«Հրապարակ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով հոդված էր հրապարակել։
««Հրապարակը» տեղեկություն ունի, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոնի թաղապետարանի շենքի վերանորոգման վրա»,- մասնավորապես, գրել էր թերթը` հոդվածում հղում անելով Երևանի քաղաքապետի հունվարի 31-ի կարգադրությանը, որով մրցույթի հայտում «մայթերի վերանորոգման՝ սալիկապատման» բառերը փոխարինվել էին «Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի վերանորոգման» բառերով։
Հրապարակումը տեղ էր գտել նաև «Հրապարակի» կայքում, որտեղ վերնագիրը հետագայում փոխվել էր, և պնդումը վերաձևակերպվել հարցի. «Քաղաքապետարանը սալիկապատման փողը կտրելու է տա կենտրոնի թաղապետարանի՞ն»։
Մամուլի հրապարակումը տեղ էր գտել մի շարք կայքերում՝ tert.am, 168.am, pastinfo.am, news.am, ankakh.com, zham.am և այլն։
Հոդվածին անդրադարձել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ գրելով, որ նյութը՝ սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն և փաստերի մանիպուլյացիա։ «Քաղաքապետի հունվարի 31-ի կարգադրությունը ոչ թե բյուջեի վերաբաշխում է՝ սալիկապատման փոխարեն վարչական շենքի վերանորոգում, այլև նախագծման մրցույթի (մոտ 350 հազար դրամանոց) հայտի մեջ կատարված տեխնիկական շտկում։ […] Ընդհանրապես, քաղաքի փողոցների սալիկապատման բյուջեն այս տարի աննախադեպ մեծ է՝ 636 միլիոն դրամ»,- գրել էր Կարապետյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք քաղաքի փողոցների սալիկապատման համար նախատեսված բյուջեում փոփոխություն եղել է, և որքա՞ն գումար է նախատեսվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքի վերանորոգման համար։
Կենտրոն վարչական շրջանի շենքի վերանորոգումը փողոցի մայթերի համար հատկացված միջոցների հաշվին չի արվի
Երևանի քաղաքապետարանից Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի վերանորոգման համար 2020-ին նախատեսվում է ուղղել 20 մլն դրամ: «Միջոցները կծախսվեն սանհանգույցների և աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը (բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակի)»,- ասված է պատասխանում։
Քաղաքապետարանից նաև պարզաբանում են, որ վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման համար Երևանի քաղաքապետարանի կողմից 2020 թ. հունվարի 20-ին հայտարարվել էր ընդամենը գնման ընթացակարգը։ Իսկ կարգադրության մեջ նշված Երևան քաղաքի փողոցների մայթերի վերանորոգման (սալիկապատման) եզրույթը հանդիսացել է տեխնիկական վրիպակ, որը ուղղվել է՝ Երևանի քաղաքապետի 2020 թ. հունվարի 31-ի կարգադրությամբ:
Ինչքա՞ն գումար է ուղղվել մայթերի վերանորոգմանը
Ինչ վերաբերում է Երևանի փողոցների մայթերի վերանորոգման աշխատանքներին, ապա քաղաքապետարանից նշում են, որ 2019 թ. դեկտեմբերի 11-ին, գնումների մասին օրենքի համաձայն, հայտարարվել է մրցույթ՝ համապատասխան աշխատանքները ձեռք բերելու համար։ Շուտով կկնքվի պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 49 մլն դրամ։
2020-ին Երևանում նախատեսվում է վերանորոգել 3800 քմ բետոնե, 100 քմ բազալտե և 50 քմ տրավերտինե սալիկներ, իսկ փողոցների մայթերի վերանորոգման ծրագրով միայն սալիկների վերանորոգման համար նախատեսվում է ծախսել 98 մլն դրամ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր, որ ընդհանրապես՝ քաղաքի փողոցների սալիկապատման բյուջեն այս տարի աննախադեպ մեծ է՝ 636 միլիոն դրամ։ Սակայն Երևանի 2020-ի բյուջեի համաձայն՝ մայրուղիների և փողոցների վերակառուցմանն ու հիմնանորոգմանն է ուղղվել 696 մլն դրամ (և ոչ 636 մլն դրամ), իսկ այս գումարից միայն 98 միլիոնն է ուղղվելու փողոցների սալիկապատմանը, մնացյալ գումարը տրամադրվելու է Արարատյան էստակադայի հիմնանորոգմանը և մի շարք մայթերի կառուցմանը։
Ի դեպ, 2017-ին 42 մլն դրամ էր ուղղվել քաղաքի փողոցների՝ 5250 քմ բետոնե սալիկներով վերանորոգմանը։ 2018-ին հատկացվել էր 32 մլն դրամ, որով տեղադրվել էին 5270.2 քմ բետոնե, 93.9 քմ բազալտե և 7.3 քմ տրավերտինե սալիկներ։ Իսկ 2019-ին 47 մլն դրամ բյուջեով վերանորոգվել են 3202 քմ բետոնե սալիկներ։ 2020-ին նախատեսվում է վերանորոգել 3800 քմ բետոնե, 100 քմ բազալտե և 50 քմ տրավերտինե սալիկներ, որի համար կծախսվի 98 մլն դրամ։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Հրապարակ» օրաթերթի հոդվածում տեղ գտած պնդումը, որ քաղաքապետարանը փողոցների սալիկապատման գումարն ուղղել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակի նորոգմանը, չի համապատասխանում իրականությանը։