Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Հայ-առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։
Ինքը՝ արքեպիսկոպոսը, նախ ասաց, որ պաշտոնի որևէ ակնկալիք չունի, իսկ հետո հավելեց․ «Ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Ես Վեհափառ հայրապետին ու իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել։ Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այսօր հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Բագրատ արքեպիսկոպոսի դիմումին ընթացք է տրվել։
«Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։
Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ի՞նչ է նշանակում «սառեցնել հոգևոր ծառայությունը» և արդյո՞ք հնարավոր է ինչ-որ պահի դարձյալ վերադառնալ հոգևոր ծառայության։
Մեր հարցերին ի պատասխան, Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր հոգևորական կարող է դիմել իր վերադասին՝ հոգևոր ծառայությունը կասեցնելու խնդրանքով, իսկ երբ արդեն ցանկություն հայտնի, կարող է նորից դիմել իր վերադասին, և թույլտվություն ստանալով, վերադառնալ հոգևոր ծառայության։
Նկատենք՝ Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում Հայ-առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել է հոգևոր ծառայությունից քաղաքականություն անցնելու նախադեպ։
Տեր Հուսիկը (Գարուշ Լազարյան) Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցու քահանան էր: Կասեցնելով հոգևոր ծառայությունը՝ 1988-ին ակտիվորեն մասնակցել է արցախյան շարժմանը, 1992-ից զբաղեցրել է ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնը, ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Սակայն քաղաքական գործունեությունն ավարտելուց հետո նա հոգևոր ծառայության այդպես էլ չի վերադարձել։
Այսպիսով, ՀԱԵ կանոններով, հնարավոր է առժամանակ կասեցնել հոգևոր ծառայությունը, որի ընթացքում անձը պահպանում է եպիսկոպոսական կարգը, սակայն չի իրականացնում եկեղեցական և վարչական ծառայություն։ Այսինքն՝ այս դեպքում Բագրատ արք․ Գալստանյանը չի կարող համարվել Տավուշի թեմի առաջնորդ։ Միևնույն ժամանակ, նա դարձյալ կարող է վերադառնալ հոգևոր ծառայության, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը բավարարի նրա վերադարձի խնդրանքը։
Արփինե Հովհաննիսյան