2020 թվականին Երևանի բազմաբնակարան շենքերում թվով 500 վերելակներ տեղադրվեցին, սակայն բնակիչների կողմից գեղեցիկ, մաքուր և հարմարավետ վերելակները միանշանակ չընդունվեցին։ Պատճառն այն է, որ նոր վերելակները հաճախակի են խափանվում։
Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա սկզբին տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ կտեղադրվի։ Մինչ այդ 20 նոր վերելակ փորձարկման ծրագրով արդեն տեղադրվել էին։
2020 թ. ապրիլից արդեն վերելակները ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ էր հայտարարվել, սահմանվել էին պահանջվող ապրանքի տեխնիկական բնութագրերը։ Միաժամանակ հրապարակվել էին այն հասցեները, որտեղ նախատեսվել էր տեղադրել 500 ժամանակակից վերելակներ:
«Վերջին 28 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է 35 վերելակ: Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ»,- ծրագրի հաստատումից հետո նշել էր քաղաքապետ Հայկ Մարությանը և հստակեցրել, որ իր պայմաններից է եղել՝ վերելակների բացվածքն այնպիսին լինի, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան հեշտությամբ մուտք և ելք ունենալ: «Շատ կարևոր ևս մեկ հնարավորություն. վերելակներն աշխատում են UPS համակարգով, և եթե անսպասելի հոսանքի անջատում լինի, վերելակը չի կանգնում այդտեղ, մոտենում է մոտակա հարկին և բացվում է»,- նշել էր Մարությանը:
Նախատեսված շենքերում նոր վերելակների տեղադրումից հետո բնակիչների ոգևորությունը, սակայն, երկար չտևեց. նոր վերելակները հաճախ են խափանվում։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե որքանով են պատշաճ կատարվել վերելակների տեղադրման աշխատանքները և որն է վերելակների հաճախակի խափանման պատճառը։
Նոր վերելակների չափանիշներն ըստ պայմանագրի
Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների (տեղադրումով և սպասարկմամբ) ձեռքբերման նպատակով բաց մրցույթ հայտարարելով՝ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր գնման առարկայի՝ վերելակի տեխնիկական բնութագիրը՝ այսինքն, թե ինչպիսի վերելակներ պետք է տեղադրվեն բազմաբնակարան շենքերում։
Ըստ այդմ՝ մարդատար վերելակի դռների բացվածքը պետք է լինի 800 մմ՝ նախատեսված սահմանափակ շարժունակությամբ անձանց համար, դռների բարձրությունը՝ 2000 մմ, գլխավոր էլեկտրաշարժիչը՝ VVVF համակարգով, արագությունը՝ 1մ/վ, կանչի ապարատը՝ մետաղական, կոճակները՝ հակավանդալ, լույսով։ Բոլոր հարկերում պետք է հարկային ցուցիչներ լինեն՝ ձայնային ազդանշանով, վերելակները պետք է ունենան հայելի, բռնակ՝ չժանգոտվող մետաղից, լեդ լուսավորություն, օդափոխության համակարգ, ուղևորների տարհանման համակարգ, վերելակից օգտվելու կանոնները նշվեն հայերենով և այլն։
Ներկայացվել էին նաև վերելակի փոխարինման պայմանները՝ հին վերելակի ապամոնտաժում, ապամոնտաժված թափոնների բեռնում և հանձնում: Հարկերի դռների շրջանակների ապամոնտաժում և նորի տեղադրում, դռների բացվածքի մեծացում, շեմի նորոգում ըստ տեղային անհրաժեշտության (շաղախ կամ մետաղյա թիթեղ` 5մմ ոչ պակաս, և այլն)։
Ըստ պայմանագրի՝ կատարված աշխատանքը կարող է ընդունվել միայն պետական լիազոր մարմնի կողմից տրված դրական եզրակացության առկայության դեպքում: Ընկերությունը տեղադրումից հետո պետք է 24 ամիս երաշխիք և 12 ամիս սպասարկում ապահովի։
Վերելակները ենթարկվել են տեխնիկական անվտանգության փորձաքննության և ստացել դրական եզրակացություն
Վերելակների մատակարարումը մրցույթով վստահվել է «ՌաֆէլԳրիգ» ՓԲ ընկերությանը։ Պայմանագրի ընդհանուր գինը սահմանվել է 4 մլրդ 678 մլն դրամ, իսկ միավոր գինը՝ 9 մլն-ի սահմաններում։ Գույքը համայնքի խնայված միջոցներից շենքի բնակիչներին պետք է հանձնվեր անվճար, բայց պայմանով, որ սկսեն միջոցներ հավաքել՝ 25 տարի անց այն սեփական ուժերով փոխելու համար: Իսկ սպասարկման պատասխանատվությունը փոխանցվում է համատիրություններին։
Երևանի քաղաքապետարանից Fip.am-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2020 թ․ նախատեսված թվով 500 վերելակից հունվարի 19-ի դրությամբ փաստացի տեղադրվել է 437 վերելակ։ «Մնացած վերելակների փոխարինման գործընթացն ուշանում է աշխատանքներն իրականացնող ընկերության պատճառով։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ ընկերությունը ժամկետների ուշացման համար կենթարկվի պատասխանատվության։ Մնացած 63 վերելակի փոխարինման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև հունվարի 30-ը»,- պարզաբանել էր քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից նաև հավաստում են, որ վերելակները ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ենթարկվել են տեխնիկական անվտանգության փորձաքննության և ստացել են դրական եզրակացություններ:
Ինչ վիճակով են վերելակները հանձնվել շահագործման
Պայմանագրով նախապես հաստատված չափանիշները, սակայն, ոչ բոլորի դեպքում են հետագայում պահպանվել։ Օրինակ՝ 500-ից շուրջ 110 վերելակների դռների բացվածքը ոչ թե 800, այլ 700 մմ է, թեև պահանջվում էր, որ դռների բացվածքը անհրաժեշտության դեպքում պետք է մեծացնել։
Հատկանշական է, որ վերելակների դռների բացվածքը 10սմ փոքր տեղադրելու որոշումը հետագայում կայացվել է պայմանագրին կից համաձայնագրով, քանի որ հիմնավորվել է՝ կան հորաններ, որտեղ անհնարին է 80 սմ բացվածքով դռներով վերելակ տեղադրել։ Նշենք, որ հաշմանդամության սայլակները կարող են մուտք գործել նաև 70սմ բացվածով դռներով։ Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Հայկական ճամբար» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ 70 սմ-ը նվազագույն չափն է, և հավանական է, որ սայլակները հիմնականում կանցնեն:
Բացի այդ, հարկերում շատ դեպքերում շեմի նորոգումը լիարժեք չի կատարվել. կան անցքեր, մետաղյա թիթեղը մասնակի է տեղադրվել, ոչ ամբողջ լայնքով, հավելյալ մասերում շաղախ չի արվել։ Վերելակից օգտվելու կանոնները ռուսերենով են, որոշ բակերում շարունակում են թափված մնալ ապամոնտաժված վերելակի թափոնները։
Բացի սա, վերելակները տեղադրված են ակնհայտ անփութորեն։ Օրինակ՝ Արամ Խաչատրյան 29/1 հասցեում տեղադրված նոր վերելակը վերուվար է անում ցնցումներով և բարձր աղմուկով, որի պատճառը կարող են լինել վերելակի հակակշիռն ապահովող անհարթ ռելսերը (ուղղորդիչներ) կամ ուղղորդիչների (խցիկ, հորան, հակակշիռ) ոչ ճիշտ դասավորությունը, որը նպաստում է շփման ուժերի մեծացմանը, որն էլ, իր հերթին, ավելացնում է վերելակի խցիկի և նրա շարժիչի աշխատանքի ծանրաբեռնվածությունը։ Արդյունքում՝ կարող է հանգեցնել հաճախակի խափանման։
Որոշ դեպքերում վերելակի խցիկի վահանակները սահմանված կարգով հավաքված, ամրացված չեն, այլապես վահանակները միջտարածություն չէին ունենա։
Դրական եզրակացություն ստացած նոր վերելակներից շատերը լավագույն դեպքում շաբաթական մեկ-երկու անգամ խափանվում են
Տեղադրված վերելակների սպասարկումը որոշ համատիրությունների հետ կնքված պայմանագրով իրականացնում է նաև «Նյու լիֆտ» ընկերությունը: Fip.am-ին չհաջողվեց ստանալ տեղեկատվություն, թե օրական քանի՞ կանչ են ստանում իրենց կողմից սպասարկվող շենքերում վերելակի խափանման առիթով։ Ընկերության աշխատակից ներկայացած Հովհաննես Մանուկյանը նշեց, որ կանչերը թեև գրանցում են, սակայն առանձին վիճակագրություն չեն կազմում։
Հովհաննես Մանուկյանը բոլորովին զարմանալի չհամարեց այն դիտարկումը, որ արդյո՞ք նորմալ է, որ նոր տեղադրված վերելակը մեկ ամսվա ընթացքում 5-ից 10 անգամ խափանվի. «Նորմալ է, նոր վերելակներ են, պետք է փչանան, որ իմանաք ինչպես շտկել։ Խափանումները տարբեր պատճառներ ունեն՝ հորանների խնդիր կա, նոր յուղոտ ռելսերը փոշոտվում են՝ խափանվում և այլն»։
Մեղավորը բնակիչներն են՝ նոր վերելակներից օգտվել չգիտեն
«ՌաֆէլԳրիգ» ՓԲԸ տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ տեղադրված վերելակները շատ լավն են և հաճախակի խափանվում են բնակիչների մեղքով։ «Հարցն այն է, որ եթե նորմալ սպասարկողներ լինեն, նման խնդիրներ չեն առաջանա։ Վերելակը, քանի որ շատ զգայուն է, դռանն էլ կպնում ես կամ կանգնում դռների արանքում, մինչև մյուսը գալիս է, վերելակը զգում է՝ վտանգ կա, հետ է բացում դռները, 3 անգամ բացեց-փակեց, գցում է «ошибка», և վերելակը կանգնում է։ Ինչ հարց առաջացել է՝ թեկուզ պլատա է վառվել, էլի բնակիչների մեղքով է եղել, բայց մենք տարել փոխել ենք, մենք թույլ չենք տվել հասնի նրան, որ չաշխատի։ 5-10 վերելակների խափանման դեպքում կարող է լինի, որ լուրջ խնդիրներ առաջացնեն, բայց մենք էլ ենք ուսումնասիրել, հիմնական մասը գալիս է վերելակի հետ բնակչության ոչ ճիշտ վարվելուց »,- ասաց նա։
Գրիգորյանը հստակեցնում է՝ պայմանագրով իրենք 2 տարի երաշխիք և 12 ամիս սպասարկում պետք է ապահովեն, բայց սպասարկումը զուտ տեխնիկական է, ինչպես նշված է՝ ամիսը մեկ անգամ գնալ-նայել, յուղել և այլն, ինչն էլ անում են։ «Ամեն ինչ գալիս է քաղաքապետարանի ոչ ճիշտ աշխատանքից, իրենք այդքան մեծ ծախս են արել, ես ինքս եմ ափսոսում, ու հիմա հարկավոր է սպասարկման հարցն էլ կարգավորեն, իրար մեջ տարաձայնություններ կան, որ համատիրությունն ում է ուզում դնի՝ իր ծանոթներին բանին, այդ է պատճառը, որ նման խնդրի առաջ են կանգնում»,- ասաց նա։
Ի դեպ, «ՌաֆէլԳրիգ» ՓԲԸ տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ UPS համակարգեր չտեղադրվեցին վերելակներում, ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանն էր խոստացել, թեև պայմանագրում նման պահանջ դրված չի էլ եղել։
«Առաջին շենքերում, երբ փոխեցինք, մենք մեր կողմից դրանցից մի քանիսի վրա UPS-ներ դրեցինք մեր հաշվին, ասացինք, որ շուրջ 100 շենքերի վրա դեռ կդնենք, բայց դա նախատեսված չէր պայմանագրով, իրենք ոչինչ չարեցին, մենք էլ չշարունակեցինք դնել։ Թեև տարհանման սիստեմ, ինչպես պայմանագրում առկա է, մենք ապահովել ենք»,- ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ այնպես չէ, որ բոլոր վերելակները դրական եզրակացություն միանգամից ստացել են։ «Իհարկե եղել է, 170 բրիգադիր է աշխատում, կարող է մեկ-երկուսն էլ թերությամբ անեն։ Չեն ընդունել, ասել են վերցրեք, մենք էլ ուղղել ենք, առանց դրա չի կարող լինել»,- ասաց նա։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ չնայած ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել տեղադրված վերելակներին, դրանցից շատերն աշխատում են ակնհայտ խնդիրներով։
Նելլի Լազարյան