AntiFake.am կայքը «հետաքննական» հրապարակում էր պատրաստել Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի մասին։ Ըստ հրապարակման՝ գործարանը չնայած բացվել է նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն մինչև այժմ գրանված չէ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և, ըստ էության, գոյություն չունի։
Ի հակադրություն վերոնշյալ հրապարակման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակը հերքել էր ԶԼՄ-ներում տարածվող հրապարակման իսկությունը՝ այն ապատեղեկատվություն որակելով։ Հերքման հիմք էր հանդիսացել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որի մեջ նշվում էր, թե «շուկայում արդեն իսկ առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները և դրանք այս պահին ներկայացված են «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցում»։
Պարզելու համար, թե արդյո՞ք ի վերջո Մերձավան համայնքում կա կենցաղային տեխնիկայի արտադրության գործող գործարան, Fip.am-ի լրագրողն այցելեց գործարանի տարածք։ Այն գտնվում է Մերձավան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։
Գործարանի բացման միջոցառմանը 2018թ. դեկտեմբերի 5-ին մասնակցել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետի կայքում տեղ գտած մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանը պատկանում է «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ին։ Նշենք, որ այն տեղեկատվությունը, թե այս ընկերությունը գրանցված չէ պետական ռեգիստրում, չի համապատասխանում իրականությանը։ Այն գրանցվել է 2018 թվականի նոյեմբերի 30-ին։ Հետևաբար, թե՛ AntiFake.am-ը, թե՛ վերջինիս հրապարակումը տարածող լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել։
Ըստ ՊԵԿ-ի տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ն իրականացնում է անհայտ գործունեություն։
«1000 դրամների» հիմնադրամի կայքում չկա տեղեկություն ընկերության գրանցված աշխատողների քանակի մասին։ Հիշեցնենք, որ ըստ վարչապետի կայքում ներկայացված հրապարակման՝ գործարանը պետք է սկզբնական փուլում ունենար 70-80 աշխատատեղ։
Ստորև ներկայացնում ենք գործարանի տարածքի արբանյակային լուսանկարը՝ արված 2018 թվականի հուլիսի 9-ի դրությամբ։ Մեր այցելության արդյունքում պարզվեց, որ տարածքի արտաքին տուֆե պատնեշն ընդլայնվել է, որը կարելի է տեսնել կարմիր գծով։
Հատկանշական է, որ FIP.am-ի լրագրողի՝ գործարանի տարածք այցելության ժամանակ այնտեղ էր նաև Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանը։ Լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյո՞ք գործարանը ներկա փուլում կանոնավոր աշխատում է, տարածքը հսկող աշխատակիցը պատասխանեց, որ պետք է ճշտի տնօրինությունից, և լրագրողին գործարանի տարածքից դուրս հրավիրեց։ Մոտ հինգ րոպե անց նշյալ աշխատակիցը տեղեկացրեց, որ ոչինչ չի կարող հայտնել։
FIP.am-ի լրագրողը եղավ նաև «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի Ավանի սրահում՝ պարզելու, թե արդյո՞ք «շուկայում արդեն առկա են ընկերության արտադրության հեռուստացույցները»։ Պարզվեց, որ վերոնշյալ տեղեկատվությունը ևս չի համապատասխանում իրականությանը։ Խանութ-սրահում ներկայացված և գովազդվող «AD32M1100» մոդելի 81 սմ անկյունագծով հեռուստացույցների արտադրության երկիրը Չինաստանն է, սակայն տուփերի վրա առկա արաբերեն գրությունն արտադրանքի փաթեթավորման երկիր է ներկայացնում Հորդանանը։ Ոչ մի նշում չկա արտադրանքի հայկական ծագման մասին։ Սրահի մասնագետը փաստեց նաև, որ ապրանքը չինական արտադրության է, և նշեց, որ հայկական արտադրության հեռուստացույցներ չեն եղել և դեռևս չկան «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի և ոչ մի սրահում։
Ստացվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված հարթակի արձագանքը՝ կապված ԶԼՄ-ներում ընկերության՝ չգրանցված լինելու վերաբերյալ ապատեղեկատվության հետ, ճիշտ է, սակայն հարթակը, իր հերթին, հանդես է գալիս ապատեղեկատվությամբ՝ հիմք ընդունելով «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի պարզաբանումը։
Այսպիսով՝ ապատեղեկատվություն են տարածում թե՛ AntiFake.am-ը, թե՛ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, քանի որ փաստացի՝ «Այ Էմ Ջի գրուփի» գրանցման վկայական գոյություն ունի, սակայն շուկայում համապատասխան արտադրանք չկա։
Ի հավելումն նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նմանօրինակ տեղեկությունների տարածելը հակասում է կազմակերպության կանոնադրությանը, քանի որ ՊՈԱԿ-ը, ըստ կանոնադրության, նման գործառույթ իրականացնելու լիազորություն չունի։