Կրեմլի քարոզիչները, որոնց հիմա ընդունված է անվանել Z-քարոզիչներ (Ուկրաինայի դեմ սկսած պատերազմում ռուսական զորքերն իրենց փոխադրամիջոցների վրա օգտագործում էին Z տառով տարբերանշաններ), վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներկայացնում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Այս անգամ կրեմլյան քարոզչամիջոց հանդիսացող որոշ տելեգրամյան ալիքներ վկայակոչել են գրեթե մեկ ամիս առաջ արված՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի կասկածելի հայտարարությունները՝ տարածելով ատելություն Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների վերաբերյալ։
Մասնավորապես, «Системный пестицид» տելեգրամյան ալիքը օգոստոսի 17-ին գրել էր, թե իբր հայկական հասարակական կազմակերպությունները պայքարում են արևմտյան ֆինանսավորման համար և այդ ՀԿ–ների շրջանում «ցուցադրական սկանդալ» է հասունանում։ Ավելին, ռուսական քարոզչական ալիքը, առանց փաստական հիմքի, եզրահանգել է, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրությունը «կոռուպցիայի արդյունք է»։ Բազմաթիվ անհիմն պնդումներով այս տեղեկությունը տարածել էր նաև կրեմլյան մեկ այլ քարոզչամիջոց՝ «Rybar» տելեգրամյան ալիքը։
Տելեգրամյան այս ալիքները հիշել են հուլիսի 31-ին «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի հայտարարությունը, որը վերաբերել էր հունիսի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրության մրցույթի արդյունքներին։
«Ըստ դիտարկման արդյունքների` մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել մի շարք բացթողումներ, սխալներ, որոնք կարելի է համարել նաև դիտավորյալ, կոռուպցիոն համագործակցություն` ուղղորդված առանձին խմբի անձանց կողմից»,— հայտարարել էր Արիստակեսյանը։ Վերջինի ղեկավարած կազմակերպությունը մասնակցել էր մրցույթին որպես ընտրող և իրականացրել էր մրցույթի կազմակերպման ու անցկացման դիտարկում։
Այնուհետև հայտարարության մեջ Արիստակեսյանը մանրամասնել էր․ «Մրցույթի կազմակերպման և անցկացման գործում թերացել են ինչպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը, այնպես էլ ՀԸԳՀ ՔՀՊ անդամների մրցութային հանձնաժողովը: Այսպես, նրանք պատշաճորեն չեն կատարել ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգով սահմանված իրենց լիազորությունները»:
Մատնանշելով ընտրության հետ կապված ընթացակարգային, տեխնիկական խոչընդոտները՝ Արիստակեսյանը եզրակացրել էր, որ «Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) համակարգում տիրում է ընտրակեղծարարության, կազմակերպված կոռուպցիայի մթնոլորտ»։
«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, որը նաև ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնական անդամ է, Aravot.am-ի հետ զրույցում Մովսես Արիստակեսյանի հայտարարությունը ծայրից ծայր զրպարտություն էր համարել։
«Հայտարարությունը, որը տարածել է Մովսես Արիստակեսյանը, ինձ համար հասկանալի է, թե ինչու է հանկարծ հենց այս պահին տարածել, երբ մենք Եվրաքվեի հարցով ստորագրահավաք նախաձեռնեցինք։ Հայտարարությունում ծայրից ծայր զրպարտություններ են, որի կապակցությամբ ճիշտ կլինի պարզաբանումներ տա նաև ՀԱՊ համաժողովի կողմից ընտրված ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմի ընտրությամբ զբաղվող ընտրական հանձնաժողովը, որին հիմնականում ուղղված են այս անհեթեթ ու անհիմն մեղադրանքները։ Բայց չգիտես ինչու, իմ և Լուսինե Հակոբյանի անուններն են շեշտվում, թեև մենք առնվազն այս փուլում ընտրական գործընթացի կազմակերպման հետ որևէ առնչություն չենք ունեցել։ Ամեն դեպքում հուսով եմ՝ նաև ընտրական հանձնաժողովը համապատասխան արձանագրումները կանի և բացատրությունները կներկայացնի, ու այդ ժամանակ հանրությանը պարզ կլինի, թե ինչով են զբաղված այս մարդիկ»,- նշել էր Խուրշուդյանը։
Նկատենք՝ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը տեղի է ունեցել 2024 թ․ հունիսի 5-ին:
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) 366-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգի 36-րդ կետի համաձայն, քվեարկության արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 8 կազմակերպությունների ներկայացուցիչներից առավելագույն միավորներ ստացած 4-ն ընդգրկվում են ՀԸԳՀ-ի քաղաքացիական հասարակության պլատֆորմում (հիմնական անդամներ), մյուս 4-ը համարվում են փոխարինող անդամներ:
Այսպես՝ քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած հիմնական անդամներ են ընտրվել՝
- Սյուզաննա Սողոմոնյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, 446 միավոր
- Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, 376 միավոր
- Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, 356 միավոր
- Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, 315 միավոր
Քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած փոխարինող անդամներ են ընտրվել՝
- Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, 263 միավոր
- Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հիմնադրամ, 249 միավոր
- Վարդինե Գրիգորյան, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, 226 միավոր
- Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, 225 միավոր
Z–քարոզչամիջոցը գրում է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2021–ին։ Սակայն ճշմարտությունն այն է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև։
2018 թ․ ապրիլի 18-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։ 2021 թ. մարտի 1-ից համաձայնագիրը ուժի մեջ է մտել։
Նույն աղբյուրը նաև պնդում է, թե ԵՄ պաշտոնական կայքում չկան մրցույթի արդյունքների մասին տվյալներ, ներկայացված չեն հայկական պլատֆորմի ներկայացուցիչները՝ ակնարկելով, թե ԵՄ–ն չի ճանաչում ԵՄ–Հայաստան ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներին։ Մինչդեռ դեռևս հուլիսի 1-ին Հայաստանում ԵՄ առաքելությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով․ «Հունիսի 28-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի (ՔՀՊ) նորընտիր անդամներին՝ քննարկելու պլատֆորմի՝ ՀԸԳՀ-ի առնչվող բարեփոխումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման վերաբերյալ տեսլականը։ Քաղաքացիական հասարակության հետ ներգրավվելը առանցքային է գործընթացի ներառականությունն ապահովելու համար»։
Այսպիսով, կրեմլյան քարոզչամիջոցները ներկայացնում են սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ կասկածի տակ դնելով ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության գործընթացը և արդյունքները։
Սյուզաննա Համբարձումյան