2007 թվականին Երևանի Կոնդ թաղամասում բնակվող ավելի քան 100 բնակիչների տների տարածքները ճանաչվեցին պետական գերակա շահ: Բնակարանները քանդվեցին, իսկ ազատված 14.800 քառ. մետր տարածքը վաճառվեց: Անցել է ավելի քան 10 տարի, սակայն քաղաքացիների բնակվելու հարցը մինչ օրս լուծված չէ:
Բազմաթիվ բողոքի ակցիաների արդյունքում, 2014 թվականին ՀՀ նախագահի կառավարությանը տված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմներ: Կառավարությունը խոստացավ բնակարաններ տրամադրել «Դվին» հյուրանոցի տարածքում կառուցվող շենքում:
2015 թվականի մարտի 3-ին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանդիպելով քաղաքացիներին՝ հավաստիացրեց, որ շինարարությունը կտևի 1,5 տարի և բնակիչները վերջապես տուն կունենան:
Նախարարի հերթական խոստումից անցել է ուղիղ 2 տարի, սակայն շենքը կրկին գտնվում է կիսակառույց վիճակում (այժմ պատրաստ է միմիայն շենքի կմախքը): Արդյունքում արդեն 10 տարի է, ինչ չի լուծվում Կոնդում իրենց բնակարաններից զրկվածների խնդիրը: