Վերջին օրերին համացանցում քննարկվում են Արցախի Հադրութ քաղաքի գրավման հանգամանքները, հատկապես՝ գրավելու ամսաթիվը: Մասնավորապես, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ապրիլի 13-ին Ազգային ժողովում ընթերցել էր զոհված և անհետ կորած զինվորների ծնողների նամակը, որտեղ նշվում էր, որ իրենց երեխաներին հոկտեմբերի 11-ին ուղարկել են Հադրութ, թեև քաղաքը գրավված է եղել դեռևս հոկտեմբերի 9-ին:
Նշենք, որ մինչ օրս Արցախի խոշոր բնակավայրերից շատերի գրավման օրերի վերաբերյալ պաշտոնական որևէ հաղորդագրություն չի եղել:
«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրների և այդ օրերին ռազմական գործողությունները տեղում լուսաբանող լրագրողների ունեցած տեղեկությունների հիման վրա փորձել է պարզել, թե երբ է քաղաքն ամբողջությամբ անցել հակառակորդի վերահսկողության տակ։
Ի՞նչ էր կատարվում Հադրութում հոկտեմբերի 9-ին և դրանից հետո
Ադրբեջանը, սեպտեմբերի 27-ից լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծելով Արցախի ուղղությամբ, պատերազմի առաջին տասնօրյակում կարողացել էր նկատելի առաջխաղացում ունենալ: Պատերազմի առաջին իսկ օրից թիրախում էր նաև Հադրութ քաղաքը, որը պարբերաբար հրետակոծվում էր։
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ուղերձով հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հադրութը և մի շարք գյուղեր:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անմիջապես հերքել էր Ալիևին՝ հայտարարելով, որ հենց այդ պահին գտնվում է Հադրութում և «միայն հայերի է տեսնում»։
«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակից Ալեքսանդր Կոցը, որը լուսաբանում էր պատերազմը Արցախում, նույնպես հոկտեմբերի 10-ի երեկոյան հաստատել էր, որ Հադրութ քաղաքը դեռևս գտնվում է հայկական վերահսկողության ներքո՝ բուն քաղաքից տեսանյութ հրապարակելով:
Նույն օրը Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնության էին եկել հումանիտար հրադադար հայտարարելու շուրջ: Այն պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից։
Սակայն Պաշտպանության բանակը հոկտեմբերի 10-ին հայտնեց, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:
Բազմաթիվ փաստեր վկայում են, որ քաղաքը հոկտեմբերի 10-ի դրությամբ գրավված չէր և ներսում ընթանում էին մարտեր:
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները, որոնք այդ պահին գտնվում էին Արցախում, հոկտեմբերի 10-ի կեսօրին ուղևորվել էին Հադրութ՝ քաղաքում իրավիճակը հասկանելու համար: Հասնելով քաղաքի մատույցների մոտ, մեր լրագրողները մուտք չեն գործել քաղաք:
Հադրութի մոտ բարձրադիր վայրից լրագրողները նկատել էին այրվող տներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հրկիզվել էին դիվերսիոն խմբի կողմից: Այնտեղ նաև ակտիվ կրակահերթ էր տեղի ունենում դիվերսիոն ուժերի և հայ զինվորականների միջև: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Fip.am-ի լրագրողները չեն մտել բուն քաղաք: Մեր լրագրողների տեսախցիկը, սակայն, ֆիքսել էր Հադրութի բարձունքներից մեկում կանգնած ադրբեջանցի դիվերսանտներին։
Հոկտեմբերի 11-ին «Բարս մեդիա» կինոստուդիայի նկարահանող խումբը, այնուամենայնիվ, մուտք էր գործել Հադրութ քաղաք, երբ քաղաքը դեռևս գտնվում էր հայկական բանակի վերահսկողության տակ (տեսանյութը, սակայն, հրապարակվել է հոկտեմբերի 14-ին):
Հատկանշական է, որ տեսանյութում զինվորականներից մեկը պատմում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը Հադրութ է մտել հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 11-ին:
Հոկտեմբերի 11-ին Հադրութում է գտնվել նաև «Առաջին ալիքի» նկարահանող խումբը: Հրապարակված տեսանյութում թղթակիցը հայտնել է, որ քաղաքում շրջում են հայ զինվորականներ, հսկում են տարածքը, որպեսզի հոկտեմբերին 10-ին քաղաք ներթափանցած դիվերսիոն խմբի անդամներին հայտնաբերելու դեպքում ոչնչացնեն:
Fip.am-ը կապ հաստատեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ՝ ճշտելու, թե երբ են հայկական ուժերը վերջնականապես հեռացել քաղաքից: Նա նշեց, որ Հադրութը ադրբեջանական վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 11-ի երեկոյան, մինչ այդ քաղաքում շարունակվել են մարտերը։
Ուշագրավ է նաև, որ թեև ադրբեջանական կողմը հայտնել էր Հադրութի գրավման մասին դեռևս հոկտեմբերին 9-ին, Ադրբեջանի ՊՆ-ն Հադրութ քաղաքի ներսից տեսանյութ է հրապարակել միայն հոկտեմբերի 16-ին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքը գրավվել է ավելի ուշ։
Փաստացի, ադրբեջանական ուժերը, քաղաք մտնելով հոկտեմբերի 10-ին, 1,5 օր հետո են ստացել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։
Լուսինե Ոսկանյան