Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշյուքուր Փաշազադեն, ի պատասխան Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հռոմի պապի կոչին, պնդել է, թե ադրբեջանական կողմը «երբեք չի փակել այդ ճանապարհը»։
Դեկտեմբերի 22-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հղած նամակում Փաշազադեն ապատեղեկատվություն է որակել միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու Ամենայն Հայոց կաթողիկոսի պնդումները՝ նշելով, որ այն փակել են ռուս խաղաղապահները։ Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակցիան «խաղաղ է և խոչընդոտներ չի ստեղծում» Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։
«Հայկական կողմի, մասնավորապես Էջմիածնի պնդումները, թե իբր էկոակտիվիստների խաղաղ բողոքի ցույցը հումանիտար ճգնաժամ են առաջացրել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ գործում է մարդասիրական միջանցքը»,- նշել է Փաշազադեն:
Վերջինս հավելել է նաև, որ բողոքի ակցիայի վայրից տեսագրությունները ցույց են տալիս, որ «շտապօգնության մեքենաները, ինչպես նաև մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաներն ազատորեն շարժվում են ճանապարհով։ Մարդասիրական խնդիրների դեպքում Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների համար «թեժ գիծ» է ստեղծվել՝ իրենց դիմումներին օպերատիվ լուծում տալու համար»։
Մարդասիրական միջանցք չի գործում
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի պնդումները, որոնք բառացիորեն կրկնում են Բաքվի՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արտահայտած պաշտոնական դիրքորոշումը, կեղծիք են։ FIP.am-ն անդրադարձել էր դրանց՝ ցույց տալով, որ միջանցքով շտապօգնության մեքենաների և հումանիտար բեռների ընդամենը չորս անցումների մասին է հայտնի։
Այսպես, դեկտեմբերի 12-ից մինչ օրս միջանցքով տրանսպորտային միջոցների երթևեկության առաջին դեպքի մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 18-ին, երբ ադրբեջանական սոցցանցերում և ԶԼՄ-ներում ակտիվ շրջանառվող տեսանյութում երևում էր, թե ինչպես է ռուս խաղաղապահների՝ հումանիտար բեռներ տեղափոխող ավտոշարասյունն անցնում է Լաչինի միջանցքով։
Մյուսն արձանագրվել է դեկտեմբերի 19-ին, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Երևան։ Միջանցքով անցնելու երրորդ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 24-ին, երբ օրեր շարունակ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվեց ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։
Վերջին՝ չորրորդ դեպքը դեկտեմբերի 25-ին էր, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ընդամենը 10 տոննա մարդասիրական բեռ տեղափոխվեց Հայաստանից Արցախ։
Հավելենք, որ միջանցքի արգելափակումից առաջ Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք է տեղափոխվել Արցախ։
Հատկանշական է նաև, որ դեկտեմբերի 22-ին տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 21-ին թույլ չեն տվել անգամ խաղաղապահների ավտոշարասյանն անցնել Լաչինի միջանցքով։
Սրան զուգահեռ, պաշտոնական Ստեփանակերտը ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ միջանցքում երթևեկությունը վերականգնված չէ, իսկ Արցախը շարունակում է մնալ կատարյալ շրջափակման մեջ։
Ինչպես արդեն ներկայացվել է, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ է անցել Լաչինի շրջանը։ Սակայն 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը մնալու էր ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, որով էլ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
Նույն կետի համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
Արցախում հումանիտար ճգնաժամ է
Ի հակառակ հոգևորականի պնդումներին, թե Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը հայտարարել են, որ նկատվում է լայն սպառման մթերքների պակաս, ինչպես նաև կարևոր դեղամիջոցներ բացակայում են կամ սպառման եզրին են։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ տրանսպորտային ամբողջական, արդեն 15-օրյա շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:
Ադրբեջանում ապրող տասնյակ հազարավոր հայերի թեզը
Փաշազադեն պնդել է նաև, թե «բազմամշակութային Ադրբեջանում ավելի քան 30,000 հայ է ապրում, և Ղարաբաղի հայ բնակիչները նույնպես իրենց երկրի քաղաքացիներ են»։
Ադրբեջանում իբր հազարավոր հայերի գոյության մասին պնդումները նոր չեն։ FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող այս թեմային՝ ներկայացնելով, որ այդ տվյալների ճշմարտացիությունը հաստատող որևէ փաստ չկա։
Ըստ 2009-ին Ադրբեջանում անցկացված մարդահամարի, այդ երկրում բնակվում է 120,306 հայ։ Այս թիվը, սակայն, մոլորեցնող է, քանի որ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեն «հաշվել է» նաև Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գտնվող Արցախի բնակչությունը։ Ըստ նույն մարդահամարի՝ 120,089 հայ ապրում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այսինքն՝ հենց Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանում բնակվում է ընդամենը 217 հայ, որոնց մոտ կեսը՝ 104-ը, մայրաքաղաք Բաքվում։
Մինչև արցախյան հակամարտության սկիզբը Ադրբեջանում ապրել են մի քանի հարյուր հազար հայեր։ Ըստ 1979 թ. խորհրդային մարդահամարի՝ 352,410 հայ է բնակվել Ադրբեջանում՝ չհաշված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Նրանցից մոտ 216,000-ը՝ Բաքվում, 41,000-ը՝ Կիրովաբադում (Գյանջա) և 14,000-ը՝ Սումգայիթում։
Արցախի օրենսդրությամբ հանքերի շահագործումը թույլատրված է
Փաշազադեն նաև անդրադարձել է «բնապահպանների» պահանջին՝ նշելով, որ իրականությունն այն է, որ Ղարաբաղում անօրինական շահագործվում են ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, և Ադրբեջանի «ակտիվիստները» պահանջում են պայմաններ ստեղծել այդ հանքավայրերի մոնիտորինգի համար։
Արցախի իշխանությունները մշտապես պատրաստակամություն են հայտնել ներպետական օրենսդրության շրջանակում Ադրբեջանին և միջազգային հանրությանը ներկայացնել բոլոր այն միջոցառումները և մոնիթորինգի արդյունքները, որոնք կփաստեն, որ շահագործվող հանքերը որևէ բնապահպանական ռիսկեր չեն առաջացնում։
Դեկտեմբերի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունը ներկայացրել էր Կաշենի հանքավայր այցի պահանջի հետ կապված հարցը․
«…դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար: Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն առաջարկները, որոնց պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ բնապահպանների այց հանքավայր: Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով մուտք չեն գործել հանքավայր: Դրանից հետո նրանք սկսել են ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը»,— գրել էր Արայիկ Հարությունյանը։
Այսպիսով, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշյուքուր Փաշազադեի նամակը՝ ուղղված Հռոմի պապին, պարունակում է բազմաթիվ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ և ամբողջությամբ կրկնում է Ադրբեջանի քաղաքական իշխանության քարոզչական թեզերը։
Նելլի Լազարյան