Այս տարվա գարնանը՝ ձմռան ամիսներին գրանցված որոշակի անկումից հետո, Հայաստանում սկսվեց կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, որը դեռ շարունակվում է՝ օրական գրանցվող 1000 և ավելի դեպքերով։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանում վարակվել է ավելի քան 200,000 մարդ, մահերի թիվը շուրջ 3740 է, ևս 955 անձ մահացել է «այլ հիվանդություններից»։ Ապրիլի 12-ի դրությամբ ապաքինվել է շուրջ 180 հազար մարդ։ Ապրիլի սկզբին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ արդեն շուրջ 500 անձի մոտ գրանցվել է կրկնակի վարակի դեպք։ Բացի այդ, Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր՝ բրիտանական շտամով վարակման դեպքեր։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել Հայաստանում կորոնավիրուսի համավարակի երեք ալիքները, դրանց առանձնահատկությունները և պետության գործողությունները։
Առաջին ալիքը
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքերի գրանցումից հետո՝ 2020 թ. մարտի 16-ին, հայտարարվել էր արտակարգ դրություն և տեղաշարժի սահմանափակումների ռեժիմ։ Կորոնավիրուսի առաջին ալիքի պիկը Հայաստանում սկսվեց մայիսի կեսերին և թուլացավ շուրջ երկու ամիս անց՝ հուլիսի կեսերից հետո, երբ օրական գրանցվող դեպքերի թիվը միջինում կազմում էր 400-500։ Ապրիլին գրանցված մահվան առաջին դեպքից մինչև օգոստոսի մեկը՝ չորս ամսվա ընթացքում, կորոնավիրուսից Հայաստանում մահացել էր շուրջ 750 մարդ։
Կորոնավիրուսի տարածման առաջին փուլում Հայաստանում առցանց ռեժիմի էին անցել ուսումնական հաստատությունները, փակվել էին ժամանցի կենտրոնները և դադարեցվել էր հանրային տրանսպորտի աշխատանքը։ Այս ընթացքում պարտադիր էին դարձել դիմակների կրումը, ինչպես նաև տեղաշարժման թերթիկները։
Կորոնավիրուսի երեք ալիքները Հայաստանում
Համավարակի առաջին ամիսներին կորոնավիրուսի տարածումից է՛լ ավելի մեծ ակտիվությամբ շրջանառվում էին վարակի վերաբերյալ ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը։ Աստիճանաբար, վիրուսի ուսումնասիրության և հատկապես մահվան դեպքերի աճին զուգահեռ, նվազեց նաև կորոնավիրուսին «լուրջ չվերաբերվողների» թիվը։ Այս շրջանում համացանցում տարածված ամենաաղմկահարույց կեղծ լուրերին կարող եք ծանոթանալ «Փաստերի ստուգման հարթակի» այս հոդվածներում։
- Հայկական կորոնավիրուսի սխտորն ու ապատեղեկատվությունը․ ամփոփ անդրադարձ
- Տաք ջուրը կորոնավիրուսից չի փրկում․ միֆն ու իրականությունը
Պատերազմ և կորոնավիրուս
2020-ի ամռանը Հայաստանում գրանցվող դեպքերի թիվը որոշակիորեն նվազեց: Սակայն Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող առաջին շաբաթներին կորոնավիրուսային համավարակը Հայաստանում հասավ իր պիկին։ Հոկտեմբերի կեսից Հայաստանում արձանագրվող օրական դեպքերի թիվը հասավ 2000-ի, կտրուկ աճեց նաև գրանցվող մահերի թիվը։
Պատերազմի ընթացքում գործող սահմանափակումները մոռացվեցին՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող տեղաշարժերը և Արցախից փախստականների մեծ հոսքը։ Մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հենց պատերազմի և դրան հաջորդող ամսվա ընթացքում։
Մասնավորապես, հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան շուրջ 1050 դեպք՝ առանց ներառելու կորոնավիրուսի առկայությամբ այլ հիվանդություններից մահերը։ Այս ընթացքում օրական գրանցվող մահվան դեպքերի թիվը հասավ 40-ի։ Կորոնավիրուսի առաջին և երրորդ ալիքների դեպքում մեկ օրում գրանցված մահերի առավելագույն ցուցանիշը 28 է։
Պատերազմի ավարտից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շատ էին նաև ռազմաճակատում։
Այս ընթացքում առավելագույնն էր նաև փաստացի բուժվող քաղաքացիների թիվը՝ շուրջ 40 հազար։ Համեմատության համար նշենք, որ ապրիլի 12-ի դրությամբ փաստացի բուժվում է շուրջ 16 հազար անձ։ Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ սոցիալական ցանցերի օգտատերերը գրեթե չէին անդրադառնում կորոնավիրուսային հիվանդությանը։
Հատկանշական է, որ կորոնավիրուսային համավարակի պիկի հիմնական «ժամկետները» Հայաստանում և աշխարհում չեն համընկնում։ Այսպես, աշխարհում օրական կտրվածքով կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը սկսեցին գրանցվել ամռան ամիսներին, երբ Հայաստանում ավարտվում էր առաջին ալիքի պիկը, իսկ երկրորդ ալիքի բռնկումը սկսվեց նոյեմբերի կեսերից հետո, երբ Հայաստանում նահանջում էր երկրորդ ալիքը։
Երրորդ ալիքը՝ մեկ տարի անց․ պատվաստանյութի սպասում
Կորոնավիրուսի դեպքերի կարճատև անկումից հետո 2021 թ. գարնանը՝ վարակի տարածումից շուրջ մեկ տարի անց, փաստացի, սկսվեց երրորդ ալիքը։ Համեմատած երկրորդ ալիքի՝ այս դեպքում օրական գրանցվող դեպքերի թիվը շուրջ 1000 է, մահերը՝ մինչև 25։
Այս փուլում Հայաստանի իշխանությունները փորձում են բացառել անցումը խիստ սահմանափակումների ռեժիմի՝ խուսափելով տնտեսությանը հասցվելիք հնարավոր վնասներից։ Մինչ օրս Հայաստանը ձեռք է բերել 15,000 դեղաչափ Sputnik V և 24,000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութեր՝ 19,500 անձի համար։ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանից պատրաստվում է ձեռք բերել շուրջ 1 միլիոն դեղաչափ։ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են նաև Հայաստանում Sputnik V պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու հարցը։
COVAX Facility նախաձեռնության շրջանակում Հայաստանը նախատեսում է ստանալ ինչպես AstraZeneca պատվաստանյութի հավելյալ դեղաչափեր, այնպես էլ նոր պատվաստանյութեր։ Ապրիլի 13-ին Հայաստանը սկսեց պատվաստումների առաջին շրջանը Երևանում, ապրիլի 14-ին՝ մարզերում։
Ամփոփելով՝ նշենք, որ կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկումը մտահոգություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում։ Հետագա ալիքների կանխումը մեծապես կախված է պատվաստումների լայնածավալ կիրառությունից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, համարում է, որ համավարակը դեռ հեռու է ավարտից։
Անի Ավետիսյան