Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցիալական մեդիայի իր օգտահաշիվներում (Facebook, Twitter) տեղեկություն տարածեց, որ նույն օրը կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Թորոսյանը հայտնել էր, որ տուժածներ չկան:
🇦🇲🇦🇿 On Aug 15, at around 12:20 p.m., #Azerbaijan|i AF units discharged fire from fire_arms targeting the#EU observers🇪🇺 (@EUmARMENIA) patrolling in the vicinity of #Verin_Shorzha and their vehicle.
There are no casualties. pic.twitter.com/HfSJXZzEU9— Aram Torosyan (🇦🇲MOD) (@ToroseanAram) August 15, 2023
Ժամեր անց Եվրամիության դիտորդական առաքելությունը թվիթերյան իր միկրոբլոգում հերքեց այդ տեղեկությունը՝ պնդելով, թե «ԵՄ պարեկներից և ոչ մեկը չի թիրախավորվել»։
Ընդ որում, ԵՄ հայաստանյան գրասենյակը FALSE (ԿԵՂԾ) պիտակով արտատպել էր ՊՆ խոսնակի գրառումը։
Տեղեկությունն իր հերթին հերքեց նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ԵՄ դիտորդները նախապես տեղեկացնում են Բաքվին իրենց տեղաշարժի երթուղու և կոորդինատների մասին, ինչպես նաև տրամադրում են տվյալներ՝ մեքենաների համարանիշների ու մակնիշների մասին։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության այցերի մասին, այդ իսկ պատճառով միջադեպը, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում հնարավոր չէ»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
ՀՀ ՊՆ հայտարարությունը հերքող ԵՄ դիտորդական առաքելության համապատասխան թվիթերյան գրառման մեկնաբանությունում քիչ անց հայտնվեց տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ԵՄ դիտորդներից մեկը հայկական դիրքերից մեկում պատմում, թե ինչպես են ադրբեջանցիները թիրախավորել իրենց ու իրենց մեքենաները։
Տեսանյութը տարածվել է նաև հայկական տելեգրամյան ալիքներում։
Տեսանյութի տարածումից շատ չանցած ԵՄ դիտորդական առաքելության էջը հեռացրեց ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը հերքող գրառումը։
Փոխարենը, դիտորդական առաքելությունը թվիթերյան իր միկրոբլոգում մեկ այլ գրառում արեց՝ նշելով, թե ԵՄ «պարեկը ներկա է եղել իրենց պատասխանատվության գոտում եղած կրակոցների պահին»։
🆕CORRECTING STATEMENT:
We confirm that #EUMA patrol has been present to the shooting incident in our area of responsibility.❗️No #EUMA member was harmed.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 15, 2023
Այսպիսով, չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը շտապեց հերքել հայկական կողմի՝ դիտորդներին թիրախավորելու մասին հայտարարությունը, սակայն հայկական տեղեկատվական տիրույթում տարածված տեսանյութը փաստում էր հակառակի մասին։
Միևնույն ժամանակ, տեսանյութի տարածումից հետո առաքելությունը հեռացրեց իր հերքումը՝ ըստ էության հաստատելով, որ դիտորդների ներկայությամբ ադրբեջանական կողմը կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, վերջին գրառմամբ ԵՄ գրասենյակը չի հերքում, որ կրակոցի թիրախում եղել են ԵՄ դիտորդները՝ միաժամանակ հերքելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
Նանե Մանասյան