Եթե շտապում ես․ կարճ՝ նյութի մասին
- սոցցանցերում տարածվում է ինֆոգրաֆիկա այն մասին, թե Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրն է տարածաշրջանում։
- Իրականությունը այլ է․ Հայաստանի միջին աշխատավարձը միայն 5-րդն է նշված երկրների շարքում։
- Կեղծ ինֆոգրաֆիկան կազմվել է կասկածելի և ոչ պաշտոնական սերբական կայքի տվյալների հիման վրա։
Համացանցում ակտիվորեն շրջանառվում է մի ինֆոգրաֆիկա, որտեղ պատկերված են տարածաշրջանի երկրների միջին ամսական աշխատավարձերը։ Ըստ այդ գրաֆիկի՝ Հայաստանը հարևան 4 երկրների, ինչպես նաև Ռուսաստանի համեմատ ունի ամենամեծ միջին ամսական աշխատավարձը, ընդ որում՝ նշված է, որ ներառված չեն հարկերը։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ գրաֆիկում արտացոլված տվյալները, մեղմ ասած, ճիշտ չեն։
Նախ, գրաֆիկում նշված է, որ տվյալները վերցված են Numbeо կայքից։
Այս կայքից ամիսներ առաջ օգտվել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ FIP-ն այդ ժամանակ պարզել է, որ Numbeo-ն սերբական առցանց տվյալների շտեմարան է, որում ընդգրկված են երկրների տնտեսական որոշ ցուցանիշներ, մասնավորապես՝ սպառողական գների, անշարժ գույքի գների, ինչպես նաև կյանքի որակին վերաբերվող մի շարք այլ ցուցանիշներ։ Կայքի տվյալները պաշտոնական չեն և ցանկացած օգտատեր կարող է ավելացնել կամ փոփոխել այդ տվյալները։ Այսինքն, այստեղ ներկայացված տվյալները պաշտոնական չեն, իսկ դրանց կազմման մեթոդաբանությունը կասկածելի է։
Այժմ տեսնենք, թե ինչպիսին է գրաֆիկում հիշատակված երկրների միջին ամսական աշխատավարձերի իրական չափը։
Հայաստանում ամենաթարմ տվյալներով (2023 թ․ մայիս) միջին ամսական աշխատավարձը կազմում է 260 հազար դրամ կամ՝ առկա փոխարժեքով մոտ 670 ԱՄՆ դոլար։ Սակայն մաքուր աշխատավարձը (հարկերը հանած) կազմում է մոտ 192 հազար դրամ կամ մոտ $495։
Վրաստանում միջին ամսական աշխատավարձը 2023-ի առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 1716․6 լարի կամ $660։ Մաքուր աշխատավարձը կազմում է մոտ 1320 լարի կամ $506։
Ադրբեջանում հունիս ամսվա պաշտոնական տվյալների համաձայն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է 917 մանաթ կամ մոտ $540։ Մաքուր աշխատավարձը կազմում է մոտ 670 մանաթ կամ $395։
Թուրքիայում միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 23,000 թուրքական լիրա կամ մոտ 850 դոլար։ Մաքուր աշխատավարձը՝ 13,700 լիրա կամ $507։
Ռուսաստանում մայիս ամսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 72,850 ռուբլի կամ $810։ Մաքուր աշխատավարձը՝ 63,380 ռուբլի կամ $652։
Թեև Իրանի վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում մեզ չհաջողվեց գտնել միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ որևէ տվյալ, սակայն ըստ բաց աղբյուրների, որոնք հղում են անում Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալներին, երկրում միջին ամսական աշխատավարձը կազմում է 30 միլիոն ռիալ կամ մոտ $710։ Իսկ մաքուր աշխատավարձը՝ մոտ 24 միլիոն ռիալ կամ $570։
Ինչ վերաբերում է տարածվող գրաֆիկի սկզբնաղբյուրին, ապա այն առաջինը տարածել է Economy of Armenia տնտեսական ուղղվածությամբ տելեգրամյան ալիքը։
Եվ քանի որ այն հաճախ է տարածում պաշտոնական հաղորդագրություններ, կապ հաստատեցինք Էկոնոմիկայի նախարարության հետ՝ պարզելու, թե ինչ կապ կա ալիքի և նախարարության միջև։ Նախարարությունից հայտնեցին, որ տելեգրամյան ալիքն իրենց հետ որևէ առնչություն չունի և չնայած հաճախ է կիսվում նախարարության գործունեությանը վերաբերող լուրերով, սակայն չի համարվում նախարարության պաշտոնական ալիքը։
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքը կարող եք գտնել այս հղումով։
Այսպիսով փաստենք, որ ակտիվորեն շրջանառվող գրաֆիկը, որում իբրև ցույց է տրվում, թե Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ավելի բարձր է հարևան երկրների ու Ռուսաստանի հետ համեմատած, կեղծ է։ Առավել ևս, որ ըստ այդ գրաֆիկի՝ ներկայացված թվերը չեն ներառում հարկերը, այսինքն խոսքը «մաքուր աշխատավարձի» մասին է։ Ըստ իրական պատկերի, միջին աշխատավարձի չափով Հայաստանը թվարկված 6 երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն Ադրբեջանից։
Սևադա Ղազարյան