Սեպտեմբերի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու երիտասարդ հետապնդում և հարցեր տալիս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Վերջինս, հիշեցնենք, քննում է Մարտի 1-ի քրեական գործը։ Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից երիտասարդներին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե արդյո՞ք Դանիբեկյանը պատկանում է «պատերի տակ վնգստացող դատավորների» շարքին։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ սույն դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով, իսկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ տեսանյութի մասնակից երկու տղաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը):
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից, դատարանը բավարարել է տեսանյութի երկու մասնակիցներին՝ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները։(Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանն ավելի վաղ դատապարտվել էր 4 տարի ժամկետով ազատազրկման՝ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց ապօրինի Հայաստան տեղափոխելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր 5 միլիոն դրամի գրավը, որը պետք է պահպանվեր այնքան ժամանակ, մինչ ուժի մեջ կմտներ դատարանի կայացրած որոշումը)։
Այս ընթացքում վերոնշյալ թեման քննարկման առիթ է դարձել թե՛ կառավարող ուժի, թե՛ ընդդիմության և թե՛ տարբեր հասարակական գործիչների համար։ Անդրադառնանք համացանցում շրջանառվող հիմնական թեզերին և մանիպուլյացիաներին։
Ի՞նչ տարբերություն փողոցում, թե՞ Ֆեյսբուքում
Չնայած դատավորի նկատմամբ դրսևորված անհարգալից վերաբերմունքը դատապարտող մեկնաբանություններին՝ Ֆեյսբուքում կարելի է հանդիպել նաև հակառակ կարծիքը. օրինակ՝ եթե նույն հարցադրումները երիտասարդները կատարեին ֆեյսբուքյան հարթակում, արդյո՞ք դա ևս կհամարվեր հանցագործություն։
Այստեղ հարկ է հստակ տարանջատել ազատ խոսք և հետապնդում հասկացությունները։ Տարածված տեսանյութը ակնհայտ վկայում է այն մասին, որ դատավորը ենթարկվում էր հետապնդման, իսկ դա, Քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն է․ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով» (ՔՕ հոդված 343)։
Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է
Ուշագրավ է նաև հարցի վերաբերյալ Մութաֆյանի և Օհանջանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի դիրքորոշումը։ Վերջինս դիմել է Շենգավիթի քննչական մարմնին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Նա հիմնավորել է իր դիմումը հետևյալ կերպ. «Նախ պետք է փաստել, որ վիճելի պահին Աննա Դանիբեկյանը հանդես չի եկել որպես դատարան՝ հետևաբար նրա գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող։ Այնուհետև՝ տղաները վերարտադրել էին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դատավորների վնգստոցի և փայտով խփելու մասով։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ դատավորներին վնգստացող անվանելը և փայտով գլխին խփելու խոսքերը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է, ապա պետք է մեղադրանք առաջադրեն ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, քանի որ տղաները վերարտադրել են վերջինիս արտահայտությունները»։
Այստեղ հարկ է արձանագրել, որ եթե Աննա Դանիբեկյանը չլիներ դատավոր, ապա չէր լինի նաև ճնշումը դատավորի վրա, հետևաբար պաշտպանի այն պնդումը, որ նա հանդես չի եկել որպես դատարան, անհիմն է։
Բացի այդ, տեսանյութում պարզ երևում է, որ Աննա Դանիբեկյանը գնում էր Շենգավիթի դատարան։ Այսինքն՝ այս միջադեպը խոչընդոտել է դատարանի աշխատանքային պարտականությունների կատարմանը։
Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, որ տղաները վերարտադրել են Նիկոլ Փաշինյանի խոսքերը և որ Նիկոլ Փաշինյանին ևս պետք է մեղադրանք առաջադրվի, ապա սա մեղադրանքի սխալ և մանիպուլյատիվ մեկնաբանություն է։ Մութաֆյանը և Օհանջանյանը մեղադրվում են հետապնդման եղանակով դատարանի գործունեությանը միջամտելու համար, և երիտասարդների փաստաբանի տարած զուգահեռները, հետևաբար, անհիմն են։
Նարեկ Մութաֆյանը քաղբանտարկյա՞լ է
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները միջադեպից հետո ողողել են Ֆեյսբուքը պնդումներով, որ Մութաֆյանն ու Օհանջանյանը «քաղբանտարկյալներ» են։
Նախ՝ հարկ է արձանագրել, թե ի՞նչ ասել է քաղբանտարկյալ։
Քանի որ Հայաստանը հանդիսանում է ԵԽ անդամ և ըստ այդմ՝ ստանձնել է մարդու իրավունքների պաշտպանության լուրջ պարտավորություններ, մենք հղում կտանք հենց Եվրոպայի խորհրդի սահմանմանը։ Ըստ այդմ՝ անձը կարող է համարվել քաղբանտարկյալ,
- եթե ազատությունից զրկումը կիրառվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ, մասնավորապես՝ մտքի, խղճի ու կրոնի ազատության, արտահայտվելու և տեղեկություն ստանալու ազատության, ինչպես նաև հավաքների ազատության խախտմամբ,
- եթե ազատազրկումը կիրառվել է միմիայն (purely) քաղաքական պատճառներով, որևէ հանցանքի կատարման բացակայությամբ
- եթե քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ ազատազրկման տևողությունը կամ ազատազրկման պայմանները չեն համապատասխանում անձի կողմից կատարված հանցանքին, որում վերջինս ճանաչվել է մեղավոր կամ կասկածվում է,
- եթե քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ այլ ազատազրկվածների հետ համեմատությամբ անձը պահվում է խտրական պայմաններում,
- եթե ազատազրկումը արդյունք է ակնհայտ անարդար դատաքննության, ինչն ունի քաղաքական շարժառիթներ
Անձը չի համարվում քաղաքական բանտարկյալ, եթե նա կատարել է
- բռնությամբ ուղեկցված հանցագործություն անձանց նկատմամբ, բացի այն դեպքերից, երբ նման հանցագործությունը արդյունք է անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության,
- ատելության հենքով պայմանավորված հանցագործություն անձի կամ շինության դեմ կամ անձը բռնության կոչեր է արել ազգային, էթնիկական, ռասայական, կրոնական կամ այլ հիմքերով պայմանավորված:
Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի արարքները չեն տեղավորվում քաղբանտարկյալ եզրույթի տիրույթի մեջ։ Այս արարքները բռնությամբ ուղեկցված և ատելության հենքով հանցագործություն են՝ պայմանավորված Քոչարյանի գործով դատարանի կայացրած որոշումներով։
Ո՞ւր էիք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները
Շահարկվում է նաև այն թեզը, թե ինչո՞ւ նախկինում դատավորների դեմ ճնշումների պարագայում նման բուռն արձագանք չեղավ։ Նշվում են, մասնավորապես, դատավորներ Դավիթ Բալայանի, Ալվինա Գյուլումյանի և այլոց դեպքերը։ Նման հայտարարություններով հանդես են գալիս թե՛ քաղաքական դաշտի ներկայացուցիչները, թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամները։ Հարկ է սակայն նշել, որ այս պնդումն այնքան էլ միանշանակ չէ։
2019-ի մայիսի 20-ին քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակել էին դատարանների շենքերը և թույլ չէին տվել դատավորներին մուտք գործել դատարաններ։ Արդյունքում գրանցվել էին մի քանի միջադեպեր, օրինակ՝ դատավոր Դավիթ Բալայանը, փորձելով դատարան մտնել պատուհանից, սայթաքել էր։
Դատարանների շենքերը շրջափակելու ակցիայից հետո դատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, իսկ դատախազությունը՝ ևս 4 դեպքի հետ մասին այդ հաղորդումները ներկայացրել էր ՀՔԾ։ Թեև այս հաղորդումներով քրեական գործեր չէին հարուցվել, այնուամենայնիվ, մանիպուլյատիվ է այն պնդումը, որ այն ժամանակ դատարանների նկատմամբ ճնշումը պատշաճ արձագանք չէր ստացել։
Ինչ վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքին, ապա վերջինս, համաձայն Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի (Դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմիններին և Բարձրագույն դատական խորհրդին), անմիջապես միջադեպի մասին տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և դիմել ոստիկանության։
Նախադեպայի՞ն միջադեպ, թե՞ ոչ
Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում է այն թեզը, որ Մութաֆյանի և Օհանջանյանի գործը կարող է նախադեպային դառնալ և որ հետագայում նման հոդված կարող է առաջադրվել նաև այլ անձանց։ Fip.am-ն ուսումնասիրեց դատական ակտերի փնտրման համակարգը (Datalex.am) և պարզեց, որ ՔՕ 343 հոդվածով կայացված դատական ակտերը քիչ չեն։
Այսպես՝ այս հոդվածով, որով հարուցվել է քրեական գործը, կա ընդհանուր առմամբ 21 դատական գործ, որոնցից 7-ը՝ հոդվածի երրորդ մասով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով), 8-ը՝ երկրորդ մասով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով), 2 քրեական գործ էլ հարուցվել է այս հոդվածի միաժամանակ երկու մասով, իսկ 3 քրեական գործ հարուցվել է հոդվածի՝ արդեն իսկ ուժը կորցրած առաջին մասով (1 քրեական գործի մասին տեղեկատվությունն ընդհանրապես հասանելի չէ)։
Իսկ ՔՕ 332 -րդ հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել Մութաֆյանին ու Օհանջանյանին, դատական ակտերի փնտրման համակարգում կա ընդհանուր առմամբ 8 քրեական գործ։
Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու առնչությամբ, ինչպես նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու առնչությամբ քրեական գործեր հարուցելու պրակտիկան գործում է, և Աննա Դանիբեկյանի հետ կապված գործը բնավ նախադեպային չէ։
Կարինե Կիրակոսյան