Քաղաքացի Էդուարդ Հայրումյանին կարճ շալվար հագած լինելու պատճառով Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատ թույլ չտալու մասին հրապարակման մեջ Civic.am-ը մանիպուլյացիաներ է թույլ տվել՝ թյուրիմացության մեջ գցելով ընթերցողներին։
Իշխանական լրատվամիջոցը անդրադարձել է քաղաքացի Էդուարդ Հայրումյանի հետ կատարվածին, որին կարճ շալվար հագած լինելու պատճառով ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության №3 տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշել է պատժել՝ ուղարկելով վարժական հավաքի։
«…Զարմանալի է նաև, որ երկար տարիներ զինվորականների շրջանում բիզնես գործունեություն ծավալած անձնավորությունը տեղյակ չէ զինկոմիսարիատի տարածք համապատասխան հագուստով մուտք գործելու մասին, որն ամրագրված է պաշտպանության նախարարի հրամանով և հարգանքի նշան է զինվորական հաստատության նկատմամբ»,- գրել է Civic.am-ը առանց մեջբերելու կամ վկայակոչելու համապատասխան իրավական ակտը՝ ՊՆ հրամանը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ արդյոք կա Պաշտպանության նախարարի համապատասխան որոշում կամ հրաման։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը չի պատասխանել մեր հեռախոսազանգերին և հաղորդագրությանը, որը տեսել է։ Իսկ բաց աղբյուրներից էլ քաղաքացիների հագուստի ոճի հետ կապված Պաշտպանության նախարարի որոշում գտնել չի հաջողվել։ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում ՊՆախարարի հրամանների առանձին բաժին կա, սակայն դրանց ցանկում ՀՀ քաղաքացիներին պարտադրվող հագուստի ոճին վերաբերող որոշում չկար։ Այդ ցանկում կա պաշտպանության նախարարի 877-Լ հրաման՝ Հանրապետական զինվորական կոմիսարիատի և ենթակա տարածքային ստորաբաժանումների կողմից զինվորական հաշվառումը վարելու մասին։ Այս հրամանում պաշտպանության նախարարը պահանջներ ունի, սակայն դրանք չեն վերաբերում անձանց հագուստին կամ դրա ոճին։
Այսպիսով, եթե նույնիսկ Պաշտպանության նախարարության ենթակա ստորաբաժանումների մի որևէ գզրոցում գտնվի նման հրաման, միևնույն է, պատկան որևէ մարմին չի կարող, առանց համապատասխան իրազեկման, պարտադրել քաղաքացուն հագնվել ըստ իր ցանկության, և ավելին, դա չանելու դեպքում սպառնալ ուղարկել պաշտպանական վարժանքների։
Մյուս մանիպուլյացիան, որին դիմել է լրատվամիջոցը, պնդումն է, թե Հայրումյանը «ջանադրաբար» խուսափում է վարժական հավաքներից։
«Մեկ այլ շահարկում, որ տվյալ ռեպորտաժում անում է Էդուարդ Հայրումյանը՝ նշելով, թե նա օգոստոսի 1-ի դրությամբ դեռ փախստականի կարգավիճակ է ունեցել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Էդուարդ Հայրումյանը տարիներ շարունակ բնակվել է Երևանում ու բիզնես գործունեությունը ծավալել է ՀՀ մայրաքաղաքում (այսինքն ԼՂ-ից փաստացի բռնի տեղահանված չի կարող լինել) և փախստականի կարգավիճակ ունենալու հանգամանքը շահարկում է՝ վարժական հավաքից խուսափելու նպատակով», —գրում է լրատվամիջոցը։
Թեպետ ծնունդով Արցախից, Հայրումյանը 16 տարի ապրել է Հայաստանի Հանրապետությունում։ Այդուհանդերձ, «Ազատությանը» տված հարցազրույցում նա նշել է, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ (օգոստոսի 1-ի դրությամբ), փախստական է (ունեցել է 070 կոդով անձնագիր-հեղ․), հետևաբար, Հայրումյանի վերաբերյալ օգոստոսի 1-ին վարժական հավաքին մասնակցելու մասին որոշում ընդունելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության №3 տարածքային ստորաբաժանման ղեկավարությունը խախտել է ՀՀ օրենսդրությունը, ինչը լրատվամիջոցը անտեսել է։
Հասմիկ Համբարձումյան