Հոկտեմբերի 14-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 1058 նոր դեպք: Դրական է եղել կատարված թեստերի 36․7 տոկոսը (2877 թեստավորում): Գրանցված դեպքերի թիվը առավելագույնն է Հայաստանի «կորոնավիրուսային վիճակագրության» մեջ:
«Փաստերի ստուգման հարթակը» համառոտ ներկայացնում է վերջին ամիսների կորոնավիրուսային վիճակագրությունը Հայաստանում։
Կորոնավիրուսի անկման շրջանը
Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը զգալի նվազեց: Ամեն օր գրանցվող դեպքերի թիվն այս ամիսներին չէր գերազանցում 300-ը։ Օրական 3 հազարից ավելի թեստերից դրական պատասխան ունենում էին 6-7 տոկոսը: Այս շրջանում լրատվականներում և սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում էր երկրում իմունիզացված բարիեր ստեղծելու թեզը, որն էլ ենթադրում էր կորոնավիրուսային հիվանդության նահանջ Հայաստանից։ Մյուս կողմից, դեպքերի թվի նվազումը բացատրվում էր հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։
Այս համատեքստում սեպտեմբերից երկրում վերսկսվեց կրթական հաստատությունների աշխատանքը: Համալսարանների պարագայում կայացվեց դասերը հիբրիդային եղանակով անցկացնելու որոշում, իսկ դպրոցների գործունեությունը վերականգնվեց ամբողջությամբ:
Սակայն այս հանգամանքը, ինչպես նաև սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը և թիկունքում կազմակերպչական աշխատանքներին ներգրավված մարդկանց կուտակումներն ավելի մեծացրեցին վարակի տարածման տեմպերը:
Վիրուսի երկրորդ ալիքը Հայաստանում
Սեպտեմբերի 24-ից սկսած՝ Հայաստանում օրական գրանցվող դեպքերի թիվը հասավ շուրջ 400-ի։ Հոկտեմբերի առաջին օրերից արդեն ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի 600 և ավելի դեպք։ Այսպես, հոկտեմբերի 14-ի դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 58,624 դեպք, փաստացի բուժում է ստանում մոտ 10,500 քաղաքացի: Ընդ որում, փաստացի բուժվողների քանակը առավելագույնը եղել է հուլիսի 6-ին՝ շուրջ 12 հազար վարակակիր:
Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 14-ին, գրանցված դեպքերի թիվը 107 էր, իսկ փաստացի բուժում ստանում էր 3075 քաղաքացի։ Այսինքն՝ մեկ ամսում երկրում փաստացի բուժվողների թիվն ավելացել է ավելի քան երեք անգամ։
Հիշեցնենք, որ վարակի առաջին ալիքի պիկը գրանցվել էր հունիս-հուլիս ամիսներին: Հունիսի մեկին գրանցված 210 դեպքի փոխարեն հունիսի 2-ին արձանագրվել էր վարակի 517 դեպք։
Անի Ավետիսյան