Նախորդ շաբաթ «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամ ներկայացած 3 երիտասարդ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։
Նրանցից մեկը՝ Արման Ղուկասյանը, լրագրողներին հայտնեց, որ հավաքվելու պատճառը Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռեֆերենս բիոլոգիական լաբորատորիաներն են։ Ղուկասյանի խոսքով՝ այդ լաբորատորիաներն ունեն ռազմական նշանակություն և վտանգավոր են Հայաստանի համար, քանզի այնտեղ կարող է բիոլոգիական զենք արտադրվել։
Որպես հիմնավորում իր խոսքերին երիտասարդն ասաց․ «Այսպիսի լաբորատորիաներ գործում են աշխարհի ավելի քան 400 երկրում» և «իրենք բոլորը ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանության կողմից, Պենտագոնի կողմից»։
Դժվար է հստակ ասել, թե ո՞ր «400 երկրների» մասին է խոսում Ղուկասյանը, սակայն մեզ առայժմ հայտնի է ընդամենը 197 պետություն։
Նշենք, որ խնդրո առարկա լաբորատորիաները ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության կողմից: 1991 թվականին ստեղծված այդ գործակալության նպատակներից է կենսաբանական զենքերի և վտանգների տարածման կանխարգելումը:
Գործակալությունը Հայաստանի իշխանությունների հետ համագործակցում է 2000 թվականից, երբ մեր կառավարությունները ստորագրեցին Զանգվածային զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը:
Լաբորատորիաների ֆինանսավորման նպատակներից է ընդլայնել Հայաստանի ունակությունը հայտնաբերելու, ախտորոշելու և հաղորդելու անվտանգության համար մարտահրավեր հանդիսացող էնդեմիկ և համաճարակային, տեխնածին կամ բնական պաթոգենների և հիվանդությունների բռնկումների և բիոահաբեկչական հարձակումների մասին: Այդ կերպ, Միացյալ Նահանգները նվազեցնում են թե տարածաշրջանում և թե աշխարհում կենսաբանական զենքից և համաճարակներից եկող հնարավոր վտանգները:
Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն ֆինանսավորում է նշված լաբորատորիաները, որպեսզի օգնի Հայաստանին առավել արդյունավետ պայքարել էպիդեմիաների ու կենսաբանական զենքի տարածման դեմ, քանի որ դրանցից կարող է տուժել ողջ մարդկությունը:
Դրանք գիտական լաբորատորիաներ են, որոնք ենթարկվում են ՀՀ գյուղատնտեսոթյան ու առողջապահության նախարարություններին: Ավելին, դրանք նաև գույք են ստանում Ռուսաստանից, որը ևս շահագրգռված է էպիդեմիաների ու կենսաբանական զենքի տարածման դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմամբ:
Ու քանի դեռ վերջին օրերին Արման Ղուկասյանը նաև հայտարարում էր, որ այդ լաբորատորիաներում աշխատում են ԱՄՆ զինվորականներ, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, որ լաբորատորիաների աշխատակիցները բացառապես հայաստանցիներ են: Դրանց թվում չկան ամերիկացիներ (առավելևս՝ ԱՄՆ զինվորականներ):
Հավելենք, որ այս անձինք դեռևս նոյեմբերից են տարածում կենսաբանական զենքերի մասին ապատեղեկատվությունը, որը հիմանակնում հեռարձակվում է ռուսական ու պրոռուսական լրատվամիջոցների կողմից (օրինակ՝ armeniasputnik.am, geoclub.info, kavkazoved.info, openarmenia.com, verelq.am, regnum.ru, fondres.ru, eadaily.com, eurasianinfoleague.com, armsovereignty.com և այլն): Այս անգամ, սակայն, ապատեղեկատվության տարածմանը ակամայից միացան նաև պրոռուսական համբավ չունեցող ԶԼՄ-ներ՝ armtimes.com, panorama.am, tert.am և այլն։
Հավելենք, որ դեռևս հունիսի 12-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է ՀՀ Դատախազություն՝ խնդրելով հետաքննել և մեկընդմիշտ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այդ լաբորատորիաները կենսաբանական զենք արտադրում են, թե ոչ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև հրապարակել է փոքր զեկույց՝ անրադառնալով այս ապատեղեկատվությունը տարածողների մոտիվներին՝ գալով այն եզրակացության, որ նշված ապատեղեկատվական հրապարակումների հիմնական նպատակը հայաստանցիների աչքերում Ամերիկայի միացյալ նահանգների՝ «թշնամու» և «վտանգի», իսկ Ռուսաստանի Դաշնության՝ «անվտանգության երաշխավորի» ու «փրկարարի» կերպարի կերտումն ու խորացումն է: