«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:
Այս անգամ դիտարկել ենք ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի ու նրա կնոջ՝ Արմինե Պետրոսյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Խաչիկ Ղազարյանը հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվել 2023-ի փետրվարի 17-ին՝ երեք տարի ժամկետով: Մինչ այդ, Ղազարյանը Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար է եղել։ Fip.am-ը ավելի վաղ գրել էր, որ Խաչիկ Ղազարյանը առանձնապես խոշոր չափերի վերաբերյալ քրեական գործով եղել է որպես վկա ու 5․8 մլն դրամի վնաս վերականգնել պետական բյուջե։ Բանն այն է, որ ըստ քրգործի, 2021 թվականի փետրվար-հունիս ամիսներին Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին ենթադրյալ խախտումներ. պարզվել էր, որ 2016-2018 թվականներին Դեպարտամենտի այդ ժամանակվա ղեկավար Կարեն Փոլադյանի հրամանով մի քանի աշխատակիցներ, այդ թվում նաև Ղազարյանը, իբրև թե, գործուղվել են տարբեր մարզեր ու դրա դիմաց օրապահիկ ստացել։
Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով Խաչիկ Ղազարյանին է պատկանում անհատական բնակելի տուն, իսկ բաժնային սեփականության իրավունքով՝ բնակարան (երկուսն էլ գտնվում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում-հեղ․)։ Մեկը նվիրատվություն է, մյուսը՝ ժառանգություն։
Ե՛վ 2022, և՛ 2023 թվականներին Ղազարյանը հայտարարագրել է նաև Արաբկիր վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող բնակարան։
Բացի երրորդ անձին պատկանող բնակարանից, Ղազարյանը 2022-ին հայտարարագրել է նաև երրորդ անձին պատկանող, 2010 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա։ Մեկ տարի անց՝ 2023-ի փետրվարին, Խաչիկ Ղազարյանը 15 մլն 075,000 դրամով ձեռք է բերել 2021 թվականի արտադրության ACURA մակնիշի ավտոմեքենա։ Գործարքի մյուս կողմը եղել է «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը։ Ավելի ուշ՝ 2023 թվականի դեկտեմբերին, Հակակոռուպցիոն դատարանի նախագահը նույն մեքենան վաճառել է 15 մլն 500,000 դրամով։
Երբ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար էր, Ղազարյանը եկամտի մի քանի աղբյուր էր ներկայացրել, այդ թվում՝ տարբեր անձանցից ստացված նվիրատվություններ։ 2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Ղազարյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է Դեպարտամենտից ստացած աշխատավարձը՝ 7 մլն 594,360 դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումներ՝ 26 մլն 384,500 դրամ, ինչպես նաև՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ՝ 1 մլն 85,000 դրամ, 10,000 դոլար և 40,000 դոլար, ընդհանուր՝ 55 մլն 240,160 դրամ։
2023 թվականի հայտարարագրում ներկայացրել է՝ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտից ստացած աշխատավարձը՝ 16 մլն 231,113 դրամ, «Հայէկոնոմբանկից» ստացված փոխառությունները՝ 903,700 դրամ, «Ակբա լիզինգից» ստացված փոխառությունները՝ 13 մլն 567,500 դրամ, UNITED NATIONS405 EAST 42ND-ից ստացած աշխատավարձը՝ 1377 դոլար, բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտից ստացած այլ եկամուտները՝ 49,737 դրամ, «Էվոկա բանկից» տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 11,415 դոլար, և գույքը, այս դեպքում՝ մեքենան վաճառելուց ստացված եկամուտը՝ 15 մլն 500,000 դրամ։
Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի նախագահի տարեկան ընդհանուր եկամուտը 2023-ին կազմել է 51 մլն 340,195.92 դրամ։
2022-ի տարեվերջի դրությամբ Ղազարյանի բանկային հաշիվներին եղել է՝ 7 մլն դրամ, 428 դրամ, 150,195 դրամ, 63,000 դոլար և 10,000 դոլար, իսկ 2023-ի տարեվերջի դրությամբ՝ 668,000 դրամ, 49,737 դրամ և 63,597 դոլար, էլեկտրոնային հաշվին՝ 5,000 դրամ։
Ինչպես շատ պաշտոնյաներ, Հակակոռուպցիոն դատարանի նախագահը ևս սիրում է կանխիկ միջոցներ պահել․ Խաչիկ Ղազարյանի կանխիկ գումարը 2022-ին կազմել է 1․5 մլն դրամ և 25,000 դոլար, իսկ 2023-ին՝ 7․5 մլն դրամ և 23,000 դոլար։ Այսինքն՝ նրա դրամային կանխիկ միջոցները մեկ տարվա ընթացքում սրընթաց աճել են։
Խաչիկ Ղազարյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդներ․ 2022 թվականին՝ 110,000 դոլար, իսկ 2023 թվականին՝ 131,440 դոլար։
Ղազարյանի վարկի մայր գումարի մնացորդը 2023 թվականի տարեվերջին կազմել է 903,700 դրամ, վարկի մարմանն ուղղել է 15 մլն 497,840 դրամ։
2023 թվականին Խաչիկ Ղազարյանը հանգստի համար ծախսել է 2․4 մլն դրամ։
Խաչիկ Ղազարյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, որը «Հայփոստում» մարքեթինգի մասնագետ է, 2022 և 2023 թվականներին հայտարարագրել է բաժնային իրավունքով բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Բացի այդ, և՛ 2022, և՛ 2023 թվականներին Արմինե Պետրոսյանը (ինչպես Խաչիկ Ղազարյանը) հայտարարագրել է նաև Արաբկիր վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող բնակարան։
2022 թվականի հայտարարագրում Արմինե Պետրոսյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է «Սվիթ հոմից» ստացած աշխատավարձը՝ 893,000 դրամ, իսկ 2023-ին՝ «Սվիթ հոմից» ստացած աշխատավարձը՝ 337,680 դրամ, «Հայփոստից» ստացած աշխատավարձը՝ 2 մլն 667,209 դրամ և «Էվոկա բանկից» տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 101,884 դրամ, ընդհանուր՝ 3 մլն 106,773 դրամ։
2022-ի տարեվերջի դրությամբ Պետրոսյանի բանկային հաշիվներին եղել է 138,447 դրամ և 222,970 դրամ, իսկ 2023-ին՝ 638,097 դրամ և 21,000 դրամ։
Արմինե Պետրոսյանի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 900,000 դրամ, իսկ 2023 թվականին՝ 1 մլն 050,000 դրամ։
Արմինե Պետրոսյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդ, որը և՛ 2022, և՛ 2023 թվականներին կազմել է 2 մլն դրամ։
Այսպիսով, Խաչիկ Ղազարյանի կանխիկ միջոցները Հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվելուց հետո՝ 2023 թվականին, կտրուկ աճել են։ Աճել են նաև նրա կնոջ եկամուտներն ու կանխիկ գումարները։
Սյուզաննա Համբարձումյան