«Փաստերի ստուգման հարթակն» առաջարկել էր ընթերցողներին քվեարկել, թե որն է 2020 թվականի ամենամեծ սուտը։
Մենք առաջարկել էինք երեք տարբերակ՝
1․ Կորոնավիրուսի վերաբերյալ տարածված ապատեղեկատվությունները․
2․ 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայացված ապատեղեկատվությունները․
3․ Իշխանությունների «ապազգային» և «այլասերող» քաղաքականության մասին ապատեղեկատվությունները․
Ընթերցողները նաև սեփական տարբերակն առաջարկելու հնարավորություն ունեին։
Այսպիսով՝ տարվա ստերի 1-ին հորիզոնականը զբաղեցրել են 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայացված ապատեղեկատվությունները, որոնք հիմնականում տարածվում էին «#հաղթելուենք» նշանաբանի ներքո։ Սրա օգտին քվեարկել է մասնակիցների 56․1 տոկոսը։
2-րդ տեղում են «իշխանությունների «ապազգային» և «այլասերող» քաղաքականության մասին ապատեղեկատվությունները»։ Քվեարկությանը մասնակցած ընթերցողների 31․4 տոկոսը կարծում է՝ սուտ է, որ գործող իշխանությունները հակապետական և այլասերող քարոզ են տանում։
Իսկ Կորոնավիրուսի վերաբերյալ տարածված ապատեղեկատվությունը 3-րդ հորիզոնականում է։ Քվեարկության մասնակիցների միայն 10 տոկոսի համար են կորոնավիրուսի մասին տարածված ստերը նշանակալի։
Ինչ վերաբերում է ընթերցողների առաջարկած տարբերակներին, ապա քվեարկողներից մեկը «դարի սուտ է համարվում այն, որ Հայաստանն ընդհանրապես դաշնակիցներ ունի», Սու-30 կործանիչների մասին հայտարարությունը, մյուսները նշել են՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Ոչինչ չեմ ստորագրելու՝ առանց ժողովրդին նախօրոք ներկայացնելու/խոսելու» հայտարարությունները։ Մեկ այլ ընթերցող Սորոսի անվան հետ կապվող ստերն է նշել նշանակալի, ավելին՝ նա առաջարկում է ընտրել նաև թոփ ստախոսի և իր թեկնածուն առաջադրում՝ Նառա (Նաիրա Զոհրաբյան)։ Մեկ այլ ընթերցող էլ սուտ է համարում ընդդիմության մեդիատեռորը։
Նշենք, որ միայն հարցաթերթիկով քվեարկությանը մասնակցել է 240 հոգի, իսկ շատերը ստերի իրենց տարբերակը նշել են ուղղակի ֆեյսբուքյան էջում։
Ըստ այդմ՝ պատերազմական շրջանում տարածված ստերից առավել շատ հիշատակվել է «#Հաղթելուենք» հեշթեգը։ Դրան հաջորդում են «զգետնվեց», «գյոռբագյոռ 2020», «ոչ մի սանտիմետր ՀՀ տարածքից չի հանձնվելու», «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց», «վերջապես չինական ԱԹՍ-ները դուրս եկան», «Արցախը Հայաստան է և վերջ», և այլն։
Իսկ ընթերցողներից մեկն էլ ընդհանրացրել էր՝ «վերցրեք ՊՆ-ի միասնական տեղեկատվական ցանկացած հաղորդում, որը ներկայացնում էր Արծրուն Հովհաննիսյանը…»։
Ընթերցողները իշխանությունների կողմից հնչեցրած ստերից հետո հիշատակել են նաև ընդդիմության կողմից տարածվող ստերը, ինչպես, օրինակ, «Քոչարյանը վայելում է հայ ազգի 99․99%-ի սերն ու հարգանքը…..», «Քոչարյանը որոշել է թալանածը վերադարձնել», «Վազգեն Մանուկյանի վարչապետությունը», «ԲՀԿ-ն կաշառք չի բաժանել», «Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից հանրահավաքին ուղղված հռետորական ուղերձը…», «Վանեցյանը գնացել է կռվելու Արցախում» և այլն։
Ընթերցողները նաև ադրբեջանական քարոզչական ստերից են հիշատակել՝ «հայերը ֆոսֆորային ռումբեր են օգտագործել», նաև ռուս բարեկամներին հիշել. ««ռուս «բարեկամը» ոչ մի կապ չունի մեր երկրի ոչնչացման հետ», նաև դժգոհել ԶԼՄ-ների աշխատանքից՝ «ՀՀ֊ ում լրատվական դաշտը անաչառ է ու անկաշառ»։
Մեկ այլ ընթերցող տարվա ստերը հեգնանքով ամփոփում է. «Սերմնահեղուկի բանկը հայերի սպերման ուղարկում է Իսրայել, որ դրանից զենք ստանան ու վաճառեն Ադրբեջանին: Փոխարենը հայ կանանց հրեական սերմնահեղուկ են ներարկում, որ դառնանք հրեա: Համաճարակի օրերին մարդկանց ասում էին մնացեք տանը, որ չտեսնենք, թե ոնց են քաղաքում 5G աշտարակներ դնում: Պատվաստումների պատճառով էլ մարդիկ դառնում են գեյ»։
Այսպիսով, ամփոփելով քվեարկության բոլոր արդյունքները, կարող ենք արձանագրել, որ ընթերցողները 2020 թվականի տարվա սուտ են համարում Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայացված ապատեղեկատվությունները։ Նշենք, որ հնչեցված կեղծ հայտարարությունների ու պնդումների հետևանքով քաղաքացիները փաստացի սկսել են չվստահել պաշտոնական տեղեկատվությանը՝ կասկածի տակ դնելով յուրաքանչյուր հերքում։