Երեկ՝ մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկել էր մոտ երկու ժամ անց:
Հանրահավաքի մասնակիցների թվի շուրջ շրջանառվում են տարբեր թվեր:
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է մամուլում հանրահավաքի մասնակիցների մասին շրջանառվող տեղեկությունները:
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել են ավելի քան 60,000 քաղաքացիներ։
«Այսօր՝ Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ»,- նշված է նրանց էջում, սակայն նշված չէ, թե ինչ մեթոդաբանության վրա են հիմնված այս տվյալները:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ-առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հանրահավաքին մասնակցել է 120-130 հազար մարդ:
«Այս հրապարակը դուք տեսաք, ըստ տվյալների՝ 120-130 հազար, եթե ոչ ավելի մարդ կար»,- ասել է Բագրատ Գալստանյանը։ Սակայն կրկին հայտնի չէ, թե ինչ տվյալների վրա հիմնվելով է Բագրատ Գալստանյանը հայտարարել այդ թիվը:
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալներով՝ հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 20 հազար մարդ է եղել։
«Պիկին, ըստ «ՌԻԱ Նովոստիի» թղթակցի, Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 20 հազար մարդ կար»,- գրել է լրատվականը։ Բայց էլի հայտնի չէ, թե ինչ մեթոդաբանությամբ են հաշվել:
WarGonzo տելեգրամյան ալիքի տվյալներով, կրկին առանց հիմնավորման, Հանրապետության հրապարակում հավաքվել էր մոտ 70 հազար մարդ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, թե հանրահավաքին, տարբեր տվյալներով, մոտ 140 հազար մարդ է մասնակցել:
«Երեկ շատ տարբեր տվյալներով մոտ 140 հազարի հասնող մարդ է եղել Հանրապետության հրապարակում»,- ասել է Սուրեն Պետրոսյանը՝ ու էլի առանց հաշվարկի մեթոդաբանության հիմնավորման։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տվյալներով՝ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31,700 մարդ:
««Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ»,- ասված է ԻՔՄ-ի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ կցված են հաշվարկի արդյունքներն ապացուցող ֆայլերը:
Այսպիսով, Հանրապետության հրապարակում կայացած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցների թվի շուրջ շրջանառվում են տարբեր տվյալներ, սակայն հայտնի չէ, թե որոշ տվյալներ ինչ մեթոդաբանության կամ տվյալների վրա են հիմնված, և միայն ԻՔՄ-ն է, որ ներկայացրել է և՛ մեթոդաբանությունը, և՛ հաշվարկը ստուգելու համար անհրաժեշտ ֆայլերը:
Սյուզաննա Համբարձումյան