Սոցցանցերում տարածվում են տեղեկություններ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տպագրվել է «Իմ առաջին ատլասը» գիրքը, որում Արցախը ներկայացված է Ադրբեջանի կազմում:
Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր, «Ադեկվադ» միաբանության համակիր Ռուսլան Ասատուրյանը նոյեմբերի 18-ին արված գրառման մեջ նշել է. «2020 թվականի մինչև սեպտեմբերի 27-ը տպված գրքեր են։ Քարտեզի վրա Արցախ աշխարհը ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք։ Այս գիրքը տպագրված է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»:
Հրապարակումն ունի հարյուրավոր տարածումներ:
Նշենք, որ Ֆիլիպ Սթիլի «Իմ առաջին ատլասը» գրքի բնօրինակն առաջին անգամ տպագրվել է Մեծ Բրիտանիայում 1998 թվականին: Հայաստանում այն թարգմանվել և տպագրվել է 2020 թվականին: Հայերեն տարբերակի հրատարակիչը «Բուկինիստ» ընկերությունն է։
«Փաստերի ստուգման հարթակը» կապ է հաստատել «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ՝ պարզելու գրքի տպագրման մանրամասները: Նա մեզ հետ զրույցում հերքեց, որ գիրքը ԿԳՄՍ աջակցությամբ է տպագրվել: ««Բուկինիստը» ոչ մեկի աջակցությամբ ոչ մի բան չի հրատարակել: Դա սխալ ինֆորմացիա է»,- նշեց Վարդանյանը:
«Բուկինիստի» տնօրենը նաև տեղեկացրեց, որ գիրքը թարգմանություն է և քարտեզում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը որակեց վրիպակ. «Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է: Նրանց համար տարբերություն չկա, թե մենք ինչ էմոցիաներ կունենանք: Բացի այդ, օրենքով մենք իրավունք չունենք գրքում փոփոխություն անելու. հեղինակային իրավունքը նրանց է պատկանում»:
Խաչիկ Վարդանյանն ընդգծեց, որ ապագայում փորձելու են ինչ-որ կերպ ուղղել տեղի ունեցած վրիպակը:
Այսպիսով, համացանցում տարածվող տեղեկությունները, թե ԿԳՄՍ աջակցությամբ հրատարակվել է գիրք, որում Արցախը պատկերված է Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է, քանի որ «Իմ առաջին ատլասը» տպագրել է «Բուկինիստ» ընկերությունը՝ առանց որևէ համագործակցության:
Լուսինե Ոսկանյան