Ռուսաստանյան РБК լրատվական գործակալության եթերում Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը, անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքը արգելափակելուն, կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ է արել։
Փորձագետը պնդել է, թե 2020 թվականի նոյեմբերերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տրամադրել Ադրբեջանին։
«Այստեղ խոսքը երկու միջանցքի մասին է։ 2020 թվականին, երբ ստորագրվում էր համաձայնագիրը, խոսքը նրա մասին էր, որ ձևավորվում է միջանցք, որը կապում է Ղարաբաղը Հայաստանին՝ Լաչինի միջանցքը, և ձևավորվում է Զանգեզուրի միջանցքը, որը միացնում է Ադրբեջանը Նախիջևանին»,- ասել է Սոլոննիկովը։
Ափսոսանք հայտնելով, որ «Ադրբեջանին միջանցք տալու կետը» չի իրագործվել՝ նա նշել է նաև, որ այդ միջանցքի ստեղծումը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ այն «իրար կկապեր ՌԴ-ն, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ»։
«Փաստերի ստուգման հարթակը» քանիիցս անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանին միջանցք տալու Հայաստանի պարտավորության մասին կեղծ պնդումներին։
Հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը, միակ միջանցքը, որի մասին նշվում է, Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքն է։ 9-րդ կետում նշվում է միայն, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, իսկ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։
Շարունակելով արգելափակված միջանցքի թեման՝ Սոլոննիկովը պնդել է նաև, որ ադրբեջանական կողմից որևէ խախտում տեղի չի ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, և որ հարցի կարգավորումը երկկողմ՝ ռուս-ադրբեջանական տիրույթում է։
«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Դա ճանաչված է բոլորի՝ այդ թվում նաև ՌԴ-ի կողմից։ ․․․ ՌԴ-ն պետք է Ադրբեջանի հետ պայմանավորվի։ Նախագահների (Պուտինի և Ալիևի-խմբ․) երեկվա (դեկտեմբերի 12-ի-խմբ․) հեռախոսազրույցը շատ կարևոր է այս մասով։ Առաջին հերթին ՌԴ-ն պետք է խոսի Ադրբեջանի հետ, թե ինչպես է այդ երկրի տարածքում կարգավորվելու խաղաղապահների գործունեությունը։ Դա երկկողմ հարց է»,- ասել է փորձագետը։
Սոլոննիկովի պնդումը, թե հարցի կարգավորումը երկկողմ բնույթ ունի, մանիպուլյատիվ է․ նախ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պայմանավորվածությունները ամրագրող փաստաթուղթը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եռակողմ է։
Սրանից զատ, մանիպուլյատիվ է նաև պնդումը, թե ադրբեջանական կողմը որևէ խախտում չի արել, քանի որ նույն նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը սահմանում է՝ Լաչինի միջանցքով պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, և այն պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Այսպիսով, ռուսաստանցի փորձագետի պնդումը, թե եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորվել է Ադրբեջանին միջանցք տալ, կեղծ է։ Մանիպուլյատիվ են նաև նրա այն պնդումները, թե Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորումը երկկողմ հարց է, և Ադրբեջանն այն արգելափակելով որևէ խախտում չի արել․ հարցը կարգավորվում է եռակողմ համաձայնագրով, որում ամրագրված են Ադրբեջանի պարտավորությունը՝ ապահովել միջանցքով Արցախի ու Հայաստանի կապը։
Նանե Մանասյան