ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում սկսել է հրապարակել կառավարության գրանցած ցուցանիշները՝ անդրադառնալով նաև նախորդ տարվա ցուցանիշներին: Դրանցից ինֆոգրաֆիկայի միջոցով պատկերված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը:
Նկարի աջ ստորին անկյունում գրված է. «2016-2017թթ․ արձանագրված արդյուքնները: Անասնապահություն 2.2% աճ, մսամթերքի արտադրություն 46.1% աճ, պահածոների արտադրություն 63.5% աճ, կոնյակի արտադրություն 39.4% աճ, գինու արտադրություն 29.2% աճ»: Հրապարակված թվերի արժանահավատությունը ստուգելու համար ուսումնասիրեցինք Ազգային վիճակագրական ծառայության նույն ժամանակահատվածի համար հրապարակված տվյալները: Պարզվեց, որ ԱՎԾ-ի և Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների մեջ կան տարբերություններ: Այսպես, ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ գինու արտադրության ծավալները 29․2 %-ի փոխարեն 30 % են, իսկ պահածոների արտադրության աճը իրականում 31․6 % է՝ 63.5%-ի փոխարեն:
Գյուղատնտեսության նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ առաջացած հակասության վերաբերյալ: Նախարարությունից փոխանցեցին, որ ներկայացված թվերից մեկում՝ գինու արտադրության ծավալների անվան տակ ներառվել են նաև շամպայնի արտադրության ծավալները և երկու արտադրատեսակների թվերի միջինացվածության արդյունքում է ստացվել 29,2 %, իսկ պահածոների արտադրության 63.5%-ը աճն արձանագրվել է վրիպակի հետևանքով: Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ 63․5 % աճը պահածոյացված պտուղ-բանջարեղենի աճն է, որը վերագրվել է ընդհանուր պահածոներին:
Առայժմ միայն գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ցուցանիշների ստուգմամբ կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի կառավարության արձանագրած հաջողությունները «սխալմամբ» մեծ են ներկայացվում: