Որևէ հանրային գործչի կամ կազմակերպության սոցցանցային էջում հրապարակման արձագանքների քանակն ու բնույթը ընկալվում են որպես նրանց վարկանիշի կամ ժողովրդականության ցուցանիշ։ Հետևաբար, նրանք հաճախ ձգտում են այս կամ այլ կերպ մեծացնել դրանց թիվը։ Այս արձագանքների քանակը արհեստական կերպով մեծացնելու տարատեսակ ճանապարհներ կան, որոնցից ամենատարածված մեթոդներն են վճարովի թիրախային գովազդը և կեղծ օգտահաշիվները։
«Փաստերի ստուգման հարթակը» մի քանի հոդվածներով ցույց է տվել, թե ինչպես են ֆեյք օգտահաշիվներով փորձում արձագանքների միջոցով («հավանում», «սրտիկ», «հա-հա» և այլն) այս կամ այն կարծիք ձևավորել ընթերցողի մոտ։
Դրա համար օգտվել էինք վճարովի ծառայությունից, որի «շնորհիվ» հնդկաստանցի հազարավոր կեղծ օգտահաշիվների միջոցով արհեստականորեն ավելացրել էինք մեր հրապարակումներից մեկի հավանումների թիվը։
«Հնդիկ ֆեյքերի» լայքերի գնման մասին տեսանյութի հղումը։
Սակայն այս ծառայությունները կարող են օգտագործվել ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիք ձևավորելու համար։ Եվ այս գործիքակազմը կիրառվում է ոչ միայն Հայաստանում։
Ամենավառ ապացույցը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ֆեյսբուքյան էջում գրառումներից մեկի արձագանքներն են։
Վերջինիս հրապարակումները սովորաբար ունենում են մինչև 20-25 հազար հավանում և ընդամենը մի քանի տասնյակ բացասական՝ ծաղրական կամ ջղային ռեակցիաներ։ Սակայն օրերս «Փառք հերոսին, փառք հերոսներին, փառք Ուկրաինային» (Слава Герою, Слава Героям, Слава Україні) գրառման արձագանքների թիվը մոտեցավ 100 հազարի։
Թվի նմանօրինակ տատանումը բավական կասկածելի թվաց, և ուսումնասիրելով դրանց բովանդակությունը՝ տեսանք, որ դրանց մեջ կան ավելի քան 9 հազար ծաղրական ռեակցիաներ։ Դրանք ֆեյք օգտահաշիվներ են, որոնց առնվազն ճնշող մեծամասնությունը Վիետնամից են:
Թե ո՞վ է կանգնած սրա հետևում՝ մեզ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով գրառման բովանդակությունը՝ կարող ենք պնդել, որ վիետնամական ֆեյքերի գրոհը կազմակերպվել է ռուսաստանցիների կամ ՌԴ գործողությունների աջակիցների կողմից։
Ուկրաինայի նախագահն իր գրառումն արել էր հայտնի տեսանյութի ի հայտ գալուց հետո, որում ուկրաինացի գերեվարված զինվորական Ալեքսանդր Մացիևսկուն գնդակահարում են այն բանից հետո, երբ վերջինս բացականչում է «Փա՛ռք Ուկրաինային»:
Սևադա Ղազարյան