Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայի գործող իշխանությունների տապալումը փետրվարի 24-ին այդ երկրի տարածքում մեկնարկած ՌԴ-ի «հատուկ գործողության» նպատակներից չէ:
«Հատուկ ռազմական գործողության նպատակներն են՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը, Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան, ռազմական սպառնալիքի վերացումը․․․ Դրա խնդիրների մեջ չի մտնում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության կազմաքանդումը, ո՛չ գործող իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- մասնավորապես, ասել է Զախարովան:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ բարձրագույն ղեկավարության՝ վերջին օրերի հրապարակային խոսքը և նկատեց, որ Կիևի իշխանությունների վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը փոխվել է օրերի ընթացքում:
Մասնավորապես, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին ազդարարող իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ դրանց նպատակն է «պաշտպանել մարդկանց, որոնք ութ տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվում Կիևի ռեժիմի կողմից» և որ պետք է «դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի ենթարկել Ուկրաինան» և դատաստան տեսնել ռազմական հանցագործների նկատմամբ, որոնք պատասխանատու են «խաղաղ բնակչության դեմ արյունոտ հանցանքների» համար։
Արդեն պատերազմի երկրորդ օրը՝ փետրվարի 25-ին, կառավարության անդամների հետ տեսակապի ընթացքում Պուտինը բաց տեքստով ռազմական հեղաշրջման կոչ արեց ուկրաինացի զինվորականներին՝ «նեոնացիստ» ու «թմրամոլ» անվանելով Կիևի գործող իշխանություններին:
«Եվս մեկ անգամ դիմում եմ Ուկրաինայի զինվորականներին, թույլ մի՛ տվեք նեոնացիստներին և բանդերականներին օգտագործել ձեր երեխաներին, կանանց ու ծերերին որպես կենդանի վահան, վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը: Կարծես թե, ձեզ հետ ավելի հեշտ կլինի փոխհամաձայնության գալ, քան այս նեոնացիստների ու թմրամոլների խմբակի հետ, որը թաքնվել է Կիևում և պատանդ է վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել էր ՌԴ նախագահը:
Պուտինի այս հայտարարությունից հետո ՌԴ ներկայացուցիչները Բելառուսում արդեն երեք անգամ բանակցությունների սեղանի շուրջ են նստել Կիևի գործող իշխանությունների հետ, իսկ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Կրեմլը Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի լեգիտիմ նախագահն է համարում։
Այսպիսով, պաշտոնական Մոսկվայից Կիևում «թմրամոլ» ու «նեոնացիստ» իշխանությունների փոփոխության ուղիղ կոչերն օրերի ընթացքում փոխարինվել են այդ իշխանությունների գոյությունը հանդուրժող հռետորաբանությամբ:
Նանե Մանասյան