Ուզբեկստանի Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում հունիսից մեկնարկել են բողոքի ակցիաներ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, որոնցով շրջանի կարգավիճակը նախատեսվում էր փոխել:
Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են զոհերի և վիրավորների մասին:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կարակալպակստանի պատմությունը՝ փորձելով հասկանալ լարվածության համատեքստը և առիթը։
Սահմանադրական փոփոխությունները Ուզբեկստանում
Ուզբեկստանում նախապատրաստվում են սահմանադրական փոփոխություններ, որոնցով գործող նախագահ Շավկաթ Միրզիյոևը հնարավորություն կստանա նորից առաջադրվել պաշտոնում, իսկ նախագահական լիազորությունների ժամկետը 5-ից կդառնա 7 տարի:
Սակայն երբ հունիսի վերջին հրապարակվեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, պարզվեց, որ փաստաթուղթը նոր անակնկալներ ունի:
Սահմանադրությունում բացակայում էր որևէ հիշատակություն Կարակալպակստանի մասին, դրա՝ կարգավիճակի կամ անկախության հանրաքվե անցկացնելու իրավունքի մասին: Այդպիսով, սահմանադրության առաջարկվող նախագծով Կարակալպակստանը զրկվելու էր ինքնավարությունից և դառնալու Ուզբեկստանի 13-րդ շրջանը:
Սա հանգեցրեց լայնածավալ բողոքի ակցիաների Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսիի փողոցներում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել է 18 մարդ, հարյուրավորները վիրավորվել են:
🇺🇿 #ShavkatMirziyoyev is trying to turn #Karakalpakstan into the 13th province of #Uzbekistan, depriving it of the right to remain the Autonomous Republic of Karakalpakstan. The reaction of the #Karakalpakpeople turned out to be lightning fast⚡️ pic.twitter.com/o7HwF07M3g
— Nadejda Atayeva (@AtayevaNadejda) July 1, 2022
Արդյունքում, հուլիսի 4-ին Ուզբեկստանի խորհրդարանը որոշեց սահմանադրության փոփոխությունների նախագծից հանել Կարակալպակստանն ինքնավարությունից և անկախության հանրաքվե անցկացնելու իրավունքից զրկելու մասին կետերը:
Այնուհանդերձ, մինչև օգոստոսի 2-ը տարածաշրջանում կգործի արտակարգ դրության ռեժիմ, ինքնավար հանրապետությունում համացանցը չի գործի: Արգելվել է նաև մուտքը Կարակալպակստանի տարածք:
Արևմտյան լրատվամիջոցներն արդեն իսկ կարծիք են փոխանցում, որ այս իրադարձություններն անդառնալի վարկանիշային վնաս են հասցրել նախագահ Շավկաթ Միրզիյոևին, որը նախորդ նախագահ Իսլամ Կարիմովի 20-ամյա կառավարումից հետո հանդես էր գալիս որպես ավելի ժողովրդավար և ռեֆորմիստ գործիչ:
Միջազգային արձագանքը
Նախկինում ԽՍՀՄ մաս կազմող Ուզբեկստանը 1999 թվականից դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, և չնայած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ սերտ համագործակցությանը՝ Տաշքենդը պաշտոնապես միության անդամ չի դարձել:
Կարակալպակստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուզբեկստանում, այդ երկրի ներքին գործն է:
ԱՄՆ պետդեպարտամենտը, իր հերթին, հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պահպանում է իր երկարամյա աջակցությունը Ուզբեկստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ «Մենք կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել բոլոր հիմնարար իրավունքները, ներառյալ խաղաղ հավաքների ու արտահայտվելու իրավունքը՝ Ուզբեկստանի միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշված է հայտարարությունում։
Կարակալպակստանի բարդ պատմությունը
Կարակալպակները թյուրքալեզու, իսլամադավան ազգություն են, որոնք մինչև ցարական Ռուսաստանի իշխանության հաստատումը ապրում էին Խիվայի խանության կազմում: Նրանց կյանքը սերտորեն կապված էր հարևան, ներկայիս ղազախ ժողովրդի հետ: Կարակալպակերենը, ինչպես և ղազախերենը, պատկանում է թյուրքական ընտանիքի ղփչաղյան խմբին, իսկ ուզբեկերենը պատկանում է կառլուկյան խմբին, որով խոսում են արևմտյան Չինաստանի ույղուրները:
Հատկանշական է նաև, որ Կարակալպակստանը Խորհրդային Միության կազմավորման առաջին տարիներին՝ 1924-1930 թթ., ներառված էր Ղազախստանի (Ի)ԽՍՀ կազմում: Դրանից հետո այն մտել է Ռուսաստանի ԽՍՀ կազմ, ապա, որպես ինքնավար հանրապետություն, ընդգրկվել Ուզբեկստանի Խորհրդային Հանրապետության կազմում:
1990թ. դեկտեմբերի 14-ին Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունը հայտարարեց անկախության մասին: 1991թ. արդեն, երբ Ուզբեկստանը հռչակեց իր անկախությունը, Կարակալպակստանի Հանրապետությունը ընդգրկվեց դրա կազմում որպես ինքնավար պետական միավոր: Ուզբեկստանի՝ 1993թ. ընդունված սահմանադրությունում ամրագրվեց ինքնավար հանրապետության իրավունքը՝ անկախանալու համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Ինքնավար հանրապետությունը ընդգրկվել էր Ուզբեկստանի կազմում 20 տարով, սակայն 2013թ.-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ որևէ բան այս հարցում չէր փոխվել:
Կարակալպակստանի բնակչությունը և տնտեսական դրությունը
Ներկայում Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, սակայն կարակալպակները կազմում են ընդհանուր բնակչության միայն 2.5 տոկոսը:
Կարակալպակստանը հարուստ է օգտակար հանածոներով, առկա են գազի, երկաթի, մարմարի և գրանիտի հանքավայրեր։
Հանրապետությունում զարգացած են գյուղատնտեսությունը, որն ընդգրկում է բամբակագործությունը, բրնձագործությունը, ինչպես նաև արդյունաբերությունը, մասնավորապես՝ էներգետիկայի, մետաղամշակման, սննդի և տեքստիլ ոլորտները:
2021 թվականի տվյալներով, Ուզբեկստանի արտահանման ընդհանուր ծավալում Կարակալպակստանին բաժին էր հասնում 2․5 տոկոսը, իսկ ներմուծման՝ ընդամենը 0․94 տոկոսը:
Էկոլոգիական աղետը
Մասամբ Կարակալպակստանում գտնվող Արալի աղի լիճը 1960-ականներին զբաղեցնում էր 68 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն հետագա տարիներին, բամբակագործության և բրնձագործության զարգացմանը զուգընթաց, լիճը սկսեց ցամաքել, քանի որ լճից դուրս եկող գետերը սկսել էին օգտագործվել ոռոգման և տնտեսական այլ նպատակներով: Ներկայումս այդ տարածքին սպառնում է անապատացում, իսկ տարածքում կուտակված աղի պաշարները, իրենց հերթին, վտանգավոր են, քանի որ աղի փոշիները վտանգում են շրջակա միջավայրը և մարդկանց առողջությունը:
Ուզբեկստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է լիճը վերականգնելու ծրագրերի մասին, թեև, մասնագետների պնդմամբ, դրա ամբողջական վերականգնումն անհնար է:
Լուսինե Ոսկանյան
Հակոբ Կարապետյան