Օրեր առաջ համացանցում շրջանառվում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գրառման լուսանկարը (screenshot), որում նախարարն իբր բազմաթիվ ուղղագրական սխալներ էր թույլ տվել:
Լուսանկարը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերի հայկական տիրույթում (նաև մամուլի օգնությամբ) և դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Որոշ ժամանակ անց Կրթության և գիտության նախարարությունը հերքում տարածեց՝ հայտարարելով, որ գրառումը կեղծվել է։ Այդուհանդերձ, ինչպես դա լինում է հաճախ, հասարակության գիտակցության մեջ մնաց ապատեղկատվությունը, այլ ոչ դրա հերքումը։
Թեման, սակայն, նորից արծարծվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին տված ասուլիսում, երբ վերջինս հայտնեց, որ տարածված լուսանկարը կեղծվել է ֆոտոշոփի միջոցով։
Ոչ թե ֆոտոշոփ, այլ ծրագրավորում
Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը իրոք կեղծվել է, սակայն ոչ թե ֆոտոշոփի միջոցով, այլ պարզ ծրագրային հնարքով։
Բրաուզերի Inspect element գործիքի օգնությամբ հնարավոր է փոփոխություն կատարել էջի HTML կոդում, որի արդյունքում բրաուզերը կցուցադրի ձեր փոփոխած տարբերակը։
Իհարկե, այդ փոփոխությունները վերանում են էջը թարմացնելուց հետո, սակայն փոփոխված հրապարակումը կարելի է screenshot անել, և ոչ ոք չի կարողանա, օրինակ, ֆոտոշոփի միջամտության հետքեր գտնել:
Այս եղանակով ֆեյսբուքում կարելի է կեղծել ցանկացած բան՝ լուսանկարի և գրառման փոփոխություն, ուրիշի անվան տակ կեղծ հրապարակում և այլն։
Ռաֆայել Աֆրիկյան