 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Հենց այս տարիներին էր Ադրբեջանը սկսել իր զինանոցը հարստացնել։ Հաջորդող տարիներին Ռուսաստանի կշիռը զգալիորեն ընկավ, քանի որ Ադրբեջանը զենքի նոր մատակարարներ էր գտել (Թուրքիա և Իսրայել)։ 2015-19 թվականներին, ամեն դեպքում, Ռուսաստանից զգալի քանակի զենք է ներկրվել։ Ըստ SIPRI-ի՝ այդ տարիներին Ադրբեջանի գնած զենքի 30 տոկոսն է եկել Ռուսաստանից։
Ֆրանսիա
Ֆրանսիան, ինչպես Fip.am-ն արդեն գրել է՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների վրա, մոտ 150 մլն եվրոյի զենք է վաճառել Ադրբեջանին, որի ճնշող մասը՝ 2015 թվականին։ Հայաստանին Ֆրանսիան, ըստ ԵՄ կողմից հրապարակված պաշտոնական տվյալների, 2013-2019 թթ. ընթացքում վաճառել է միայն 4 հազար եվրո արժողությամբ զենք կամ՝ Ադրբեջանին վաճառված զենքից մի քանի տասնյակ անգամ քիչ։
ԱՄՆ
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն ուղղակիորեն զենք չի մատակարարել ո՛չ Հայաստան, ո՛չ էլ Ադրբեջան։ Ըստ SIPRI-ի տվյալների բազայի՝ ԱՄՆ-ն զենք չի վաճառել Հայաստանին, իսկ Ադրբեջան մատակարարել է միայն զրահամեքենաների 140 դիզելային շարժիչներ։
Միացյալ Նահանգները, սակայն, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին երկար տարիներ տրամադրում է ուղիղ ֆինանսական աջակցություն՝ անվտանգության, այդ թվում՝ ռազմական ոլորտում (security assistance)։ ԱՄՆ-ն վերջին 20 տարում այս ոլորտի աջակցման համար Ադրբեջանին տրամադրել է երկու անգամ ավելի շատ գումար, քան Հայաստանին։
Այսպիսով, ըստ Միջազգային քաղաքականության կենտրոնի (Center for International Policy) կողմից գործարկվող Security Assistance Monitor կայքի, 2000—2020 թվականներին, ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել գրեթե 210 մլն դոլարի օգնություն անվտանգության ոլորտում, իսկ Ադրբեջանին՝ ավելի քան 418 մլն դոլարի։
Ավելին, Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում՝ 2017-2020 թթ., Հայաստանը ստացել է ընդամենը 16 մլն դոլար, իսկ Ադրբեջանը՝ գրեթե 106 մլն դոլար։ Մինչդեռ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը (2009-2016 թթ.) հավասարաչափ գումար է տրամադրել երկու երկրներին։ Հայաստանը նրա նախագահության շրջանում ստացել է 117 մլն դոլարի աջակցություն, իսկ Ադրբեջանը՝ 114 մլն դոլարի։
Իսկ Ջորջ Բուշի նախագահության շրջանում (2001-2008 թթ.) Ադրբեջանին տրամադրվել է երկուսուկես անգամ ավելի (196 մլն դոլար), քան Հայաստանին (76.5 մլն դոլար)։
Հայաստանը և Ադրբեջանը նաև անվտանգության ոլորտի օգնություն են ստացել Բիլլ Քլինթոնի նախագահության վերջին տարում՝ 2000 թվականին, երբ Հայաստանին բաժին էր հասել 542 հազար դոլար, իսկ Ադրբեջանին՝ 1․9 մլն դոլար։
2000-2020 թթ. ԱՄՆ կողմից Հայաստանին տրված մոտ 210 մլն դոլարի աջակցության մոտ 85 տոկոսը (177 մլն) հատկացվել է հինգ ծրագրի շրջանակում՝
- 70.8 մլն դոլար (34%)՝ նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացման համար
- 51.3 մլն դոլար (24%)՝ ուղղակի ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման համար
- 19.2 մլն դոլար (9%)՝ սարքավորումներ և վարժանքներ թմրամիջոցների տարածման և այլ հանցագործությունների դեմ պայքարի համար
- 19.1 մլն դոլար (9%) ՝ Ազատության աջակցման ակտի (FREEDOM Support Act) շրջանակում
- 16.1 մլն դոլար (8%)՝ հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրերի համար
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2000-2020 թթ. Ադրբեջանին ցույց տրված 418 մլն դոլարի աջակցության ավելի քան 80 տոկոսը (338.5 մլն դոլար) տրվել է չորս ծրագրերի շրջանակում՝
- 146 մլն դոլար (35%) նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացման համար
- 101.5 մլն դոլար (24%) գործընկերների կարողությունները զարգացնելու նպատակով, հատկապես հակաահաբեկչական գործողությունների, թմրանույթների կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ջրային և ցամաքային սահմանների անվտանգության, ռազմական հետախուզության գործողությունների նպատակով
- 51.3 մլն դոլար (12%) ուղղակի ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման համար
- 39.7 մլն դոլար (10%) հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրերի համար
Չնայած, որ ԱՄՆ-ի՝ անվտանգության ոլորտի համար տրամադրած աջակցության զգալի մասը Ադրբեջանն օգտագործել է նավատորմի վրա, և ԱՄՆ-ն այդ երկրին աջակցում է հիմնականում Իրանի դեմ ճնշում գործադրելու նպատակով, ըստ ամերիկահայ ռազմական փորձագետ Էմիլ Սանամյանի՝ ԱՄՆ աջակցությունը նաև հետևանքներ ունի Հայաստանի հետ հակամարտության համատեքստում։ Մասնավորապես, Ադրբեջանի սահմանապահ զորքերը, որոնք հսկում են Հայաստանի հետ սահմանի որոշ հատվածներ, ուղիղ աջակցություն են ստանում ԱՄՆ-ից և, ինչպես նշում է Սանամյանը, կարող են օգտագործվել Արցախի դեմ ևս։
Այսպիսով, բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունները ուսումնասիրելով, պարզ է դառնում, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից Հայաստանին զինում է միայն Ռուսաստանը, իսկ Ֆրանսիան զենք է վաճառել միայն Ադրբեջանին։ ԱՄՆ-ն էլ զենք չի վաճառել ոչ մի կողմին, սակայն վերջին 20 տարում Ադրբեջանին անվտանգության ոլորտում երկու անգամ ավելի շատ աջակցություն է ցուցաբերել, քան Հայաստանին։
Հովհաննես Նազարեթյան