Սոցիալական ցանցերում վերջին օրերում տարածվում է տեղեկություն, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանը հանդիսանում է Արցախում գտնվող հուշարձանների սեփականատերը:
Իրականում վերջին օրերին Արցախի հայկական հուշարձանների վերաբերյալ Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում չի կայացրել: Վերջին անգամ միջազգային դատարանը հարցին անդրադարձել է 2021թ. դեկտեմբերի 7-ին: Սակայն այդ փաստաթղթում որևէ հիշատակում չկա այն մասին, որ Հայաստանը ճանաչվում է Արցախում գտնվող հուշարձանների սեփականատերը: Հետևաբար Ֆեյսբուքում և այլ հարթակներում տարածված տեղեկությունը կեղծ է և մանիպուլյատիվ:
Ինչ էր գրված դեկտեմբերի 7-ի որոշման մեջ
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Հայկական կողմի պահանջներից մեկը վերաբերում էր հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաև այդ վայրերի հասանելիության ապահովմանը:
Դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց ՀՀ-ի և Ադրբեջանի հայցերով վճիռները:
Անդրադառնալով հայկական պատմամշակութային, կրոնական կոթողների պաշտպանության հարցին, դատարանը եզրակացրել է ՝ պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման դեպքերը, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքային վայրերը, հուշարձանները, գերեզմանոցները, տեսարժան վայրերը և նյութական ժառանգության նմուշները:
Դատարանի վճռի մասին այլ մանրամասներին կարող եք կարդալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածում:
Նշենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած տարածքներում հետևողականորեն ոչնչացնում է կամ վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային կոթողները: Այդ դեպքերին «Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է:
Լուսինե Ոսկանյան
Նանե Մանասյան