Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտից հայկական մի շարք լրատվական կայքեր տեղեկացրեցին, որ վիրավորվել և գերի է ընկել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը:
«Հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին։ Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնվում։ Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները»,- տեղեկացրել էր politik.am-ը՝ հղում անելով Genc Bozqurdlar ֆեյսբուքյան էջին։
Տեղեկությունը վերահրապարակել ու տարածել էին մի շարք հայկական լրատվամիջոցներ։ Fip.am-ի հետ զրույցում, սակայն, Միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ «կենդանի գեներալ գերեվարված չէ»։
Նա կայքերին ևս մեկ անգամ հորդորեց ձեռնպահ մնալ ոչ պաշտոնական տեղեկություններ հրապարակելուց։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին և այսօր Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութեր, որոնցում երևում են ադրբեջանցի տասնյակ զինվորականների դիեր։
Նելլի Լազարյան