Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում այսօր տեղի ունեցած վիճաբանության արդյունքում առնվազն 15 մարդ է տուժել, որից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, երկու աշակերտ վեճի են բռնվել, որը վերածվել է դանակահարության։ Այդ տարածքում գտնվող ուսուցիչներն ու դասընկերները փորձել են հանդարտեցնել վեճի մասնակիցներին, որի արդյունքում ևս ստացել են վնասվածքներ։
Կրեմլին ենթակա որոշ լրատվականներ, լուսաբանելով այս պատահարը, մանիպուլացրեցին այն, ինչպես նաև օգտագործեցին քաղաքական նպատակներով։
Ի սկզբանե մամուլով տեղեկություն տարածվեց, որ դպրոցի վրա հարձակում է տեղի ունեցել։ «Դիմակավորված երկու հանցագործ հարձակում են գործել թիվ 127 դպրոցի ուսուցիչների և աշակերտների վրա», — գրում է РИА գործակալությունը։
Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ հարձակում տեղի չի ունեցել, իսկ դանակով անձինք դպրոցի աշակերտներն են։ Մամուլով, սակայն, շարունակվեցին շրջանառվել կեղծ տեղեկություններ, որոնց թիրախում հայտնվեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։
Դաշնային Russia today գործակալությունը «Вконтакте» սոցիալական ցանցից արված լուսանկար տարածեց, որտեղ անհայտ մի օգտատեր 2016 թվականի դեկտեմբերի 10-ին մեկնաբանություն է գրել և իր աջակցությունը հայտնել Նավալնիին։ Ըստ լրատվականի՝ այդ օգտատերը միջադեպի մասնակիցներից մեկն է։
Հիշեցնենք, որ Նավալնին հայտարարել էր ՌԴ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, սակայն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր վերջինիս գրանցել որպես թեկնածու։ Դրանից հետո Նավալնին կոչ է արել բոյկոտել ընտրությունները:
Ալեքսեյ Նավալնին հայտնի է որպես կոռուպցիայի դեմ ակտիվորեն պայքարող ընդդիմադիր գործիչ։ Նա հետաքննություններ է անցկացնում և հանրությանն է ներկայացնում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական ձեռք բերված ունեցվածքը։ Նավալնու «Он вам не Димон» ֆիլմը, որում ներկայացվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ունեցվածքը, ունեցել է ավելի քան 25 միլիոն դիտում։